Լրահոս
Օրվա լրահոսը

Չան Թան Մանը հույս է հայտնել, որ Վիետնամը կկարողանա կամուրջ հանդիսանալ Հայաստանի հարաբերություններն ասիական երկրների հետ խորացնելու հարցում

Ապրիլ 03,2025 17:25

Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության հետ

Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, շարունակաբար զարգացող քաղաքական երկխոսություն եւ սերտ համագործակցություն բազմակողմ հարթակներում. ասել է ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը՝ ողջունելով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Ազգային ժողովում:

Խոսելով Վիետնամում 2013 թվականից դեսպանություն ունենալու կարեւորության մասին՝ բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Վիետնամի դեսպանություն ունենալը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը:

«Չնայած վերջին տարիներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը զգալի աճել է, բայց մենք ձգտում ենք առավել մեծացնել հայկական ապրանքների արտահանումը Վիետնամ»,- նշել է Հասմիկ Հակոբյանը:

Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով երկու երկրների միջեւ զբոսաշրջային հոսքերի խթանմանը կնպաստեն մուտքի վիզաների պահանջի փոխադարձաբար վերացմանը եւ օդային հաղորդակցություններին վերաբերող համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ ուղիղ չվերթների հաստատումը:

Պատգամավորը կարեւորել է Վիետնամի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը եւ երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամություն հայտնել: Նա խոսել է նաեւ մի շարք ոլորտներում գործակցության խորացման ներուժի իրացման անհրաժեշտության մասին:

Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին: «Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության օգտին»,- փաստել է նա:

Բարեկամական խմբի ղեկավարը բարձրաձայնել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հարցը:

«Վիետնամի կառավարությունը միշտ բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը, հատկապես այն ժամանակ, երբ պայքարում էինք մեր անկախության համար»,- նշել է Վիետնամի ԱԺ նախագահը: Նա կարեւորել է տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացումը, բարձր մակարդակի փոխայցերը: Չան Թան Մանը հույս է հայտնել, որ Վիետնամը կկարողանա կամուրջ հանդիսանալ Հայաստանի հարաբերություններն ասիական երկրների հետ խորացնելու հարցում:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը՝ հյուրը նշել է, որ իրենք սերտորեն կաշխատեն՝ նպաստելու խաղաղության օրակարգի առաջմղմանը:

Վիետնամի ԱԺ նախագահը եւս կարեւորել է Հայաստանում Վիետնամի դեսպանատուն բացելու հարցը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների իրականացումը:

Խոսելով խորհրդարանական գործակցությունից՝ Չան Թան Մանն ընդգծել է, որ բարեկամական խմբերի դինամիկ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի խորացնել խորհրդարանական բարեկամությունն ու համագործակցությունը:

Ապրիլի 3-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամներ Գեղամ Նազարյանը, Մարիամ Պողոսյանը, Արուսյակ Մանավազյանը եւ պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Սոնա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, Արմեն Խաչատրյանը եւ Ալխաս Ղազարյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930