Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ ՀՀ չի էլ եղել, ու հիմա ինչ-որ անհասկանալի մի կառույցից ժողովուրդը հիմնադրում է Հայաստանի Հանրապետությունն ու սահմանադրությունը. Վարդան Պողոսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2026 10:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ, որը գործող սահմանադրության հեղինակներից է:

– Չեմ կարող չհարցնել՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ մայր օրենքի սրբագրումը քաղաքական սակարկությունների ներքո է կատարվում, ճի՞շտ եմ հասկանում:

– Միանշանակ: Սահմանադրու­թյան այս նախագիծն առնվազն նախաբանի ու առաջին հոդվածի իմաստով Ալիեւի սահմանադրություն կարելի է կոչել, որովհետեւ հենց Ալիեւի պահանջով է նախաբանը փոխվել, նախաբանից հանվել է Անկախության հռչակագրին հղումը, առաջին հոդվածով էլ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նոր-նոր հիմնադրվում է, այսինքն՝ այս նոր սահմանադրության ընդունմամբ: Առաջին հոդվածի 2-րդ մասն ասում է՝ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է այսինչ նպատակներն իրականացնելու համար: Հարց է առաջանում․ իսկ մինչ այդ Հայաստանի Հանրապետություն չի՞ հիմնադրվել: Իսկ եթե մենք նախաբանից հանում ենք Անկախության հռչակագրին կատարված հղումը, որով ՀՀ-ն դարձել էր ինքնիշխան, անկախ պետություն, ապա ստացվում է, որ ՀՀ չի էլ եղել, ու հիմա ինչ-որ անհասկանալի մի կառույցից ժողովուրդը հիմնադրում է Հայաստանի Հանրապետությունն ու սահմանադրությունը: Նախաբանն ու առաջին հոդվածը հանգիստ կարելի է ալիեւյան սահմանադրություն անվանել, իսկ մնացածը՝ նիկոլական սահմանադրություն, որովհետեւ այն բոլոր ապօրինությունները, որոնք նա կատարել է այս տարիների ընթացքում, հիմա փորձում է նոր սահմանադրությամբ լեգիտիմացնել:

– Այս նախագծով ԱԺ-ն երբ կուզի, ինքնալուծարման կգնա ու շատ արագ: Այսինքն՝ երբ ուզեն, ընտրությո՞ւն կանեն:

– Ես հիմա չեմ ուզում մանրամասն անդրադառնալ կարգավորումներին: Իրականում, ինքնալուծարման մեջ ինչ-որ արտառոց բան չկա: Եթե ԱԺ-ում կա մեծամասնություն՝ 50 տոկոս + 1 ձայն, ու եթե իրենք իրական են, կարող են ամեն վայրկյան գնալ ինքնալուծարման, բայց այլ մեխանիզմներով: Այսօրվա գործող սահմանադրությամբ կարող են վարչապետի հրաժարականի դեպքում երկու անգամ վարչապետ չընտրել ու դրանից հետո ավտոմատ գնալ նոր ընտրությունների: Ընդհանրապես, ԱԺ լուծարումը խորհրդարանական համակարգում տարբեր մոդիֆիկացիաներով այդպես է կարգավորված, եւ ես դրանում արտառոց բան չեմ տեսնում, բայց արտառոց բան եմ տեսնում, օրինակ, ԱԺ ընտրություններից հետո կառավարության ձեւավորման մեխանիզմի մեջ, որն իրենք ուզում են մտցնել: Ամենայն հավանականությամբ, նրանք մինչեւ հիմա չեն հասկացել, թե գործող սահմանադրությունն ինչ է հասկանում կայուն մեծամասնության ներքո, կառավարության ձեւավորման ինչ մեխանիզմ է նախատեսել: Իրենք հիմա մի անհեթեթ կարգավորում են նախատեսել՝ 30-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով, որտեղ, ըստ էության, առանց հասկանալու, մեկը մյուսի հետ խառնելով՝ վերցրել են գործող սահմանադրության համապատասխան 89-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, խառնել են ու ստացել են, որ սկզբից ԱԺ ընտրություն պետք է տեղի ունենա, հետո` եթե մեծամասնություն չի լինում, կամ արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունները չեն կարողանում կոալիցիա ձեւավորել, անցկացնում են նոր ընտրություն: Նոր դրանից հետո ասում են, որ կայուն մեծամասնության սկզբունք պետք է գործի, հետո ինչ-որ անհասկանալի երկրորդ փուլ են դնում, որը որ կոնտեքստից լրիվ դուրս է, եւ ասում են, որ այդ ժամանակ նոր կայուն մեծամասնություն պետք է ձեւավորվի: Իսկ գործող սահմանադրությամբ ամեն ինչ հստակ կարգավորված էր: Բայց սահմանադրական տեխնիկայի խախտման կանոններն ինձ հիմա չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է երկու բան՝ որ Անկախության հռչակագիրը հանելով՝ մենք ենթարկվել ենք Ալիեւի կամքին, եթե սա դառնա սահմանադրություն: Մյուս հոդվածներով Փաշինյանը, ըստ էության, անձնական դիկտատուրա է սահմանում: Բայց, ի տարբերություն այսօրվա իրավիճակին, սահմանադրությանը համապատասխանող դիկտատուրա է դա, քանի որ ինքը դատական իշխանության անկախության երաշխիքներն ամբողջությամբ վերացնում է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30