«Ռուսաստանը մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, որի պարագայում լաստանավի կարիքն այլեւս չի եղել։ Լաստանավը վարձակալված է եղել, հիմա դրա կարիքը չկա»,- կառավարության նիստից հետո ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին եւ հարցին, թե ի՞նչ եղավ լաստանավային երթուղին գործարկելու ծրագիրը։
«Մեր տնտեսվարողները շարունակում են օգտվել այդ ճանապարհից եւ շարունակում են այդ ճանապարհը համարել ավելի նախընտրելի՝ թեկուզ հերթերի պայաններում։ Իմ կարծիքով՝ այդ հերթերն առաջիկայում կքչանան, եւ այդ խնդիրը կլուծվի»,- ասաց Պապոյանը։
«Օրիգինալ Տրանսպորտ Գրուպ» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Լարսի անցակետում մեծ հերթերը շարունակվում են։ Երեկվա դրությամբ ռուսական կողմում կուտակված էր 4600 բեռնատար։ Ըստ փոխադրողի՝ հերթերը հենց ռուսական կողմում են, քանի որ կտրուկ ավելացել է մարդատար մեքենաների թիվը, իսկ մաքսավորները առաջնահերթ սպասարկում են մարդատարները։ Վրացական կողմում, ըստ Վարուժան Քոլյանի, հերթեր չկան, հայկական բեռնատարները մեկ օրում անցնում են անցակետը։
Անդրադառնալով Գեւորգ Պապոյանի հայտարարությանը, որ փոխադրողները լաստանավից չօգտվեցին, բեռնափոխադրող ընկերության տնօրենն ասաց․ «Իրենց լաստանավը ֆո՞ւռ էր տեղափոխում, թող այդ հարցին պատասխանեն։ Իրենց վարձակալած լաստանավն ընդամենը կոնտեյներ էր տեղափոխում: Եթե դեպի Նովոռոսիյսկի նավահանգիստ ֆուռ տեղափոխեր, մարդիկ կօգտվեին։ Այսինքն՝ ի սկզբանե արեցին մի բան, որն իրականում պիտանի չէր»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ