Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին միացնող նորակառույց ճանապարհը շահագործման հանձնելու մասին տեղեկությունները չեն հաստատվում, թեպետ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ճանապարհը շահագործման է հանձնվել։
Այսպես, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 17-ին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ու նշել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման համար կառուցված ճանապարհը շահագործման է հանձնվել:
«Սա նոր հնարավորություն է ապահովում ավելի հեշտ ու արագ երթևեկելու համար՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և բարձրացնելով մեր քաղաքի շարժունակությունը»,- տեսանյութին կից գրել էր Ավինյանը:
«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ փորձել էր քաղաքապետարանից պարզել, թե երբ է շահագործման հանձնվել Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին միացնող նորակառույց ճանապարհը, երբ է տեղի ունեցել աշխատանքների հանձնման-ընդունման գործընթացը և ով է եղել կապալառու ընկերությունը:
Կարդացեք նաև
Փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանից ստացված գրավոր պատասխանի համաձայն, աշխատանքները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն, ճանապարհը հանձնված չէ շահագործման: Միաժամանակ, նաև տեղեկացրել են, որ կառուցման աշխատանքներ իրականացնող ընկերությունը «Արհովշին» ՍՊԸ-ն է:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռևս 2023 թ․ հունվարի 13-ին հայտարարել էր, որ Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքները կսկսվեն այդ տարվա ապրիլին, և հունիսից մարաշցիները կօգտվեն այդքան անհրաժեշտ ճանապարհից:
Սակայն Նորք-Մարաշ վարչական շրջանը Սարալանջին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքների համար հայտարարված առաջին մրցույթը չէր կայացել։ Այդ մասին 2023-ի մայիսի 8-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը (2023 թ․ դեկտեմբերին ազատվել է պաշտոնից–խմբ․)՝ հավելելով, որ նոր հայտ են ներկայացրել մայիսի 4-ին։ Պատասխանելով Ավինյանի հարցերին՝ նա խոստացել էր, որ մինչև 2023 թվականի վերջ «շինարարությունը կհասցնեն»։
Արդեն 2023 թ․ օգոստոսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել էր, որ մեկնարկել են Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոն վարչական շրջանին կապող Արմենակյան փողոցին շրջանցիկ Գ. Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջի փողոց կապող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Իսկ 2024 թ․ սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անձամբ էր այցելել և տեղում հետևել ճանապարհի կառուցման ընթացքին:
Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին արձանագրության համաձայն, գնման ընթացակարգին հայտ էր ներկայացրել միայն «Արհովշին» ՍՊԸ-ն և ներկայացվել էր 567 մլն 300 հազար դրամ գնային առաջարկ:
Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»