Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն իր ելույթներով հատորներ է ավելացնում Ռուբեն Վարդանյանի վրա». Մանե Թանդիլյան

Մարտ 06,2025 16:45

«Ես կլինեի վերջին միամիտը, եթե իմ ակցիան ուղղված լիներ իրենց։ Իրենց ոչ հրապարակային, ոչ հրապարակային ասելիք չկա։ Ես խորը կասկածներ ունեմ, որ նրանք ընդհանրապես որևէ բան անում են»,-Ազատության հրապարակում Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
 

Նա վստահեցրեց՝ այս ակցիան և այս միջոցը, որին դիմել են մի քանի հոգով, խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ նա մնա առողջ, դադարեցնի հացադուլը և վերադառնա հայրենիք․ «Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդի մեծագույն սիրահարն է, արժանի զավակը, և հայ ազգը պիտի ուզենա, որ Ռուբեն Վարդանյանն առողջ ու ողջ մնա, դիմանա ու վերադառնա ՀՀ։ Այս իշխանությունների հետ խոսելու, ասելու բան չկա։ Նրանց վարքագիծն այնքան բաց ու պարզ է, որ նրանք շահառուն են հայ գերիների՝ Բաքվում պահելու։ Նրանք միայն վնաս կարող են տալ, իրենց հրապարակային խոսքը բացարձակ վնաս է հայ գերիներին»։

Մեր այն փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն էլ կարող է հուզական ելույթներ ունենալ, բայց դրա օգուտը ո՞րը կլինի, Մանե Թանդիլյանն այսպես արձագանքեց․ «Դրա փոխարեն ինքը ոչ հուզական, այլ էմոցիոնալ, խիստ խորը ելույթներ է ունենում և հատորներ ավելացնում Ռուբեն Վարդանյանի վրա։ Ասում է՝ հարցեր պիտի ուղղենք՝ ո՞վ է նրան ուղարկել Արցախ, Հայաստան։ Դեռ ինքը պիտի հարցեր տա։ Այդպիսի ելույթներ ունենում է, դա նորմալ է, բայց, այ, հայ մարդու համար պայքարելն իր կարծիքով՝ որպես պետության ղեկավար նորմալ չէ։ Նիկոլ Փաշինյանը հեռու է ադեկվատ ղեկավարի վարքագծից»։


Հիշեցրինք՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր՝ «բա պետք է չգերեվարվեին», Մանե Թանդիլյանն արձագանքեց․ «Դա անամոթների խմբակ է։ Մի քանի հոգի նման հայտարարություն է անում։ Նրանք ուզում էին, որ 120 հազար մարդ մնար Արցախում ու կոտորվեին։ Դա նրանց անթաքույց ցանկությունն էր, քանի դեռ կան արցախցիներ, ուրեմն Արցախի խնդիրը պահանջատեր ունի։ Այո, արցախցին պիտի ուզենա այդ մասով առաջնորդել պայքարը։ Ուզում են այդ հարցը չլինի։ Չկա մարդ, չկա խնդիր․ ահա ստալինյան սկզբունքով առաջնորդվելով՝ այդ խմբակի հայտարարությունների հիմքը։ Անամոթներ են նման բան ասողները։ Ամաչում եմ իրենց փոխարեն։ Միգուցե գա այդ օրը, որ մենք կտեսնենք համապատասխան տեղում նրանց։ Ես ձեզ խոստանում եմ, որ նույն ձև պայքարելու եմ, որ հայ մարդ Բաքվի բանտում չլինի»։

Հետաքրքրվեցինք՝ այն, որ Ադրբեջանի կառավարությունը ԿԽՄԿ-ին տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին՝ սա ի՞նչ վտանգներով է լի, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Սա միջազգային հանրության լռության և ոչ ադեկվատ գործելաոճի հետևանք է։ Ոչ վաղ անցյալում Կարմիր խաչի մեքենայից առևանգեցին Վագիֆ Խաչատրյանին։ Կարմիր խաչի գործունեությունն արդեն իսկ վտանգված է Ադրբեջանում, և այնտեղ ուղղակի սարսափելի են ճնշումները միջազգային կառույցների վրա։ Լավ, լուռ եք հայ գերիների մասով, Ալիևի ամենաթողությունը կարելի՞ է։ Չէ՞ որ սա նախադեպ է ստեղծում այլ երկրների համար։ Նշանակում է, որ կարող եք նման հումանիտար կազմակերպությանը վտարել և պատիժ չունենալ, և միջազգային հանրությունը լուռ մնա ու համաձայնվի՞։ Մինչև հարվածներ չստանան Ալիևի գրպանին, նրանք չեն դադարեցնելու։ Այս ամենաթողության մեջ շարունակում են գործել։ Անկարելի է, որ Կարմիր խաչն այնտեղից դուրս գա։ Միջազգային հանրությունը պետք է դուրս չգա այնտեղից»։

Մեր այն դիտարկմանը՝ Դուք խոսում եք միջազգային կառույցների լռության մասին, մինչդեռ ՀՀ-ում կան քաղաքական, իրավական գործիչներ, որ կարծում են՝ եվրոպական կառույցների շնորհիվ մեր գերիների վիճակը Բաքվում բարելավվել է, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Երևի իրենք ագենտներ ունեն Բաքվի բանտերում, Բաքվում, որոնք իրենց տեղեկություններ են տալիս, որովհետև այն, ինչ մենք տեսնում ենք, այդ մասին չէ։ Ամաչում եմ նման հայտարարություններ անողների, իբրև թե հայ իրավապաշտպանների համար, որ նրանց քաղաքական օրակարգն առավել է, քան ՀՀ քաղաքացիների կյանքը, ՀՀ արժանապատվությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31