Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ջավախքցիներս շատ դիմացկուն ենք…». նշվեց Հարություն Խաչատրյանի հոբելյանը

Հունվար 10,2025 14:30

Կինոյի տանը նշվեց բազմաթիվ հեղինակավոր կինոմրցանակների ասպետ, ճանաչված կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը: Իսկ դահլիճում հիմնականում այն մարդիկ էին, որոնց թանկ է Հարություն Խաչատրյանի կինոն, կամ նրանք, որոնք ճանապարհ են անցել ռեժիսորի հետ ու հարազատ են:

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու ռեժիսորի՝ վերականգնված «Սպիտակ քաղաքը» ֆիլմը: «Յուրաքանչյուրս ձեզ շնորհակալություն ասելու կարիք ունենք այն մեծ գործի համար, որ արդեն արել եք»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով. «Ինչպես դժվար է սեղմել Հարություն Խաչատրյանի մասին կինոյի պատկերացումները մեկ` «Սպիտակ քաղաքի » կինոդիտման մեջ, այնպես էլ դժվար է իր մասին խոսելը եւ սահմանափակվելը զուտ «Սպիտակ քաղաքը» ներկայացնելով…. Հարություն Խաչատրյան ասելով՝ տաբեր ավատարներ կարող ենք պատկերացնել, ու ինքս շատ էի զարմանում, թե ինչպես է մեկ մարդու մեջ տեղավորվում արվեստագետի եւ վարչարարի, երկու տարբեր կիսագնդերի հակասող միասնությունն ու հաջողությունը»:

Նա հիշեց, թե ինչպես էր տարիներ առաջ «Լուվրը» շարք անում՝ Աբաս Քիառոստամիին նվիրված, որտեղ Քիառոստամին՝ հեղինակային կինոյի մեծություններից մեկը, իր ընտրությամբ պետք է մեկ ֆիլմ ներկայացներ եւ նա ներկայացրել էր հենց Հարություն Խաչատրյանի «Սահմանը»: «Միայն սա բավական է հասկանալու համար, թե որքան շատ է բովանդակային ու արվեստային նրա կշիռը, քան մեր գիտակցության մեջ է»,-ընդգծեց Կարեն Ավետիսյանը՝ նշելով, որ արվեստագետին իր հայրենիքում պետք է գնահատել նրա կենդանության օրոք: Նրա ձեւակերպմամբ, Հարություն Խաչատրյանի կերպարը կարծրատիպային ու արվեստագիտական չէ, ու հենց սրանով էլ պայմանավորված է նրա կերպարի եւ ստեղծած կինոժառանգության բացառիկությունը:

«Երբ Հայաստանում ողջ ես, առողջ ես, քո մասին չեն ուզում խոսել, շատ-շատ հայհոյեն, որովհետեւ գովելը դժվար է, բայց մենք ջավախքցիներս շատ դիմացկուն ենք…»,-ասաց Հարություն Խաչատրյանը ու շեշտեց, թե որքան է սիրում ծննդավայր Ջավախքը: Հիշեց, թե ինչպես են դժվարությամբ ընդունել ինստիտուտ, քանի որ Ջավախքի բարբառով էր խոսում, բայց հետո դարձել է անվանական թոշակառու:

Հարություն Խաչատրյանի համար տարիքը զուտ թիվ է, ասում է՝ անգամ ամաչում էր, որ 70-ամյակը պետք է նշվի, մտածում էր հոբելյան նշում են, օրինակ, 90 տարեկանում: Բայց քանի որ ֆիլմեր ունի նկարելու եւ ավարտին հասցնելու, տարիքի թեմայի վրա չի ծանրանում: Ամեն դեպքում, իր ապրած 70 տարիների մեծ մասը նա անցկացրել է կինոյում, եւ շատ խորհրդանշական էր, որ իսպանական Բանելմադենայի միջազգային կինոփառատոնում համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար նրան պատվեցին «Կյանքը կինոյում» պատվավոր մրցանակով: Կինոյում իր երկարամյա գործունեության ընթացքում, ընդհանուր առմամբ, Հարություն Խաչատրյան ունեցել է շուրջ 30 հետահայաց ցուցադրություն՝ աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով իր ուրույն կինոլեզուն ու Հայաստանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031