Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գիտնականը այնպիսի թեմաների մասին է գրել, որոնց հայ գրականագիտության մեջ դեռևս անդրադարձ չէր եղել հոդվածի կամ ուսումնասիրության տեսքով

Փետրվար 11,2025 12:46

«Դրամայի տեսություն» առաջին անգամ հայերենով հրատարակված մեթոդական ուղեցույցը կօգնի ոչ միայն ավելի լիարժեք ու պրոֆեսիոնալ լինել մասնագիտական դաշտում, այլ գուցե վերջակետ դնի գրականագետների ու թատերագետների շրջանում հաճախ հանդիպող բանավեճին` ում տիրույթում է դրաման

Էդիթ Պրինտ հրատարակությունը առաջին անգամ հայերենով լույս է ընծայել «Դրամայի տեսություն» մեթոդական ուղեցույց գիրքը: Հեղինակն է բանասիրական գիտությունների թեկնածու, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Մարկ Տվենի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը:

Հաճախ են գրականագետներն ու թատերագետները բանավիճում, թե ու՞մ է պատկանում կամ ու՞մ տիրույթն է դրաման: Մշտապես հաղթում են գրականագետները: Չէ՞ որ դրաման մինչև բեմադրվելը գրականություն է, այն կարող է և չբեմադրվել, բայց մնալ որպես ընթերցանության նյութ: Այս նուրբ հարցին ակամա պատասխան է տվել հեղինակը՝ Էլֆիք Զոհրաբյանը, որը գրքի նախաբանում մեջբերել է արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանի խոսքը. «Դրամայի տեսությունը Արիստոտելից մինչև Լեսսինգ և Հեգել սկզբունքորեն գրականագիտական է»։

Ի դեպ, մեթոդական ուղեցույցը հրատարակության է երաշխավորել Վանաձորի պետական համալսարանի գիտխորհուրդը: Այս առարկան հիմնականում անցնում են թատերական և բանասիրության բաժիններում: Դրամայի տեսության իմացությունը պարտադիր է հատկապես բեմադրիչների ու բանասերների համար: Ընդ որում, երիտասարդ գիտնականը այնպիսի թեմաների մասին է գրել, որոնց հայ գրականագիտության մեջ դեռևս անդրադարձ չէր եղել հոդվածի կամ ուսումնասիրության տեսքով: Ուսանողը, կարդալով գիրքը, կտեղեկանա՝ ինչ բան է ֆարսը, տրագիֆարսը, սոտին կամ փոքր դրաման և այլն: Գաղտնիք չէ, որ ոչ բոլոր բանասերները գիտեն ժանրերի ու ենթաժանրերի մասին: Էլ չասենք, որ թատրոններում, երբ բեմադրվում է աբսուրդի դրամա, ոչ միայն դերակատարները, այլ նաև ինչու ոչ՝ բեմադրիչը հաճախ չի տիրապետում նյութին կամ չունի աբսուրդի դրաման «բացելու» բանալին: Մինչդեռ գրքում, թեև հնարավորինս ամփոփ, բայց միևնույն ժամանակ հանգամանորեն տրվում է յուրաքանչյուր ժանրի ու ենթաժանրի, պիեսի կառուցվածքի մասին տեղեկույթ, ինչպես նաև գործնական առաջադրանքներ:

Ուղեցույցի խմբագիրն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը, գրախոսները՝ բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտ Գայանե Մալումյանը և պրոֆեսոր Անուշ Սեդրակյանը:

Առանձնահատուկ նշենք, որ ուսանողին հանձնարարվող պիեսների ցանկում ներառված են ոչ միայն դասական, այլ նաև ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործություններ: Անկասկած, դրամայի տեսության իմացությունը թատրոնի ու գրականության օժտված մասնագետներին կօգնի ավելի լիարժեք ու պրոֆեսիոնալ լինել մասնագիտական դաշտում:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728