Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ թողարկում՝ նվիրված Վարդան Հայրապետյանի 75-ամյակին

Ապրիլ 20,2024 23:11

Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ)  ընթերցասրահում կայացավ բանասեր և հերմենևտ Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդեսը։ Ներկա էին ամսագրի գլխավոր խմբագիր Արեգ Բայանդուրը, Վ․ Հակոբյանի հարազատներ, աշխատանքային ընկերներ, հյուրեր։ ՀԱԻ-ին խորհրդի անդամ Տորք Դալալյանը ողջունեց ներկաներին, կարևորեց Վ․ Հայրապետյանի ավանդը ներկայացվող հանդեսի կայացման գործում։

ՀԱԻ-ի «Армянский гуманитарный вестник» ամսագիրը հիմնադրվել է 2006 թվականին Վ․ Հայրապետյանի և ընկերների նախաձեռնությամբ ու նվիրումի շնորհիվ։ Ներկայացվող համարները կազմել են Լևոն Աբրահամյանը (Երևան), և Արմեն Գրիգորյանը՝ (Մոսկվա)։ Վ․ Հայրապետյանի մասին սկզբում խոսք ասաց պ.գ.թ., ԳԱԱ թղթ. Անդամ Լ․ Աբրահամյանը։ Առցանց ելույթ ունեցավ նաև Արմեն Գրիգորյանը Մոսկվայից։ Վ․ Հայրապետյանին ներկայացրեցին նաև  հատորների գրախոսներ, ռուս-հայկական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանն ու պատմաբան, բյուզանդագետ Մանե-Էրնա Շիրինյանը, աշխատակից «Разговоры о круглых и абсолютных числах» աշխատության համահեղինակ Արա Գուլյանը, վերջին շրջանի ընկերներից Արծրունի Սահակյանը, Էլզա Գուցունովան, մորաքրոջ որդին՝ Լևոն Հակոբյանը, այլոք։

Բոլորի խոսքում Վ․ Հայրապետյանը եղել է մեծ մտավորական, «խիստ» բանասեր։ «Армянский гуманитарный вестник» ամսագրի ներկայացվող համարի առաջին մասը ներառում է գիտնականի տեքստերի ընտրանին՝ հատվածներ նրա «Толкуя слово» գրքից և ավելի ուշ գրած դրա լրացումները։ Առանձին բաժնում ներառված էին Վ. Տոպորովի, Ս. Բոչարովի և Վ. Բիբիխինի ակնարկները երևանցի իրենց գործընկերոջ և նրա գիտական աշխատանքների մասին։ Հատորի մեջ ներառվել են Հայրապետյանի և նրա երեք համահեղինակների՝ Լ․ Աբրահամյան, Գ․ Առաքելյան և Ա․ Գուլյան, «Разговоры о круглых и абсолютных числах» աշխատանքից հատվածներ։ Համարի առաջին մասը եզրափակում են Վ․ Հայրապետյանի ազդեցությամբ ստեղծված ստեղծագործությունները և նրա ուսանողների՝ Լ․ Մելիքսեթյանի, Կիմա Վանեսկեղյանի, Անուշ Հովհաննեսյանի, Սեդա Այվազյանի հուշերը։

Համարի երկրորդ մասը ներառում է Վարդան Հայրապետյանի և ռուս նշանավոր բանասերներ Վ. Ն. Տոպորովի, Ս. Գ. Բոչարովի և Վ. Վ․ Բիբիխինի նամակագրությունը, ինչպես նաև կենսամատենագիտական նյութեր և գիտնականի հետ վերջին զրույցներից մեկի ձայնագրության սղագրություն: Նյութերի մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ։ Ընթացքում էկրանին ցուցադրվեցին երջանկահիշատակ մտավորականի լուսանկարներ՝ մենակ և մտերիմների հետ տարբեր ժամանակներում։

Զ․ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930