Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոստացումը՝ օգտակար զբաղմունք նրանց համար, որոնք ունեն այգի և բնությանն օգնելու ցանկություն

Մայիս 23,2024 09:30

Աղբի տեսակավորումն ու վերամշակումը բնապահպանության ու հանրային առողջապահության կարևոր խնդիրներից մեկն է, և ցանկալի է, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա այդ խնդրի թեթևացման հարցում։ Աղբի տեսակավորումն ու վերամշակումը սոսկ պլաստիկին, ապակուն ու թղթին չի վերաբերվում․ սննդի մնացորդներն ու բնական թափոնները ևս երկրորդ կյանք ստանալու մեծ պոտենցիալ ունեն։

Շրջակա միջավայրի խնդիրների թեթևացմանն ուղղված գործողություններից մեկն էլ կոմպոստացումն է ՝ որոշ մթերքների բնական վերամշակման եղանակը։ Հայտնի է, որ սննդի մնացորդները կոմպոստացվելու դեպքում ոչ միայն բեռնաթափում են աղբը, այլև հարստացնում հողը օգտակար սննդանյութերով։ Ուստի կոմպոստացումն ուղղակի և անուղղակի ազդեցություն է գործում կենդանիների, մարդկանց առողջության վրա և բարելավում է շրջակա միջավայրի վիճակը,  քանի որ՝

  • Նվազեցնում է աղբավայրերում առաջացող ջերմոցային գազերի քանակը։
  • Նվազեցնում է քիմիական պարարտանյութերի օգտագործման անհրաժեշտությունը։
  • Բարձրացնում է գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը։
  • Նպաստում է բուսականության վերականգնմանը՝ բարձրացնելով հողի որակը։
  • Նպաստում է հողի վերականգնմանը վնասակար թափոնների ազդեցությունից հետո։
  • Նպաստում է հողի խոնավության ավելի երկար պահպանմանը։
  • Նվազեցնում է մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը։
  • Հողի որակի բարելավման արդյունքում մթերքները հարստանում են անհրաժեշտ սննդանյութերով, ինչն ուղղակի ազդեցություն է գործում մարդկանց առողջության վրա։

Կոմպոստի բաղադրիչները

ԱՄՆ գյուղնախարարության տվյալներով՝ կոմպոստ ստանալու համար անհրաժեշտ են այս 4 բաղադրամասերը՝

  • կանաչ զանգված (ազոտի բարձր պարունակությամբ),
  • գորշ զանգված (ածխածնի բարձր պարունակությամբ),
  • խոնավություն (ջուր),
  • թթվածին (օդ)։

Միասին այս բաղադրիչները մանրէների, սնկերի ու այլ օրգանիզմների համար պարարտ միջավայր է ստեղծում օրգանական նյութերը ճեղքելու համար։ 

Կանաչ զանգված

Կանաչ զանգվածի հիմքում ազոտով հարուստ օրգանական բաղադրիչներ են, որոնք ապահովում են կոմպոստի ամինաթթուներն ու սպիտակուցները։ Կանաչ նյութը կարող է ներառել՝ 

  • մրգերի ու բանջարեղենի մնացորդներ, կեղևներ, սերմեր,
  • սուրճի մրուր,
  • խոտակեր կենդանիների գոմաղբ,
  • հացի մնացորդներ, փշրանքներ,
  • պատրաստված բրինձ ու մակարոնեղեն,
  • կանաչի ու համեմունքներ,
  • ընդեղենն ու դրանց կճեպները,
  • ձվի մանրացված կճեպը (բայց ոչ ձվի դեղնուցը կամ սպիտակուցը) և այլն։

Գորշ զանգված

Գորշ զանգվածը ներառում է ածխածնով հարուստ բաղադրամասեր, որոնք են՝

  • չորացած տերևներ,
  • չոր խոտ ու ծղոտներ,
  • ծառի ճյուղեր,
  • փայտի թեփ,
  • ստվարաթուղթ,
  • փայտի մոխիր,
  • մանրացված թերթ,
  • սենյակային բույսեր,
  • ծաղիկներ,
  • թեյ, թեյի փաթեթներ և այլն

Ի՞նչը չի կարելի կոմպոստացնել

Հիշելու համար, թե որ մթերքներն է կարելի կոմպոստացնել, բավարար է իմանալ, որ կոմպոստացման համար անվնաս են այն մթերքները, որոնք ստացվում են հողից, հետևաբար կոմպոստացման ենթակա չեն կենդանական ծագման, ինչպես նաև արհեստական ճանապարհով ստացված մթերքները, այդ թվում՝ 

  • կենդանիների միս, ոսկորներ, ճարպ ու կաշի,
  • կաթնամթերք,
  • ձվի դեղնուց ու սպիտակուց,
  • ընտանի մսակեր կենդանիների արտաթորանքը,
  • վերամշակված փայտանյութ,
  • հիվանդ ծառեր և ճյուղեր,
  • կոմպոստի մեջ խորհուրդ չի տրվում նաև ավելացնել սոխ ու սխտոր, քանի որ դրանք կարող են վանել անձրևաորդերին։

Ինչպե՞ս պատրաստել

Կոմպոստացման մի քանի եղանակներ կան․ այդ գործընթացը կարող է զբաղեցնել մի քանի շաբաթից մինչև մեկ տարի՝ կախված շրջակա միջավայրի ջերմաստիճանից ու կոմպոստի բաղադրամասերից։

Կոմպոստ պատրաստելու համար հարկավոր է՝

  • Վերցնել որևէ մետաղյա կամ պլաստիկե տարա՝ կափարիչով,
  • մի քանի անցք բացել տարայի կողքերին ու հատակին՝ թթվածնի հասանելիությունն ապահովելու համար,
  • տարան տեղադրել հարթ մակերեսին՝ չոր ու մութ վայրում, որի մոտակայքում կա ջուր,
  • կոմպոստացումը սկսել 1 բաժին կանաչ զանգվածի և 3 բաժին գորշ զանգվածի հարաբերակցությամբ։ Կանաչ և գորշ զանգվածները պետք է ավելացնել շերտ-շերտ՝ ըստ անհրաժեշտության խոշոր կտորները մանրացնելով։
  • կանաչ շերտերի վրա ավելացնել մի քիչ ջուր։

Ստացված զանգվածը պետք է խառնել շաբաթը մեկ անգամ։

Երբ կստացվի մուգ շագանակագույն, չոր և փխրուն զանգված, կոմպոստը պատրաստ է և կարող է օգտագործվել այգում կամ բակում` հողը պարարտացնելու համար։ 

Կոմպոստը չպետք է սուր կամ տհաճ հոտ ունենա․ այս խորհուրդները կօգնեն լավ արդյունքի հասնել։

  • Եթե խառնուրդը շատ թաց է կամ տհաճ հոտ ունի, ավելացրեք մի փոքր կանաչ զանգված ու խառնեք բահով՝ զանգվածը թթվածնով հարստացնելու համար։
  • Եթե կոմպոստային զանգվածը շատ չոր է ու չի քայքայվում, ավելացրեք կանաչ զանգված ու մի փոքր ջուր։
  • Կանաչ թափոնների վրա չպետք է շատ ջուր ավելացնել․ զանգվածը պետք է խոնավ լինի, ոչ թե թաց։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031