Լրահոս
Վարդեր՝ Վանոյին
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը

Նոյեմբեր 26,2026 15:47 Share
Աջակցեք aravot.am-ին

Ցավով տեղեկացնում ենք, որ 90 տարեկանում կյանքից հեռացել է հայ երաժշտագիտական մտքի, երաժշտական կրթության նշանավոր ներկայացուցիչ, գիտնական, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գուրգենի Բուդաղյանը։

Արմեն Բուդաղյանը ողջ մասնագիտական կյանքը նվիրել է հայ երաժշտարվեստի ուսումնասիրությանը, երաժշտագիտական մտքի զարգացմանը, երաժշտական կրթության ամրապնդմանը և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանը։ Նրա բազմակողմանի գործունեությունը նշանակալի ներդրում է հայ երաժշտագիտության և երաժշտամշակութային կյանքի պատմության մեջ։

Արմեն Բուդաղյանը սովորել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ որպես ջութակահար, այնուհետև 1960 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, իսկ 1963 թվականին՝ երաժշտագիտության բաժինը։ Անվանի երաժշտագետը մասնագիտական գիտելիքները կատարելագործել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ ռուս և խորհրդային երաժշտության պատմության ամբիոնում, պրոֆեսոր Գեորգի Տիգրանովի ղեկավարությամբ։

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը 1970 թվականին պաշտպանել է «Հայկական ջութակային սոնատի զարգացման ուղիները» թեկնածուական ատենախոսությունը, որը կարևոր գիտական ներդրում էր հայկական ջութակային երաժշտության պատմության ուսումնասիրության և համակարգման գործում։

 

Նա 1967 թվականից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնում՝ որպես դասախոս, ավագ դասախոս, դոցենտ և պրոֆեսոր, իսկ 1976-1982 թվականներին ղեկավարել է նույն ամբիոնը։

 

Արմեն Բուդաղյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է․ նրա ուսումնասիրություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմությունը, երաժշտական ժանրերի զարգացումը, առանձին կոմպոզիտորների և կատարողների ստեղծագործական ժառանգությունը։

 

Նրա գիտական և հրապարակախոսական ժառանգությունն ընդգրկում է հարյուրավոր հոդվածներ՝ տպագրված տարբեր պարբերականներում: Վերջինս հեղինակել և խմբագրել է բազմաթիվ մենագրություններ ու ուսումնամեթոդական աշխատանքներ, ինչպես նաև նշանակալի մասնակցություն է ունեցել Երևանի պետական կոնսերվատորիայի հոբելյաններին նվիրված հրատարակությունների պատրաստման գործում։

 

Արմեն Բուդաղյանը տարիներ շարունակ կոնսերվատորիայում դասավանդել է երաժշտության պատմության ընդհանուր և մասնագիտական դասընթացներ, ղեկավարել արտասահմանյան երաժշտության պատմության մասնագիտացումը և ուսանողների գիտական աշխատանքները։

 

Երկար տարիներ ղեկավարելով կոնսերվատորիայի ուսանողական գիտաստեղծագործական ընկերությունը՝ Արմեն Բուդաղյանը նշանակալի դեր է ունեցել ուսանողական գիտական կյանքի կազմակերպման և զարգացման գործում։ Նրա նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ կազմակերպվել են հանրապետական և համամիութենական միջբուհական գիտաժողովներ, ինչպես նաև «Ուսանող և գիտություն» համամիութենական օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքները։

 

Ավելի քան կես դար Արմեն Բուդաղյանն եղել է Հայաստանի երաժշտական հասարակական կյանքի ակտիվ մասնակիցը․ նրա գործունեության կարևորագույն ուղղություններից էր «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը, որի անփոխարինելի դասախոսներից, կազմակերպիչներից և գաղափարական նվիրյալներից էր։ Տարիներ շարունակ նա իր գիտելիքներն ու սերը երաժշտության հանդեպ փոխանցել է հազարավոր դպրոցականների՝ նպաստելով մատաղ սերնդի երաժշտական ճաշակի ձևավորմանն ու գեղագիտական դաստիարակությանը։

Արմեն Բուդաղյանի անցած ճանապարհը գիտական նվիրումի, մանկավարժական պատասխանատվության և մշակութային արժեքներին անմնացորդ ծառայելու օրինակ է։ Նրա վաստակը չափվում է ոչ միայն գիտական աշխատություններով ու իրականացրած ծրագրերով, այլև այն սերունդներով, որոնց փոխանցել է իր գիտելիքները, մասնագիտական փորձը, երաժշտարվեստի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ Նա 2017 թ․ պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

Արմեն Բուդաղյանի անունն ու վաստակը մշտապես կմնան հայ երաժշտագիտական մտքի և երաժշտական կրթության պատմության մեջ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Արմեն Բուդաղյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստն ու գործունեությունը գնահատող բոլոր մարդկանց՝ կիսելով կորստի վիշտը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30