-Եթե քեզ ասեն, որ ես էլ չկամ, չհավատաս, ես ետ եմ գալու, – սրանք Հայկի խոսքերն էին, ուղղված մորը՝ Անահիտին:
Հայկը լճաշենցի էր: Նրա համար մի ամբողջ աշխարհ էր Սևանը: Նա ժամերով նստում էր լճի ափին, նայում խայտացող ալիքների զվարթ շարքերին, խոսում նրանց հետ: Ճայերը թևածում էին լճի մակերեսին: Տպավորություն էր, թե նրանց փետուրները խառնվել են Հայկի մազերին ու օրորվում են զեփյուռի մեղմանուշ շնչից: Ենթադրում եմ, որ Սևանի հանդեպ սերը փոխանցվել էր հորից. Արթուրի տարերքն էր Սևանը: Նա ամեն ինչ գիտեր լճի մասին: Ջրի ամեն կաթիլը մի պատմություն էր Արթուրի կյանքից: Նրանք ասես խոսում էին Հայկի հետ.
-Գիտե՞ս, մի ժամանակ հայրդ էլ զբոսնում էր այս փխլվող ավազի վրայով, ծիծաղում ու բարկանում էր ինձ հետ միասին, համարյա ամեն օր, բայց մի օր…
-Ես զգում եմ նրան քո մեջ, – ասես լսելով ու հասկանալով, պատասխանում էր Հայկը: Թեև Հայկը միայն լուսանկարներով էր հորը տեսել, բայց նա սիրում էր այն ինչ հայրը. Նույն Սևանն ու այն կարմիր կակաչները, որոնք Արթուրն ամեն անգամ նվիրում էր Անահիտին, հայրենիքը, հանուն որի Արթուրը չխնայեց անգամ իր կյանքը:
Կարդացեք նաև
-Հայրենիքը սկսվում է Արցախից, – սա այն կարևոր Պատգամն էր, որ նա թողել էր որդուն, երբ պատերազմի լուրն առնելով կամավորագրվել էր ու մեկնել Արցախ: Մեկ ամիս անց զոհվել էր ականի պայթյունից, այդպես էլ չիմանալով որդու լույս աշխարհ գալու մասին: Արթուրի թողած պատգամն Անահիտն է փոխանցել Հայկին, հոր մասին զրույցների ժամանակ: Այս խոսքերը զրնգում էին Հայկի ականջներում: Ասես հենց ինքը Արթուրն էր ամեն անգամ հիշեցնում նրան այդ մասին: Հայկը մեծացավ մտքում ունենալով հոր թողած պատգամը, իսկ սրտում՝ հայրենիքի հանդեպ անթաքույց սերը:
Մի քանի ամիս էր, ինչ Հայկը ծառայության էր անցել Արցախում, երբ նրա երկնակամարում սև ամպեր կուտակվեցին: Կրակն էր մոլեգնում երբեմնի անամպ երկնքում: Այս Մետաղյա կարկուտն իր տակ էր առնում ամեն ծառ ու ծաղիկ, քար ու թուփ: Մայր հողը կառչած իր որդիներից, ասես աղոթում էր նրանց փրկության համար՝ մերթ իր գիրկն առնելով, մերթ ոտքի կանգնեցնելով ու օրհնելով նրանց:
Հայկն իրենց ջոկատի հրամանատարն էր: Նրանք մարտնչում էին ամենաթեժ կետերում և անխնա ոչնչացնում թշնամուն իր տեխնիկայի հետ միասին, նրանցից չթողնելով որևէ հետք: Պատերազմի քսաներորդ օրն էր: Արցախի երկնքում մոլեգնում էին ծխի հաստ քուլաները: Ցերեկն ու գիշերը չէին տարբերվում միմյանցից: Հայկն իր ջոկատով պատսպարվել էր հողե խրամատում: Խոնավ հողի վրա պառկած, նրանք փորձում էին իրենց ականջներում խլացնել պայթյունների ու կրակվող փամփուշտների ձայնը: Հայկն անհանգիստ շուռումուռ էր գալիս: Սիրտն ուժգին տրոփում էր: Նրա ականջներում մի պահ խլացավ մետաղյա կարկտի ձայնն ու լսվեց ծփացող Սևանի հետզհետե ալեկոծվող ալիքների շրշյունը: Մոր անհանգիստ դեմքն ու կակաչներով լի մարգագետինը հայտնվեցին նրա աչքերի առջև: Հայկը նստեց սառը հողին, լարեց լսողությունը, ասես ինչ-որ բանի էր սպասում: Սիրտն ավելի ուժգին սկսեց բաբախել: Հանկարծ լսվեց հեռվից մոտեցող օդուժի ձայներ: Հայկն իսկույն ոտքի ելավ, նրա հետ նաև մյուս տղաները: Հայկն իր ջոկատով ոչնչացրեց մի քանի անօդաչու, բայց հանկարծակի հայտնված մի անօդաչու հարվածում է Հայկի պահպանած դիրքին: Այն ամբողջովին պատվում է հողակույտով: Տղաները ողջ-ողջ թաղվում են հողի տակ: Հայկը դեռևս սթափ էր: Նա պայքարում էր՝ համարյա աննշմարելի անցքից օդ շնչելով: Նա արդեն չէր զգում ոտքերը:
Շուրջը խավար էր: Կենդանության ոչ մի նշույլ: Սառը հողը նրանց ամուր կապել էր իրեն: Կրակը վերևից էր պատրաստ կուլ տալու, օդն անզոր էր նրանց մեջտեղում: Ջրի կաթիլները մոտ ու միաժամանակ հեռու էին թվում: Հայկի աչքերի առջև մոր ժպտացող դեմքն էր ու ալիքվող Սևանի սառը խշշոցը, Լեռների որոտաձայն կանչն ու իրենից կառչած հողի մեղմ օրորոցայինը: Աշոտը մտքով տուն էր հասել, գրկել մորը, հորը, փոքր քրոջը, ասել բոլոր չասված խոսքերը: Հանկարծ հողը դղրդաց: Անցքը փակվեց: Հայկի սիրտը ուժգին տրոփեց: Նրան թվաց՝ ուր որ է դուրս կթռչի կրծքավանդակից: Նրա աչքերի առջև Անահիտի ժպտացող դեմքն էր: Նա պատկերացրեց թե ինչպես է հավաքում մոր սիրելի կարմիր կակաչներն ու նվիրում նրան: Սևանի խշշոցը, լեռների կանչը, հողի օրորոցայինն ու փամփուշտների ձայնը խառնվել ու արձագանքում էին նրա ականջներում: Նա փակեց ու բացեց աչքերը: Մոր ժպտացող դեմքը մշուշի մեջ երևաց Հայկին: Մթնեց ամեն ինչ, մի վայրկյանում հոդս ցնդեց: Թունելի վերջում վառվող լույսն անհետացավ: Հայկը այդպես ուշաթափ հողի տակ մնաց և կյանքի համար կռիվ տվեց հիսուն րոպե կամ ավելի քան երեք հազար վայրկյան:
Ուշքի գալով՝ իր գլխավերևում տեսավ խաղաղված երկինքը: Նա ագահորեն շնչեց աշնանային զով օդը, որն այդ պահին նրան այնքան ջերմ թվաց: Տեսավ շուրջը հավաքված զինվորներին: Փորձեց նստել փոսում, ուր դեռևս գերի էին իր ոտքերը, հայացքով շնորհակալություն հայտնեց իրեն փրկող զինվորին: Վերջինս ժպտաց Հայկին: Հայկը նայեց չորս կողմը, տեսավ ընկերներին ու թեթևացած շունչ քաշեց: Անհավանական մի ուժ պարուրում է Հայկին: Փրկարարներն օգնեցին ճիրաններից ազատել ոտքերը: Հայկին տեղափոխեցին Գորիս, ապա Երևան:
Երևանում՝ զինվորական հոսպիտալում, Հայկը հանդիպում է մորը: Նա ակամա հիշում է նրան ասված խոսքերն ու ժպտում, բայց նրա մտքերը, դեռևս Արցախում էին: Նրա աչքերի առջև ամեն պահ միայն մի պատկեր էր՝ կռվող, պայքարող զինվորների կերպարները, որոնք ոչ մի վայրկյան չէին հեռանում նրանից: Հայկը չէր մնա Երևանում, եթե տեսած չլիներ մոր նոր հույսով լցված, հանգստացած աչքերը, նրա ժպիտն ու այն ջերմ շոյանքները, որոնցով Անահիտը մանկուց պարուրում էր նրան, և եթե ցրտահարված ոտքերն ի վիճակի լինեին վազելու, վազելու առանց կանգ առնելու; Հայկի ուղեղում Արցախն էր: Նա հիշում էր ամեն ինչ, ամեն պահը, կռվի սկզբից մինչև հողակույտի տակ հայտնվելը, ամեն մի կրակված փամփուշտ, ամեն մի խոցած անօդաչու: Հիշում էր հողի սառը օդը, պայքարը ողջ մնալու համար: Հիշում էր մորը նվիրած կարմիր կակաչները, Սևանի ալեկոծումներն ու այն երկար ու ձիգ երեք հազար վայրկյանները, որոնք համառորեն չէին ցանկանում բաց թողնել իրեն, բայց ի վերջո կյանքը հաղթեց: Հիշում էր ամեն ինչ: Իրենց ջոկատը փրկողներին, հայացքով հայտնած շնորհակալությունը, Արցախից Գորիս, Գորիսից Երևան երկար ճանապարհը: Իր ապրած ողջ կյանքը տեսիլքի պես հայտնվեց աչքերի առջև: Նա դեմ առ դեմ կանգնած նայել էր մահվան աչքերին, բայց կրկին հաղթող դուրս եկել: Հայկը գիտեր, որ Սևանի գաղտնիքն ու մոր ժպիտն էին իրեն ուժ տվել չպարտվելու, որ հայրն էր վերից պահպանել ու քաջություն ներշնչել իրեն: Հայկը վստահ էր, որ ապաքինվելուց հետո վերադառնալու է ռազմաճակատ, պաշտպանելու հայրենիքը, բայց նա մոր ժպիտը պետք է պահպաներ, պետք է չլքեր կապուտակ Սևանը, որն հաճախ նրան իր գիրկն էր առնում, և որտեղ նա զգում էր հոր ներկայությունն ու ժամերով խոսում նրա հետ: Նա կարմիր կակաչներ պետք է տաներ Եռաբլուր, որտեղ խաղաղության մեջ ննջում են ընկերները: Նա պետք է ապրեր, որպեսզի ապրեցներ:
Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ