Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանր վիճակ է, ամաչում եմ մարդկանց աչքերին նայել». Ամբողջությամբ ջրածածկ եղած Քարկոփ համայնքի ղեկավարը SOS է հնչեցնում

Մայիս 27,2024 14:54

Դեբեդ գետի վարարման հետեւանքով ամբողջովին ջրածածկ է եղել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրը: Aravot.am-ի հետ զրույցում Քարկոփ համայնքի ղեկավար Հերմինե Պետրոսյանը նշեց, որ գյուղացիները մի կերպ են փրկվել աղետից. «Չենք հասցրել անգամ հագուստ, դեղորայք ու անհրաժեշտ պարագաներ վերցնել, այնքան սարսափելի վիճակ էր, որ խուճապի մեջ մարդիկ մտածում էին միայն փրկվելու մասին»:

«100 տնտեսություն ունեցող մեր բնակավայրը շատ-շատ է տուժել… Երբ գիշերը գետը սկսեց հունից դուրս գալ, ամեն ինչ ջրածածկ եղավ, ոչինչ չէր երեւում: Սարսափելի վիճակ էր, խուճապի էինք մատնվել: Մեր գյուղի տղաները կարողացան տների երկրորդ-երրորդ հարկերից 280 բնակիչ տարհանել: Փրկարար ծառայության աշխատակիցները չէին կարողանում մուտք գործել գյուղ, որովհետեւ ամբողջովին կամուրջը փլուզվել էր»,-ասաց Քարկոփ համայնքի ղեկավարը:

«Հիմա էլ իջել եմ գյուղ, որ տեսնեմ ՝ինչ է կատարվում, աննկարագրելի սարսափելի իրավիճակ է: Տների առաջին հարկերն ամբողջովին տիղմի մեջ են, չեմ կարողանում պատշգամբից մուտք գործել տուն, որ իմանամ՝ ներսում ինչ է կատարվում: Ավտոտնակները փլուզվել են, բոլոր այգիները ջրի տակ են, կոյուղի չունենք, ջուր չունենք, համակարգերը լրիվ խցանվել են, իսկ հոսանք միացնելը, բնականաբար, վտանգավոր է: Հնարավոր չէ բնակվել գյուղում: Ամբողջ գյուղը տարհանված է, մարդիկ ժամանակավորապես ապաստանել են Ճոճկանում, Այրումում, Մեծ Այրումում եւ Ախթալայում: Երկու կողմից կամուրջները փլուզված են, մենք կտրված ենք արտաքին աշխարհից: Ջուրն այնքան շատ էր, որ մտածում էինք՝ կարող է շենքերը փլուզվեն»,-հավելեց Հերմինե Պետրոսյանը:

«Շատ կուզենամ, որ բոլոր կառույցները ուշադրություն դարձնեն մեր բնակավայրին, որովհետեւ, իմ կարծիքով, գյուղը պետք է զրոյից կառուցվի, այն ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է տուժել: Փաստացի հնարավոր չի երկրորդ-երրորդ հարկերում ապրել, չունենք ջրահեռացման համակարգ, ջուր, լույս, հնարավոր չէ փողոց դուրս գալ, փողոցները քանդված են, տիղմի մեջ կորած… Ծանր վիճակ է, ամաչում եմ մարդկանց աչքերին նայել»,-ասաց Քարկոփ համայնքի ղեկավարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031