Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահն է անցյալը հիշելու և ոգեկոչելու հայերի ողբերգությունը, որը տեղի է ունեցել 110 տարի առաջ․ շարունակում ենք աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացին»․ ԵՄ հանձնակատար

Ապրիլ 03,2025 14:24

«Պահն է անցյալը հիշելու և ոգեկոչելու հայերի ողբերգությունը, որը տեղի է ունեցել 110 տարի առաջ։ Պահն է վերահաստատելու մեր հանձնառությունը կանխարգելելու նման սարսափելի ողբերգությունները։ Բայց նաև պահն է հույսի, որ կկարգավորվեն ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Խաղաղ, կայուն և ավելի բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու հույսի պահն է»,-Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

Նշենք, որ քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները դատապարտեցին Թուրքիային հայերի նկատմամբ կատարված հանցագործությունների համար և կարևորեցին երկու երկրների և հասարակությունների միջև հաշտեցման ուղիներ գտնելը։

Օլիվեր Վարհեին հայտարարեց․ «Ապրիլի 24-ին ոգեկոչում ենք Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ սկսած 1915-ից, իրենց կյանքը կորցված հայերին։ Մենք ոգեկոչում են այն անձանց, որոնք սպանվել են, որոնք կարողացել են գոյատևել և կառուցել նոր կյանք՝ ցույց տալով դիմակայությունում։ Զոհերին հարգանքի տուրք մատուցելը և երբեք կատարվածը չմոռանալը մեզ համար հրամայական է»։

ԵՄ հանձնակատարը վստահեցրեց՝ շարունակում են առաջ ընթանալու ճանապարհներ փնտրել և աջակցել երկու երկրների միջև հաշտեցման գործընթացին․ «Հասկանալի է, որ հաշտեցման ճանապարհին երկրներն ի վիճակի կլինեն նայելու իրենց անցյալին, ի վիճակի կլինեն ունենալ բաց և անկեղծ երկխոսություն։ Մենք ողջունում ենք ներկայումս կատարվող քայլերը։ Մենք հավատում ենք՝ վերջին տարիներին հարաբերությունների կարգավորմանը հասնելու ճանապարհին գործընթացը նոր թափ է ստացել»։

Մարգարա սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Օլիվեր Վարհեին կարևոր համարեց ոչ միայն Սիրիա հումանիտար օգնություն մատակարարելու տեսանկյունից, այլ նշեց, որ դա հույս է ներշնչում ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման տեսանկյունից․ «Որպես հաջորդ քայլ՝ ԵՄ-ն քաջալերում է ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունները կատարել և բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սա խաղաղության, կայունության և համագործակցության հնարավորություն է Հարավային Կովկասում։ Այս պատճառով ԵՄ-ն շարունակում է աջակցել վստահության մեխանիզմների կառուցմանը․ ՀՀ-ի և Թուրքիայի միջև»։

Քննարկման ավարտին ԵՄ հանձնակատարը փաստեց՝ այս բանավեճը ցույց է տալիս պատմությունը հիշելու կարևորությունը, այն հայերին ոգեկոչելու կարևորությունը, որոնք իրենց կյանքը կորցրին 110 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի դեպքերի ժամանակ, որոնք տրավմատիկ ազդեցություն ունեցան հայ հասարակության, հայկական ինքնության վրա ու եզրափակեց․ «Մենք երբեք չենք մոռանա այդ դեպքերը, բայց նաև պետք է վստահ լինենք, որ թույլ չենք տա՝ դա երբևէ կրկնվի։ Ձեզնից շատերը շեշտեցին, որ կարևոր է նաև հաշտեցումը և խաղաղ, կայուն ապագայի համար քայլեր կատարելը։ Ուզում եմ հորդորել ՀՀ-ին և Թուրքիային աշխատել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930