Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Ախթալայում պեղված նմուշները, որոնք պահվում են Ֆրանսիայում

Դեկտեմբեր 12,2024 12:20 Share

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 11-ը:

Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են 19-րդ դարի 80-ական թվականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում, պեղված հնագիտական ժառանգության ուշագրավ նմուշները, որոնք պահվում են Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանում։

Ֆրանսիայից բերված 5 ցուցանմուշները համադրվել են 90-ական թվականներին Ժակ դը Մորգանի հետքերով հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի գործունեության ընթացքում հայտնաբերված և ՀՀ տարբեր թանգարաններում պահվող ավելի քան վեց տասնյակ նմուշների հետ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում:

Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դը Կոտինյին, Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն, արվեստասեր հանրության ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի /Սեն Ժերմեն ան Լեյի ամրոց/ համագործակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ:

Շնորհավորելով բացառիկ ցուցադրության բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է թանգարաների միջազգային կապերի ընդլայնումը:

«Հայաստանի պատմության թանգարանում միջազգային ցուցահանդեսների կազմակերպման լավ ավանդույթ է ձևավորվել: Վերջին տարիներին թանգարանը նկատելիորեն ակտիվացրել է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, ինչը կարևոր ուղղություն է թանգարանային ոլորտի պետական քաղաքականության տեսանկյունից: Հատկապես Ֆրանսիայի հետ համագործակցության օրակարգը շատ լայն է, և առաջիկայում ևս նոր ու հետաքրքիր նախաձեռնություններ ենք սպասում»,- ասել է նա:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել է, որ ֆրանսիական կողմի հետ համագործակցությունը շարունակական է լինելու. ՀՊԹ-ն համագործակցության հուշագիր է կնքել նաև Լուվրի թանգարանի հետ, և հաջորդ տարի նախատեսված են համատեղ ցուցադրություններ: 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031