Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Վիետնամի հետ մուտքի վիզաների պահանջի վերացման մասին համաձայնագրի ստորագրումը եւ ուղիղ ավիաչվերթների հաստատումն առանցքային նշանակություն կարող են ունենալ. Հակոբ Արշակյան

Ապրիլ 04,2025 15:34 Share

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 4-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ճան Քուան Ֆընին եւ Վիետնամի խորհրդարանի պատգամավորներին: Նշենք, որ հյուրերը մեր երկրում են Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի այցի շրջանակում:

Ողջունելով նման ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Վիետնամի հետ մեր երկիրն ունի ջերմ երկխոսություն, որը շարունակական զարգացման միտում ունի: Նրա գնահատմամբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` վերջերս կատարած այցը Վիետնամ եւ Վիետնամի ԱԺ նախագահի փոխադարձ այցը Հայաստան նոր հնարավորություններ են ստեղծում երկխոսության զարգացման համար:

Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմոլորտ կապերի խթանումը, խոսել ռազմարդյունաբերության ու պաշտպանության բնագավառներում գործակցության հնարավորությունների մասին: Նրա գնահատմամբ Վիետնամում անցկացված Defense Expo 2024 ցուցահանդեսին հայկական մասնակցությունը նույնպես համագործակցության ցուցիչ է: ԱԺ փոխնախագահը կարեւոր է համարել նաեւ վիետնամական ընկերությունների ներկայությունը մեր երկրում անցկացվող նմանատիպ միջոցառումներին:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ մուտքի վիզաների պահանջի փոխադարձաբար վերացման ու օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրերի ստորագրումը եւ երկու պետությունների միջեւ ուղիղ ավիաչվերթների հաստատումն առանցքային նշանակություն կարող են ունենալ: Ֆինանսական ոլորտում փոխգործակցության մասով էլ նա առաջարկել է բանակցություններ սկսել կրկնակի հարկումից խուսափելուն առնչվող համաձայնագրի կնքման շուրջ: ԱԺ փոխխոսնակը կարեւորել է նաեւ կապերի զարգացումը կրթության բնագավառում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, փաստել, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել փոխհամաձայնեցված փաստաթուղթը:

Վիետնամի Ազգային ժողովի փոխնախագահն իր հերթին արժեւորել է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, աջակցություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ճան Քուան Ֆընը եւս բարձր է գնահատել Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները, կարեւորել բազմաբեւեռ համագործակցության խորացումը: Անդրադարձ է եղել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության օրակարգերին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամ Արուսյակ Մանավազյանն ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել