Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ երիկամի հյուսվածք են փոխպատվաստել մի պտղից մյուսին

Մայիս 01,2024 09:30

Ճապոնիայում վիրաբույժները երիկամի հյուսվածք են փոխպատվաստել առնետի մի պտղից մյուսին, որը ևս գտնվել է մոր արգանդում։ Հետազոտության հեղինակը՝ Տոկիոյի համալսարանի նեֆրոլոգ Տակասի Յոկոն նշել է, որ այդ վիրահատությունն առաջին քայլն է, որը թույլ կտա հասնել մարդու՝ երիկամների գործառույթներից զրկված, բայց զարգացող պտղին խոզի պտղի երիկամ փոխպատվաստելուն։

«Այս նախագիծն առաջինն է իր տեսակի մեջ։ Հետազոտողները նախկինում նման փորձեր կատարել են մարդկային սաղմի հետ՝ ներարկելով բջիջներ և հարպտղային ջրեր, սակայն սա առաջին դեպքն է, երբ արգանդում տեղի է ունենում օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստում»։

Մինչ պտղի ծնվելը փոխպատվաստված օրգանը հնարավորություն է ստանում աճելու և զարգանալու պտղի հետ միասին, և ծնվելուց հետո այն ավելի մեծ հավանականությամբ նորմալ կաշխատի և այդպիսով կնվազի օրգանիզմի կողմից մերժման վտանգը։

Իրենց հետազոտությունում Յոկոն ու գործընկերները մոդիֆիկացրել են առնետների գեները, որպեսզի վերջիններիս երիկամներում կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուց արտադրվի, ինչը թույլ կտա հետևել այդ սպիտակուցներին։
Այնուհետև նրանք առնետների սաղմից առանձնացրել են երիկամների կանաչ հյուսվածքները և աննշան ասեղի օգնությամբ ներարկել դրանք մոր արգանդում զարգացող 18 օրական պտղի մեջ։ Առնետների ձագերը ծնվել են հղիության սովորական ժամկետը լրանալուն պես։ Հյուսվածքն աստիճանաբար զարգացել է և երկուս ու կես շաբաթ անց երիկամները սկսել են մեզ արտադրել։

«Սա գրեթե նորմալ զարգացում է», -նշել է պրոֆեսոր Յոկոն։ Իհարկե, այս փորձն առաջին քայլն է, սակայն այն շատ կարևոր է, քանի որ պտղի հյուսվածքի փոխպատվաստման արդյունքում իմունային պատասխանի առաջացման հավանականությունն ավելի քիչ է, քան մեծահասակի հյուսվածքի ներմուծման դեպքում։

Մինչ այս գիտնականները փորձում էին գենետիկորեն մոդիֆիկացնել լիովին ձևավորված օրգանները։ Նախորդ ամիս ԱՄՆ-ում մեծահասակ մարդուն առաջին անգամ խոզի երիկամ են փոխպատվաստել։ ԱՄՆ-ի ու Չինաստանի վիրաբույժները նախկինում իրականացրել են գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սրտի փոխպատվաստում ողջ մարդուն, ինչպես նաև խոզի երիկամներ ու լյարդ էին փոխպատվաստել մի քանի հիվանդի, որոնց գլխուղեղն  այլևս չէր գործում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Nature

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031