«Անթալիայի դիվանագիտական ֆորումը կազմակերպելով՝ Թուրքիան եւս մեկ անգամ ուզում է համաշխարհային քաղաքականության հարթակում իր տեղն ապահովել։ Երկու տասնյակից ավելի երկրների ղեկավարներ ու արտգործնախարարներ էին հրավիրված, այսինքն՝ սա Թուրքիայի համար հնարավորություն էր համաշխարհային դիվանագիտական հարթակում երեւալու, իր տեղն ապահովելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությանը՝ Սաֆրաստյանը նշեց․ «Ես կարծում եմ, որ ճիշտ էր, որ մասնակցում էր, որպեսզի տեղյակ լինեն Հայաստանում, թե այնտեղ ինչ են խոսում, ինչ է տեղի ունենում»։
Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանն անդրադառնալով՝ նա ասաց, որ դրա շրջանակներում ընդհանուր գնահատականներ են հնչել։ «Թե կոնկրետ ինչ են քննարկել, դժվար է ասել, բայց տպավորությունը դրական է։ Հետաքրքիր հայտարարություն եղավ, թուրքական մամուլում դա լայն քննարկվեց, որ քննարկել են ոչ միայն հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման հարցերը, այլ նաեւ այնպիսի հարցեր, որ ավելի առաջ են գնում տարբեր բնագավառներում համագործակցելու առումով, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում»,- նշեց նա։
Սաֆրաստյանը միաժամանակ ասաց, որ հիմա հայ-թուրքական սահմանի բացման հնարավորություն չի տեսնում, որովհետեւ Թուրքիան իր դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով հայտնել է։ Այն է՝ մինչեւ հայ-ադրբեջանական պայմանագիր չստորագրվի, Թուրքիան չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Թուրքիայի այս դիրքորոշումը, ըստ Սաֆրաստյանի, չի փոխվել։ «Այսինքն՝ հիմա սպասել, որ հարաբերությունները կկարգավորվեն, սահմանը կբացի, ոչ, դա չի լինի»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման մասնակցեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Ադրբեջանցի պաշտոնյան կրկնեց Հայաստանին ներկայացվող պահանջները։ Անդրադառնալով այս հարցին՝ Սաֆրաստյանն ասաց․ «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ադրբեջանը շահագրգռված չէ պայմանագիր ստորագրել։ Եվ այդ պահանջները, որոնք Հայաստանի Սահմանադրության հարցով դնում է Հայաստանի առջեւ, նպատակ ունեն ձգձգել գործընթացը եւ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու միջոցով զիջումներ կորզել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ