Կառավարությունն այսօր փոփոխություններ կատարեց ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» որոշմամբ 2024 թվականի մարտի 12-ին հայտարարվել էր կենսաչափական անձնագրերի եւ ազգային նույնականացման քարտերի տրամադրման ծառայություններ ստանալու համար մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ասաց, որ հայտ էին ներկայացրել հինգ միջազգային առաջատար ընկերություններ, որոնք միջազգային ասպարեզում բիոմետրիկ անձնագրերի, նույնականացման քարտերի եւ նորարական լուծումների տեսանկյունից ունեն բավական հարուստ փորձառություն։ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի որակավորման փուլի հայտարարության արդյունքում որակավորել են երեք արտասահմանյան՝ երկու գերմանական, մեկ ֆրանսիական թեկնածուներ։ Բուն մրցույթի ժամանակ այս երեք ընկերություններից պետք է ընտրվի մեկը։
«Այս փուլն արդեն ամենակարեւոր փուլն է, սխալվելու իրավունք չունենք, պետք է գծագրենք այնպիսի առաջարկի հարցում, որը կբավարարի մեր բոլոր կարիքները։ Որակավորված հայտատարուների հետ այս պահին քննարկում ենք ենթակառուցվածքների հետ կապված հարցերը, այսինքն՝ որտե՞ղ պետք է ծառայությունը մատուցվի, որտե՞ղ պետք է լինի սերվերային տնտեսությունը, որտե՞ղ պետք է իրականացվի արտադրական գործընթացը։ Սա նաեւ ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության տրամաբանության մեջ կարեւոր հենասյունային ուղղություն է, եւ մենք բիոմետրիկ փաստաթղթերի ու տվյալների անվտանգության բաղադրիչի շրջանակներում անվտանգային այնպիսի կանոններ ենք նախատեսում, որոնք կբավարարեն բարձր ստանդարտներին։ Կարեւոր ընդգծում եմ ուզում անել՝ ծառայությունների մատուցման տեսանկյունից մեզ համար շատ կարեւոր է նաեւ այն մթնոլորտը, որտեղ այս ծրագրի շրջանակներում ի վերջո պետք է այս ծառայությունը մատուցվի մեր քաղաքացիներին։ Այդ ծառայություններն այս պահին մատուցվում են ոստիկանության շենքերում անձնագրային ծառայություններին հատկացված գրասենյակների միջոցով, որը, մեղմ ասած, չի բավարարում հանրային ծառայությունների մատուցման այն ստանդարտին, որը մենք ուզում են տեսնել ՀՀ-ում։ Հետեւաբար, պայմանագրի շրջանակներում գրասենյակները կլինեն մասնավոր գործընկերոջ կողմից ձեռք բերված գրասենյակներ, որոնք տեղակայված կլինեն ոչ ոստիկանական շենքերում եւ կունենան սպասարկման որակին համահունչ պայմաններ»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց․ «Մենք կունենանք անձնագրեր եւ նույնականացման քարտեր, որոնք հնարավորություն են տալու ՀՀ քաղաքացուն սահմանն անցնել, այդ թվում՝ առանց ֆիզիկական կոնտակտի որեւէ սահմանապահի հետ, այդ թվում՝ եվրոպական սահմանին։ Ճի՞շտ ենք վերջնարդյունքը նկարագրում, չէ՞»։
Կարդացեք նաև
«Այո, իրականում մենք պրոցեսը տանելու է հենց դրան, որպեսզի կարողանանք ՀՀ-ում ճիշտ բիոմետրիկ տվյալների համակարգ ներդնելու պայմաններում մեր քաղաքացիներին նաեւ այդ հնարավորությունը տալ։ Այս պահին այդ համակարգը չի կարող գործել, որովհետեւ մենք ուղղակի բիոմետրիկ համակարգ չունենք»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































