Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ինքնիշխանությունը իրականություն դարձնելու հարցում Հայաստանի շանսը Եվրասիական ինտեգրման մեջ է. Տիգրան Սարգսյան

Մայիս 26,2024 22:21

«Այսօր բոլորը քննարկում են ազգային ինքնիշխանություն հասկացությունը։ Պետք է ընդհանրապես հասկանալ, գլուխ հանել՝ ի՞նչ բան է այդ ազգային ինքնիշխանությունը, ինչի՞ է այն պետք և ինչպե՞ս պետք է իրականություն դարձնել այն։ Եթե այդ ազգային ինքնիշխանությունը անհրաժեշտ է սեփական զարգացման գործընթացը կառավարելու նպատակով, այսինքն երբ դուք կայացնում եք ինքնուրույն որոշումներ և ինքնուրույն կերպով գծագրում եք ձեր զարգացման հեռանկարները, ապա այդ պարագայում հարց է բարձրանում՝ իսկ ինչպիսի՞ որոշումներ ենք մենք կայացնում այսօր, որոնց արդյունքում առաջանում են բարենպաստ պայմաններ Հայաստանի ինքնիշխան զարգացման համար։

Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհում այսօր։ Իսկ այսօր աշխարհում տեղի է ունենում հետևյալը՝ ձևավորվում են տարածաշրջանային միավորումներ, որոնց ինտեգրվելու շնորհիվ պետությունները հնարավորություն են ձեռք բերում իրականացնելու իրենց ազգային ինքնիշխանությունը։ Այս հարցը պարզեցնելն ու հասկանալի դարձնելը կարևոր է, որպեսզի ազգային ինքնիշխանություն հասկացությունը զերծ մնա քաղաքական սպեկուլյացիաներից»,- Մոսկվայում կայացած «Հայկական Բիզնես Ֆորում -2024» միջոցառման ժամանակ համոզմունք հայտնեց «Եվրոպական զարգացման բանկի» կառավարման փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:

Ըստ բանախոսի, Հայաստանի համար այսօր ի հայտ է եկել յուրօրինակ շանս՝ իր ազգային ինքնիշխանությունը իրականություն դարձնելու գործում, և դա հնարավոր է անել Եվրասիական ինտեգրման միջոցով։  Հայաստանի Հանրապետության  նախկին վարչապետի կարծիքով, հիշյալ ինտեգրացման շնորհիվ Հայաստանին պատմական շանս է բաժին հասել՝ կայացնելու որոշումներ, որոնք կձևավորեն երկրի ապագան։

«Եվրասիական միությունում այսօր որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ է նշանակում դա։ Այսինքն՝ առանց Հայաստանի ձայնի, առանց հաշվի առնելու Հայաստանի շահերը 180 միլիոնանոց շուկային վերաբերող որոշումներ չեն կարող ընդունվել։ Հենց դա է սեփական ինքնիշխանությունը իրականացնելու յուրօրինակ գործիքը»,-վստահեցրեց Տիգրան Սարգսյանը։

Ներկաների համար խորը, սակայն մատչելի լեզվով վերլուծության ենթարկելով ապագայի համաշխարհային ֆինանսական շուկաների զարգացման հեռանկարները, պարոն Սարգսյանը մատնանշեց, որ ցանկացած պետության և հասարակության համար շարժիչ ուժ է հանդիսանում նոր գիտելիքների, այլ ոչ թե ապրանքների արտադրությունը։ Այսինքն՝ մոտակա տասնամյակում մրցակցությունը կլինի հենց այն ոլորտում, որը կապված է նոր գիտելիքների արտադրության հետ։ Եվ բնականաբար, առաջնահերթ կլինի այն ենթակառուցվածքների արդիականացումը, որը թույլ է տալիս զարգացնելու նոր գիտելիքների արտադրությունը և դա հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվելու, թե որտեղ պետք է կատարել նպաստավոր ներդրումներ։

«Գաղտնիք չէ, որ Չինաստանը այսօր առաջ է անցել ԱՄՆ-ից այն բանի շնորհիվ, որ պոլիտեխնիկական կրթությունը հասցրել է ամենաբարձր մակարդակի և, մասնագետների գնահատմամբ, այդ ոլորտի չինական կրթությունը  համարվում է լավագույնը աշխարհում։ Արմայիս Քամալովը այստեղ իր ելույթում շատ ճիշտ կերպով նկատեց, որ Հայաստանը Սովետական Միության ժամանակ հայտնի էր իր գիտական պոտենցիալով։ Այսօր էլ մենք պետք է ուշադրություն դարձնենք հենց այդ ուղղության վրա և ներդրումներ կատարենք այդ ոլորտում։ Դա մեզ լուրջ առաջընթաց գրանցելու հնարավորություն կտա։ Պետք է հիշել, որ այսօրվա կապիտալը հիմնականում ձևավորվում է նոր տեխնոլոգիաների ոլորտում»,- ներդրումների հարցում գործարարների ուշադրությունը ճիշտ ուղղությամբ կողմնորոշող խորհուրդներ առաջարկեց Տիգրան Սարգսյանը։

Ըստ նրա, փոքր Հայաստանը, իր փոքր շուկայով ի վիճակի չէ լուծելու նոր, որակյալ թվային կապիտալ ձևավորելու և իրացնելու հարցերը, սակայն ինտեգրվելով եվրասիական 180 միլիոնանոց շուկային ունի  յուրահատուկ շանս մասշտաբայնացնելու հայկական որոշումները։ Հենց այդ տեսանկյունից տնտեսական փոխհարաբերությունները Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի հետ դառնում են պահանջված, քանի որ Հայաստանը՝ հանդես գալով Եվրասիական Միության դիրքերից, հնարավորություն ունի լավագույնս իրականացնելու իր ֆինանսա-տնտեսական պոտենցիալը։

«Իրական ֆինանսական կենտրոն դառնալու համար, իսկ այդ նիշան աշխարհում այսօր բարձր և լուրջ մրցակցային փուլում է գտնվում, Հայաստանը պետք ուշադրություն դարձնի համաշխարհային ֆինանսական շուկայի և վճարման համակարգերի զարգացման զարգացումների վրա ու իր համար որոշի՝ թե ի՞նչ նոր խոսք կարող է ասել ինքը տվյալ համակարգում։

Տեսեք թե ինչ է տեղի ունենում Եվրասիական միության ֆինանսական շուկայում։ Ռուսաստանը և Ղազախստանը արդեն փորձարկել են իրենց թվային փողերը։ Ինչպիսին կլինի հեռանկարը, դեռ դժվար է ասել, սակայն բնականոն առաջընթացը կանգնեցնել հնարավոր չէ։ Ի հայտ են գալիս թվային փողեր, որոնցից արդեն այստեղ նստածներից շատերը օգտվում են, քանի որ, բնականաբար, ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց ֆինանսական ակտիվները։ Մենք տեսնում ենք, որ բանկային համակարգի ապագան այնպիսին, ինչպիսին մենք ճանաչում ենք, ապահովագրված չէ, քանի որ տրանսֆորմացիայի արդյունքում բանկերը վերածվում են էկոհամակարգերի։ Բանկերը ստիպված են լինելու իրենց հաճախորդներին տրամադրելու մեծ քանակությամբ թվային ծառայություններ։ Այս ֆոնին, եթե Հայաստանը համարձակություն ունենա հայտարարելու, որ պատրաստ է դառնալու նման ֆինանսական կենտրոն, ապա պետք է պատրաստ լինի ամենաառաջինը ֆինանսա-տեխնիկական ինտելեկտուալ պոտենցիալի մեջ ներդրում կատարելու»,-ամփոփեց Տիգրան Սարգսյանը։

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031