Հրատարակվել է մոդեռնիզմի պատմության տեսաբան Կարեն Բալյանի «Հրազդան» ստադիոն. Մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը» գիրքը: Newmag-ի հրատարակած այս գրքում մանրամասն ներկայացված է 1960-70-ականների հայկական ճարտարապետության գլուխգործոց «Հրազդան» մարզադաշտը, վերջինիս նախագծման եւ կառուցման պատմությունը՝ «ձնհալի» դարաշրջանի համատեքստում։
Գրքի հայերեն թարգմանությունը ֆինանսավորել է հայկական մոդեռնիստական ճարտարապետության վառ ներկայացուցիչ, Հրազդան մարզադաշտի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի ընտանիքը՝ ճարտարապետի 90-ամյակի առիթով: Aravot.am-ը զրուցել է Գուրգեն Մուշեղյանի դստեր՝ կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանի հետ:
Կարդացեք նաև
«Քանի որ Կարեն Բալյանը գիրք էր գրել «Հրազդան» մարզադաշտի մասին, որը հրատարակվել էր ռուսերեն, մտածեցի, որ «Հրազդան» մարզադաշտն այնպիսի օբյեկտ է, որի ակտուալության թեման պետք է այսօր էլ բարձրացնել: Դրա համար դիմեցի Արտակ Ալեքսանյանին, որպեսզի Newmag-ը գիրքը նաեւ հայերեն հրատարակվի: «Հրազդան» ստադիոն. Մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը» գրքից բացի՝ հրատարակվել է նաեւ հավելված՝ «Գուրգեն Մուշեղյանը «Հրազդան ստադիոնի մասին», որտեղ տեղ են գտել մարզադաշտի վերաբերյալ հայրիկիս հոդվածներն ու հարցազրույցները»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Արաքսյա Մուշեղյանը:
«Այսօր «Հրազդան» մարզադաշտը գտնվում է այն վիճակում, որ նրանով պետք է զբաղվել, հատկապես որ այդ կառույցը լավագույն կառույցների ցանկում է, մարզադաշտերի մասին հեղինակավոր հրատարակություններում անդրադարձեր կան: 1970-ականներին Լեհաստանի մի ամսագրում, որտեղ անտիկ ժամանակներից մինչեւ այդ օրերի լավագույն ամֆիթատրոնների մասին լուսանկարներ ու տեղեկություններ էին հրատարակվել, մեր մարզադաշտը հայտնվել էր լավագույն կառույցների, ամֆիթատրոնների ցանկում, ավելին, «Հրազդան» մարզադաշտը այդ ամսագրի շապկին էր պատկերված:
Այսօր եւս պոստսովետական մոդեռնիզմի հանդեպ մեծ հետաքրքրություն կա ամբողջ աշխարհում: Այդ ճարտարապետության հանդեպ պետք է մեծ հոգածություն եւ ուշադրություն ցուցաբերել: Աշխարհը զարմանում է, որ չնայած այդ տարիներին ռեպրեսիվ կուսակցական ճնշումներին՝ Հայաստանում կարողացել են նման ազատ մտքեր արտահայտել, ինքնատիպ եւ համարձակ կառույցներ ստեղծել: Ժամանակին, երբ «Հրազդան» մարզադաշտը կառուցվում էր, Մոսկվան հավանություն չէր տվել, ասում էին՝ 70 հազար հոգանոց մարզադաշտ նման փոքր հանրապետության համար ինչու պետք է կառուցվի, բայց Հայաստանում կարողացան ապացուցել, որ դա միայն Երեւանի համար չէ, այլ ողջ Հայաստանի, եւ անգամ հարեւան հանրապետությունների միջոցառումների:
Ունենալով նման կարգի մարզադաշտ՝ ցավոք ունենք անփույթ, բարբարոսական վերաբերմունք այդ կառույցի հանդեպ: Կարծում եմ՝ «Հրազդան» ստադիոն. Մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը» գիրքն ընթերցելով երիտասարդ ճարտարապետները կտեսնեն, թե ինչ նվիրված են եղել իրենց գործին հայ ճարտարապետները, ինչպես են նախագծել ու կառուցել են հանուն երկրի, դա նրանց համար ազդակ կլինի կյանքի կոչել հրաշալի նախագծեր հանուն մեր վաղվա օրվա: Նաեւ հույս ունեմ, որ «Հրազդան» մարզադաշտը ապագայում տեսնել վերակառուցված ու իր նորմալ տեսքով, ինչը նոր հնարավորություններ կստեղծի: Հայրիկս միշտ ասում էր՝ եթե չլիներ «Արարատը», չէր լինի «Հրազդան» մարզադաշտը, եթե չլիներ «Հրազդան» մարզադաշտը՝ չէր լինի «Արարատ- 73»-ը: Հուսով եմ, որ վերջապես կտեսնենք վերակառուցված «Հրազդանը» եւ կունենանք նոր հաջողություններ նոր «Արարատի» հետ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Արաքսյա Մուշեղյանը խոսելով հոր մասին ասաց, որ Գուրգեն Մուշեղյանը սկզբունքային մոտեցում ուներ բոլոր հարցերում, նա իր պրոֆեսիոնալ կարծիքը երբեք չէր ստորադասում պատվիրատուի ճաշակին, նրան համոզել հնարավոր չէր. «Բոլոր իշխանությունների օրոք հայրս ասել է այն, ինչ մտածել է, որովհետեւ իր կարծիքը հիմնված է եղել իր պրոֆեսիոնալիզմի եւ անցած ճանապարհի վրա: Իր համար կարեւոր էր, որ ճարտարապետը, բացի ճարտարապետական մտածելակերպից՝ նաեւ քաղաքաշինական մտածելակերպ ունենա: Հայրս ունի տաղանդավոր սաներ, շատերի հետ շփվում եմ, ուրախ եմ, որ նրա ձեռքի տակով նման սերունդ է անցել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Արաքսյա Մուշեղյանի ֆեյսբուքյան էջից եւ Գուրգեն Մուշեղյանի արխիվից: Գրքի լուսանկարը՝ Newmag-ի: