«Այսօր մենք ցավոք սրտի գործ ունենք մի իրականության հետ, երբ Հայաստանի սահմանադրական կարգի հիմունքները տապալված են։ Չունենք սահմանադրական կարգ, որը համապատասխանում է մեր Սահմանադրության առաջին հոդվածին»,- այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում Սրբազան շարժման հրավիրած հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նա նշեց, որ մեծ անդունդ է սահմանադրական արժեքների, սահմանադրական կարգի հիմունքների եւ այսօրվա իրականության միջեւ։
«Սահմանադրության երրորդ հոդվածը հռչակում է, որ մարդը բարձրագույն արժեք է, եւ որ պետությունը պարտավոր է հարգել ու պաշտպանել ՀՀ բոլոր բնակիչների հիմնական իրավունքները։ Պաշտպանվո՞ւմ են այդ իրավունքները, երկիրը իր քաղբանտարկյալներով, հետապնդումներով, կարծիքի ազատությունը ոտնահարվում է։ Չորրորդ հոդվածը վերաբերում է իշխանությունների բաժանմանն ու հավասարակշռմանը։ Այսօր ամբողջ իշխանությունը զավթել է Նիկոլ Փաշինյանը, ստեղծել է միանձնյա իշխանությունը, ամբողջ օրենսդիր իշխանությունն իր կրնկի տակ է։ Այսօրվա խայտառակ խոսույթը Ազգային ժողովում ՔՊ-ի կողմից դրա միանշանակ վկայությունն է։ Եվ Փաշինյանն արդեն կարողացել է վերահսկողություն սահմանել նաեւ դատական իշխանության վրա, փոքր բացառություններով։ Սահմանադրական դատարանը գլխատվեց, այսօր ունենք գրպանային ՍԴ, եւ նույն փորձը Փաշինյանն իրականացնում է նաեւ դատական իշխանության մյուս ատյանների նկատմամբ»,- ասաց Վարդան Պողոսյանը։
Նա հիշեցրեց, որ Սահմանադրության առաջին յոթ հոդվածները գտնվում են հատուկ պաշտպանության ներքո։ «Մենք ունենք Քրեական օրենսգիրք, դրա 42-րդ գլխում սահմանվում են բոլոր այն հանցատեսակները, որոնք ուղղված են սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ։ Այդ հանցագործությունների մեջ 418-րդ հոդվածը վերաբերում է պետական դավաճանությանը։ Առաջինը պետական դավաճանությունը սահմանվում է որպես թշնամու կողմ անցնելը, ՀՀ քաղաքացիների կողմից ի վնաս ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ անվտանգությանը։ Մենք ունենք մի հանցակազմ, որի հատկանիշը Փաշինյանն ու իր կառավարությունը լիուլի բավարարել են, երբ Տավուշից սկսած սկսել է հանձնել այն տարածքները, որոնք ՀՀ դե յուրե տարածքներ են։ Եվ դա արել է Հայաստանի Սահմանադրության, համապատասխան օրենքների կոպիտ ոտնահարմամբ»,- հավելեց Վարդան Պողոսյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց՝ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործողություն, որն ուղեկցվում է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, նույնպես ենթակա է քրեական պատժի։ Վարդան Պողոսյանն ասաց, որ Տավուշում այսպես կոչված սահմանազատման շղարշի ներքո ՀՀ տարածքները հանձնվեցին Ադրբեջանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































