Արդեն տեղեկացրել ենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ առաջարկել է եւս մեկ ամսով երկարաձգել 50 հազարական դրամ աջակցությունը, բայց նախապայմանով, որ Ազատության հրապարակում տեղադրած վրանը պետք է հանեն։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում ընդունել այդ առաջարկը։
Խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով կառավարության այս առաջարկին, ասաց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի հանդիպում են ունեցել փոխվարչապետի հետ։ «Վերջին հանդիպման ժամանակ կար տարբերակ, որ իրենք կարող են մեկ ամսով երկարաձգել այդ աջակցությունը, բայց դրա փոխարեն պետք է վրանը հանվի։ Լավ, եթե փորձեն այդ հարցի շուրջ քննարկում սկսել, դա ի՞նչ է տալու։ Մենք ասում ենք՝ 50 հազար դրամը տան, մինչեւ մեզ կացարանով կապահովեն, բավարար պայմաններ կլինեն։ Հիմա, եթե 50 հազար դրամ աջակցությունը մեկ ամսով երկարաձգեն, կարողանալո՞ւ են մեկ ամսվա ընթացքում մեզ կացարանով ապահովել։ Եթե կարող են մեկ ամսվա ընթացքում կացարանով ապահովել, մենք միանշանակ համաձայն կլինենք։ Մենք չենք ընկնում փողի հետեւից, մենք պայքարում ենք մեր իրավունքների համար։ Իրենք ասել էին, որ ծրագիրը չի շարունակվելու, հիմա ո՞նց եղավ, որ պատրաստ են մեկ ամսով երկարացնել։ Մեկ հարց եմ ուզում տալ՝ եթե մենք 12 վրան տեղադրեինք հրապարակում, կառավարությունը 12 ամսով կերկարաձգե՞ր աջակցության ծրագիրը։ Այսինքն՝ մեկ վրան, մեկ ամիս, մարդիկ սոցիալական ցանցերում այդ հարցն են տալիս»,- ասաց Արտակ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ փոքր դրական տեղաշարժ է այն, որ կառավարությունում համաձայնել են արցախցիների առաջարկին՝ ստեղծել մասնագիտական խմբեր՝ տարբեր ոլորտների խնդիրների լուծման համար։
Կարդացեք նաև
Արտակ Մկրտչյանն ասաց, որ կառավարության հետ շարունակական աշխատանք են տանում, որպեսզի իրենք էլ հասկանան, որ պետք է փոխել այս ծրագրերը։ «Եթե ոչ, մենք մեր պայքարը շարունակելու ենք, մինչեւ մեր իրավունքների հարցերը կլուծվեն։ Մենք ամենակարեւոր 12 կետեր ենք առանձնացրել, պարզ է, կան կետեր, որոնք մեկ օրվա կամ վեց ամսվա ընթացքում չեն իրականանա, բայց գոնե պետք է կամաց-կամաց աշխատանք իրականացնել»,- հավելեց Մկրտչյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ