Բագրատ Սրբազանը ՖԲ ուղիղ եթերում անդրադառնալով մարդու՝ Աստծուց հեռանալուն եւ գործած մեղքի համար զղջալու, ապաշխարելու փոխարեն ինքնաարդարանալու, ուրիշներին մեղավոր կարգելու փորձերին եւ Արտաքսման Կիրակիի մասին՝ արձանագրեց. «Սա ուղղակիորեն արտահայտում է մեր կյանքը: Ինքնաարդարացման մասին ես շատ-շատ եմ խոսել, թե ինչպիսի աղետի է հասցնում մարդուն եւ ընդհանրապես մարդու կյանքը: Մեր իրականությունն էլ դրանից տարբեր չէ: Մեր իրականությունը ուղղակիորեն դրա ցցուն, շոշափելի արտահայտությունն է: Երբ մարդը չի ընդունում իր մեղքը, անկում է ապրում ոչ միայն ինքը, այլեւ իր ամբողջ շրջապատը: Եվ մանավանդ այն մարդը կամ մարդիկ, որոնք պատասխանատվություն են կրում հասարակական կյանքի, պետության կյանքի, հանրային բարիք ստեղծելու կոչում ունենալու համար՝ տեր, պաշտպան եւ մշակ լինելու կոչումն ունենալով:
Երբ մարդը չի ընդունում իր մեղքը, սեփական սխալը, սեփական թերացումը՝ անկախ նրանից, թե որքան մեծ կամ որքան փոքր է այն, դրանով նա ոչ միայն ինքն իրեն է դատապարտում, այլեւ դատապարտում է ամբողջ շրջապատը: Մեկը հաջորդում է մյուսին, եւ բոլորը դառնում են մեղավոր բացի ինքը: Ամեն ինչ արվում է, որպեսզի այդ մեղքի ժխտողականությամբ իր վրայից մեղքը մի կողմ դրվի եւ ինքը փորձի ներկայանալ որպես ամենաարդար, ամենաազնիվ՝ այդուհանդերձ կրելով այդ մեղքը ու պատճառ դառնալով ամբողջ կյանքի անկման:
Այդպես է մեր իրականությունը, եւ մենք ուղղակի խուսափել, կարծես թե, չենք կարող: Խուսափել միայն ու միայն կարող ենք, եթե ընդունենք, որ մենք սխալական ենք, որ մենք մեղք ենք գործել: Ես նույնիսկ ավելորդ եմ համարում դրա մասին խոսելը, սակայն պատկերը այդպես է: Մենք տեսնում ենք՝ մեր երկրի այսօրվա «ղեկավարը», գլխավոր ստախոսը իր ստախոս փոքրիկ խմբակով բոլոր անկումների, բոլոր կորուստների մեջ մեղադրելում է բոլորին բացի իրենից, հնարավոր բոլոր տարբերակներով, բոլոր շերտերով, մինչեւ անգամ մեծ ու փոքր պետություններին, շրջապատին, յուրաքանչյուրին, բոլորին, բացի իրենից: Ինքը մեղավոր չէ ոչնչի մեջ, ոչ մի բանով սխալական չէ, բոլորը մեղավոր են, բոլորը հանցագործ են, բոլորը սխալական են, բացի ինքը:
Եվ դրա համար է ասվում՝ Աստված է արդարացնում, ոչ թե ինքդ քեզ: Եվ այդ ստախոսության եւ մեղքը չընդունելու պատճառով մենք այսօր որպես պետություն, երկիր, հասարակություն, առանձին անձինք, հայտնվել ենք տառապանքի այս հովիտի մեջ, որից ազատագրվելու եղանակներն ու միջոցներն ենք անընդհատ փնտրում: Եվ մենք էլ չենք կարող ազատագրվել, եթե մենք էլ չընդունենք մեր մեղքի բաժինը, մեր սխալի բաժինը՝ մեծ ու փոքր սխալների:
Կարդացեք նաև
Այո, ինքնաարդարացումը մեծագույն մեղքն է, ինքնաարդարացման պատճառով է տեղի ունեցել եւ տեղի ունենում մարդկային կյանքի անգումը: Այսօրվա մեր քաղաքական դաշտում, հասարակական դաշտում, մեր պարզ հարաբերությունների մեջ՝ թե արտաքին, թե ներքին, անձնական հարաբերությունների մեջ քայքայողը ինքնաարդարացումն է: Ես սա չարեցի կամ արեցի, որովհետեւ պատճառը սա էր: Պատճառը կարող է որեւէ բան լինել: Բայց ի վերջո, դու ես գործել, դու ես կրում պատասխանատվությունը, դու ես ընդունելու մեղքը, դու ես քո բաժին սխալն ու հանցանքը գործելու գիտակցությունն ունեցողը, կամ գիտակցությունը չունեցողը: Ինչպիսի մեծությամբ ու ծանրությամբ էլ այն լինի, նշանակություն չունի:
Այո, այս մեծ ժամանակահատվածը զուտ օրացուցային իմաստով մեզ, երբ ընթանում ենք դեպի Հարության շրջանը եւ գտնվում ենք 40-օրյա պահեցողության, ապաշխարումի, զղջումի, խոստովանության, ինքնախոստովանության այս շրջանի մեջ, չափազանց կարեւոր է սեփական անձի անդրադարձը ունենալ: Միայն, պարզապես, պարտքը կատարելու մասին չլինի մեր այս ճանապարհորդությունը: Ժամանակահատված լինի, որ մենք կարողանանք անդրադառնալ, ինքնաանդրադառնալ, գնահատել, հասկանալ»,-ասաց Սրբազան պայքարի առաջնորդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ