«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն և հետաքրքրվել՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Արմեն Աշոտյանի նամակագրությունը կալանքի տակ գտնվելու ժամանակ արգելված չէր, իսկ հիմա, երբ նա տնային կալանքի տակ է, արգելված է։
Գլխավոր դատախազությունից, սակայն, պատշաճ բացատրություն չեն տվել։ Փոխարենը, FIP.am-ի հարցմանն ի պատասխան, ներկայացրել են Աշոտյանի կալանավորման ժամանակագրությունը, ընդգծել, որ նրան սկզբում կալանավորել են 3 ամիս ժամկետով, այնուհետև այդ ժամկետը երեք անգամ երեք ամսով երկարացրել են, և պատասխանի մի մեծ հատված տրամադրել խափանման միջոցի ընտրության հանգամանքներին։
«Վարույթն իրականացնող մարմինն է իրավասու անկաշկանդ կիրառել հենց այն խափանման միջոցը, որն իր համոզմամբ պիտանի և անհրաժեշտ է նախանշված նպատակներին հասնելու համար և կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքները և վարույթն իրականացնող մարմինն է իր իրավասության սահմաններում պարտավոր կայացնել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու որոշում, եթե խափանման միջոցի գործողության ընթացքում դրա իրավաչափության պայմանը վերացել կամ փոխվել է»,- նշվում է դատախազությունից ստացված պատասխանի մեջ։
Կարդացեք նաև
Ըստ դատախազության, վարույթն իրականացնող մարմինը՝ այս դեպքում դատարանը, որոշել է՝ կալանքն է այն «պիտանի միջոցը, որը կարող է զսպել մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու՝ քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը»։
Մինչդեռ, որևէ կերպ իր պատասխանի մեջ Գլխավոր դատախազությունը չի հիմնավորում՝ ո՞րն է տրամաբանությունը կալանավայրից չարգելել անձի նամակագրությունը, իսկ տնային կալանքի պայմաններում՝ սահմանել արգելք։
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»