Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդի կարգավիճակով մասնակցելու մերժմամբ խախտվել էին տեղեկություններ ստանալու իրավունքները

Մայիս 23,2024 13:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով շեշտել է, որ ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումները, այն դեպքում, երբ ազատ արտահայտվելու իրավունքն առնչվում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի, ենթակա են առանձնահատուկ հիմնավորման, այն իմաստով, որ այդպիսի սահմանափակումների հնարավորությունը շատ քիչ է: Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»՝ իրենց գործով սահմանափակողը եղել է ՀՀ ազգային ժողովը:

2024 թվականի ապրիլի 5-ին Վարչական դատարանը վճռեց հայցվոր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի՝ բավարարել, ոչ իրավաչափ ճանաչել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: 2024 թվականի մայիսի 8-ին ՀՀ ազգային ժողովը բողոք է ներկայացրել վարչական վերաքննիչ դատարան:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Դատավոր Աննա Դիլբարյանի 2023թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել էր վարույթ:

Հայցվոր հասարակական կազմակերպությունը դատարանին հայտնել էր, որ 2023 թ. հոկտեմբերի 31-ին դիմել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին՝ խնդրելով ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ դիտորդի կարգավիճակով:

Հայցվորը նշել է. «ՀՀ ազգային ժողովի նախագահի 2023 թ. սեպտեմբերի 8-ի Կ-239-Ա կարգադրության համաձայն հաստատվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի 2023 թ. նոյեմբերի 19-ի դրությամբ թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը, ձեւավորվել է մրցութային խորհուրդ: Մրցութային խորհրդի որոշումներով հաստատվել են թեկնածուի գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը եւ մասնակցի գնահատման հարցաթերթը, ինչպես նաեւ մրցույթի անցկացման կարգը: Նշված կարգի համաձայն՝ մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ փաստաթղթային ստուգում եւ հարցազրույց: Հարցազրույցի փուլը տեսաձայնագրվում է: Հրապարակման է ենթակա միայն հարցազրույցի օրվա, ժամի եւ վայրի վերաբերյալ տեղեկատվությունը: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», հավատարիմ լինելով իր առաքելությանը եւ պարբերաբար իրականացնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն մարմիններում աշխատակազմի նշանակման եւ առաջխաղացման թափանցիկության եւ օրինականության մշտադիտարկում, ցանկություն է հայտնում մասնակցելու նշված մրցույթին՝ որպես դիտորդ: Ելնելով վերոնշյալից, խնդրում ենք պատասխան նամակով տեղեկացնել հարցազրույցի օրվա եւ ժամի վերաբերյալ, ինչպես նաեւ ապահովել ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին՝ դիտորդի կարգավիճակով»:

2023թ. նոյեմբերի 9-ին փոստային առաքմամբ հայցվորը ստացել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանի կողմից հասցեագրված գրությունը, որով մերժվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով դիտորդի կարգավիճակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի ապահովման խնդրանքը: Մերժումը հիմնավորվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցույթի կազմակերպման եւ անցկացման» կարգի 14-րդ կետի դրույթով, ըստ որի՝ բացի տվյալ պահին հարցազրույցին մասնակցող հավակնորդից, այլ անձանց չի թույլատրվում ներկա գտնվել հարցազրույցի անցկացման սենյակում: Միեւնույն ժամանակ տեղեկացվել է, որ Խորհուրդը հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաեւ հարցազրույցի անցկացման օրը, ժամը եւ վայրը հրապարակում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում:

Կազմակերպությունը կրկին դիմել է ՀՀ ազգային ժողովին՝ խնդրելով ապահովել ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը: Ի պատասխան՝ 2023թ. նոյեմբերի 21-ին դարձյալ փոստային առաքմամբ հայցվորը ստացել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանի ստորագրությամբ գրությունը, որով կրկին անգամ մերժվել է ԹԻՀԿ ներկայացուցչի մասնակցության վերաբերյալ դիմումը: Ըստ Ազգային ժողովի կայքում հրապարակված հայտարարության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, ժամը 10:00-ին Ազգային ժողովում:

ԹԻՀԿ-ն հղում էր կատարել, մասնավորապես, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, վերահաստատելով իր պնդումը, որ դիտորդի կարգավիճակով իրենց ներկայացուցչի մուտքի ապահովման մերժումն անհիմն է եւ ոչ իրավաչափ:

Հայցվոր կազմակերպությունը գտնում էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին դիտորդի կարգավիճակով մասնակցելու մերժմամբ «խախտվել են իրենց ՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու եւ ստանալու ՀՀ հիմնարար իրավունքները, քանի որ պատասխանողը, Սահմանադրությամբ պաշտպանության ենթակա համապատասխան օբյեկտ, ինչպես նաեւ համապատասխան սահմանափակումը օրենքով նախատեսված չլինելու պայմաններում, սահմանափակել է խնդրո առարկա մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքը»:

Պատասխանող ԱԺ-ն (ներկայացուցիչ Մարի Ստեփանյան) իր առարկմամբ հղում էր կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մի քանի հոդվածներին, 3-րդ հոդվածին, համաձայն որի՝ տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փետրելու եւ դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է: Նույն օրենքի նույն հոդվածի համաձայն՝ տեղեկությունն անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներն է՝ անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից (էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ): «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն’ 1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը: (…) 3. Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում»:

Ըստ ԱԺ ներկայացուցչի՝ «Տվյալ դեպքում հայցվորն իր գրությամբ պատասխանողին խնդրել է պատասխան նամակով տեղեկացնել հարցազրույցի օրվա եւ ժամի վերաբերյալ, ինչպես նաեւ ապահովել հայցվորի ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ մասնակցելու Հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին՝ դիտորդի կարգավիճակով»:

Պատասխանողն իր պատասխան գրությամբ, չխախտելով հայցվորի տեղեկություններ փնտրելու եւ ստանալու իրավունքը, տեղեկացրել է, որ հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաեւ հարցազրույցի անցկացման օրը, ժամը եւ վայրը խորհրդի կողմից հրապարակվում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում: Իսկ Հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին դիտորդի կարգավիճակով մուտքի ապահովման առնչությամբ Պատասխանողը տեղեկացրել է, որ Կարգի 14-րդ կետի համաձայն՝ բացի տվյալ պահին հարցազրույցին մասնակցող հավակնորդից, այլ անձանց չի թույլատրվում ներկա գտնվել հարցազրույցի անցկացման սենյակում:

Օրենսդիրի առարկմամբ՝ տեղեկատվության ազատության, մատչելի եւ հանրային լինելու պայմանը չի կարող դիտարկվել բացարձակ եւ պայմանավորված անձի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության ապահովման անհրաժեշտությունից, տեղեկատվության ազատության, մատչելի եւ հանրային լինելու հանգամանքը կարող է սահմանափակվել: Այսինքն, նշվածի սահմանափակումը պայմանավորված է օրինաչափ նպատակով:

Այնուամենայնիվ, դատարանը բավարարել է կազմակերպության հայցապահանջը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031