«Ցանկանում եմ ողջունել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը »,-Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ԵԺԿ խմբի խոսնակ Բորիանա Աբերգը։
Նա նաև դիմելով Ադրբեջանին՝ ասաց․ «Կոչ եմ անում Ադրբեջանին շարունակել պայմանագրի ստորագրումը` զերծ մնալով գործընթացը արհեստականորեն ձգձգելուց։ Ես խորապես հավատում եմ, որ հայ ռազմագերիների ազատ արձակումն ու արագ հայրենադարձությունը՝ համաձայն միջազգային իրավունքի և Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների, էական քայլ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Հարավային Կովկասում կայունությունը նոր հնարավորություններ կստեղծի ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համար և կխթանի մարդու իրավունքների պաշտպանությունը տարածաշրջանում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ