Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր պայման է, որ վարչապետին անվստահության հայտնելու որոշման նախագծի մեջ նշվի նոր վարչապետի թեկնածուն. Վարդան Պողոսյան. «Հրապարակ»

Մայիս 10,2024 12:08
vardan poghosyan

Երկրում ստեղծված իրավիճակի, հնարավոր սցենարների շուրջ զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ:

– Ի՞նչ սցենարներ կարող են լինել, եթե Փաշինյանը կատարի հրապարակի պահանջը եւ հրաժարական ներկայացնի:

– Սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու դեպքում ամբողջ կառավարությունն է հրաժարական տալիս, բայց կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Նոր կառավարության կազմավորման գործընթացը սկսվում է վարչապետի ընտրությամբ: Դա կարգավորված է Սահմանադրության 149-րդ հոդվածով, որը սահմանում է, որ կառավարության հրաժարականն ընդունելուց հետո 7 օրվա ընթացքում ԱԺ խմբակցությունները, այսինքն՝ յուրաքանչյուր խմբակցություն առանձին վերցրած, իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու, որը պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե նման մեծամասնություն ձեռք չի բերվում, Սահմանադրությունը նախատեսում է ընտրության 2-րդ փուլ, եւ այդ ժամանակ առաջադրման իրավունքն ունենում է պատգամավորների 1/3-ը: Եթե 7-օրյա ժամկետը լրանալուց եւ վարչապետ չընտրվելուց հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, եւ այդ ժամանակ էլ հնարավոր չի լինում ընտրել վարչապետ, ապա ԱԺ-ն լուծարվում է, դրանից հետո գնում է արտահերթ ընտրությունների գործընթաց: Մենք նման իրավիճակ ունեցել ենք 2021-ին, երբ Փաշինյանը հրաժարական տվեց, եւ իր մեծամասնությունը դիտավորյալ կերպով իրեն չընտրեց, գնացին արտահերթ ընտրությունների ճանապարհով:

– Այսինքն՝ ՔՊ-ն չի տրոհվում, չի սատարում վարչապետի հնարավոր թեկնածուին, տեղի են ունենում արտահերթ ընտրություններ:

– Այո, հնարավոր է, որ կրկնվի 2021-ի սցենարը: Սա մի տարբերակն է, մյուս տարբերակը․ եթե վարչապետը հրաժարական չի տալիս, ապա Սահմանադրությունը նախատեսում է, որ պատգամավորների 1/3-ը կարող է սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Դա նոր ընթացակարգ է, սահմանված է Սահմանադրության 115-րդ հոդվածով: Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը կարող է ներկայացնել պատգամավորների առնվազն 1/3-ը, եւ պարտադիր պայման է, որ բացի վարչապետին անվստահության հայտնելու որոշումից, այդ որոշման նախագծի մեջ պետք է նշվի, թե ով պետք է լինի այդ վարչապետը: Սա, այսպես կոչված, կոնստրուկտիվ անվստահության քվեն է, այսինքն՝ բավարար չէ, որ պառլամենտում մեծամասնություն լինի վարչապետի դեմ, այլ անհրաժեշտ է նաեւ, որ պառլամենտում լինի նաեւ դրական մեծամասնություն վարչապետի նոր թեկնածուի նկատմամբ: Այսինքն՝ կոնկրետ մեր պայմաններում, եթե Փաշինյանին անվստահություն է հայտնվում, ապա անհրաժեշտ է, որ միաժամանակ ներկայացվի վարչապետի նոր թեկնածուն, եւ նոր վարչապետը պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մեր պառլամենտը բաղկացած է 105 պատգամավորից, այսինքն՝ գործող վարչապետին անվստահություն հայտնելու եւ նոր վարչապետի թեկնածու ներկայացնելու համար անհրաժեշտ է 53 ձայն, եւ քվեարկությունը լինում է միայն մեկը` մեկ քվեարկությամբ որոշում է ընդունվում, եթե 53-ը կողմ է քվեարկում, առ այն, որ հին վարչապետն այլեւս վարչապետ չէ, ընտրվում է նոր վարչապետ:

– Այսինքն՝ ընդդիմադիր խմբակցությունները պետք է աշխատեն իշխող խմբակցության հետ` ապահովելու այդ ձայները:

– Բացի նրանից, որ պետք է աշխատեն իշխանական խմբակցության հետ, այլեւ այդ խմբակցությունից մոտ 20 հոգի պետք է կողմ քվեարկի Փաշինյանի պաշտոնանկությանը, իսկ դրանից առաջ անհրաժեշտ է, որ պառլամենտական փոքրամասնությունն ունենա 1/3, որպեսզի կարողանա առաջադրել վարչապետի թեկնածու եւ այդ որոշման նախագիծը ներկայացնել:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031