Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատավարձի աճը մոտ 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, եւ սա էական ցուցանիշ է»․ Փաշինյան

Փետրվար 27,2025 12:38 Share

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի ընթացքի եւ արդյունքների զեկույցը, այն կուղարկվի Ազգային ժողով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ զեկույցում ներառված են նաեւ Հայաստանի 2024 թվականի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաեւ միջազգայի հեղինակավոր վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2021 թվականի նախընտրական ծրագրով տնտեսական աճի նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը։ Նա նշեց, որ այդ նպատակային ցուցանիշն ապահովված է։ «Ես ուզում եմ ընդգծել աշխատատեղերի ցուցանիշը 2024 թվականին՝ 760 555, որը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 203 875 մարդով կամ 36,6 տոկոսով։ Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ, որը շատ էական է»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ 2024 թվականին միջին աշխատավարձը կազմել է 287 172 դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելի է 114 հազար դրամով։ «Բայց ես ուզում եմ այս ցուցանիշը համադրել նույն ժամանակահատվածի գնաճի հետ։ Հիմա մենք տեսնում ենք, որ միջին աշխատավարձը 66,3 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին։ Հիմա պետք է նայենք, թե գնաճն ինչքան է, գնաճը 2018 թվականի համեմատ եղել է 25,3 տոկոս։ Այսինքն՝ մեր մոտ աշխատավարձի աճը մոտ 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, եւ սա էական ցուցանիշ է։ 2024 թվականին 2023-ի համեմատ գնաճը եղել է արդեն ընդամենը 0,3 տոկոս, մինչդեռ աշխատավարձի աճը 2024-ին 2023-ի նկատմամբ եղել է 6,4 տոկոս։ Այսինքն՝ ըստ էության ստացվում է, որ տասնյակ անգամներ ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728