Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Ի՞նչ «նոր Դվին», ի՞նչ «նոր Անի»

Հոկտեմբեր 10,2024 10:00 Share

Օրերս մեր ֆիլհարմոնիայում հնչել է Երեւանի օրհներգը՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի հրաշալի ստեղծագործությունը Պարույր Սեւակի խոսքերով: Կատարումը նշանակալից էր նրանով, որ դրան մասնակցում էր աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, որն, ի դեպ, առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի, հայերի եւ, մասնավորապես, հայ օպերային արտիստների նկատմամբ:

Քանի որ կատարմանը հոտընկայս, ձեռքը սրտին դրած հետեւում էր Երեւանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պետք է ենթադրել, որ նա նույնպես այդ ստեղծագործությունն ընկալում է որպես մայրաքաղաքի օրհներգ եւ, ի տարբերություն ՀՀ օրհներգի, այն փոխելու կարիք չի տեսնում:

Բայց Պարույր Սեւակի բանաստեղծության մեջ կան արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են ՔՊ-ական «գաղափարախոսությանը»՝ «Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի», «Քո Մասիս հորով»: Այստեղ հիշատակվում են այնպիսի տեղանուններ` Անի, Մասիս, որոնք առնչություն չունեն 29 հազար 743 քառակուսի կիլոմետր իրական Հայաստանի հետ, եւ այդ հիշատակումը կարող է ընկալվել որպես այլ պետության տարածքի նկատմամբ հավակնություններ: Եվ ընդհանրապես, Ավինյանը, ընդօրինակելով իր «շեֆին», կարող է կասկածի տակ դնել, որ Երեւանը 2800 տարեկան է, հերքել այդ «պատմական առասպելը» եւ որպես մեկնակետ ընդունել, որ Հայաստանի իրական մայրաքաղաքը հիմնվել է 2018 թվականին, երբ ժողովուրդը, վերջապես, հասկացավ, որ պետությունը հայրենիք է, իսկ հայրենիքը՝ պետություն:

Ընդհանրապես, ներկայիս իշխանությունը լավ չի քարոզում «իրական» (փաշինյանական), ոչ «խորհրդահայկական» հայրենասիրությունը: Չեն ստեղծվում երաժշտական, գրական ստեղծագործություններ, կտավներ, որոնք կգովերգեին 29 հազար 743 քառակուսի կիլոմետրը: Մինչդեռ խորհրդային շրջանում, բացի «Էրեբունի-Երեւան» երգից, ստեղծվել են հարյուրավոր այլ տաղանդավոր գործեր, որտեղ «գլխավոր հերոսներն» են այն տեղանուններն ու մարդիկ, որոնք նշված քառակուսի կիլոմետրերի հետ կապ չունեին: Ենթադրում եմ, որ, մասնավորապես, այդ գործերն են կերտել «1988 թվականի սերունդը»:

Բայց քանի որ 1988-ն էլ էր, ըստ իշխանամերձ քարոզչության, սխալ եւ հրահրված էր խորհրդային ԿԳԲ-ի կողմից, արժե այդ բոլոր գործերը վերանայել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Տիգրան Ավինյանը Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրում է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ուր նայում ես երգ ու պար ա։
    Մեկը դերասան ա,մյուսը երաժիշտ ա,էն մյուսը պարուսույց ա, կողքինը ռեժիսոր ա,էն մեկը լրագրող ա,իսկ մնացածը քաղաքագետ են։
    Մի հատ ժամանակակից մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարապետ,ռազմագետ,կամ ֆինանսիստ չկա,առավել ևս, մի հատ պրոֆեսիոնալ ավտոմեխանիկ կամ էլեկտրիկ չկա,սանտեխնիկ չկա, շինարար չկա ։
    -Էրեխուն պարի խմբակից վերցնենք, տանենք դաշնամուրի,դաշնամուրից վերցնենք, տանենք ջութակի,ջութակից վերցնենք տանենք նկարչության,նկարչությունից վերցնենք, տանենք դերասանական խմբակ։
    Հա լավ հետո???
    Պարի ու երգի անսամբլ ա սա,թե երկիր ա?!
    Լրջանալ ա պետք։

  2. Seyran says:

    Լավ էլ հուշեցիք՝Ավինյանը կմտածի հիմնի փոփոխության շուրջ….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031