Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին Արամ Վարդեւանյանի նկատմամբ, նրան փորձում էին բերման ենթարկել

Մայիս 05,2022 13:38 Share

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի գլխավորած ընդդիմադիրների երթը մեկնարկել էր «Դալմա մոլ»-ի մոտից, ցուցարարները շարժվում էին դեպի Հաղթանակի կամուրջ, ապա երթի մասնակիցները գնալու էին Ֆրանսիայի հրապարակ, ինչի մասին երթն առաջնորդողները տեղեկացրին ուղեկցող ոստիկաններին:

Տեւական ժամանակ խաղաղ երթը շարժվում էր առաջ՝ «Պայքար, միացում» վանկարկումներով եւ ռազմահայրենասիրական երգերի ներքո:

«Հրազդան» մարզադաշտի մոտ, ինչ-որ պահի, անհասկանալի պատճառով, իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց: «Ձեզ խելոք պահեք, արա»,- բղավում էր ցուցարարներից մեկը՝ հավանաբար դիմելով ոստիկաններին, որոնք շատ արագ եւ բավական ագրեսիվ կերպով սկսեցին քաշքշել երթի մասնակիցներին:

Բավական արագ ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, այդ թվում սեւ բերետավորներ, նրանք սկսեցին անհամաչափ եւ բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկել ցուցարարներին: Ցուցարարները վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան», «ամոթ»: Ոստիկանների քաշքշուքի ժամանակ ցուցարարները ձեռքերը վեր էին պարզել:

Ոստիկանները քաշքշելով եւ անհամաչափ ուժի կիրառմամբ, փորձում էին բերման ենթարկել նաեւ պատգամավոր Արամ Վարդեւանյանին: Արդեն ոստիկանական մեքենայի մոտ, սակայն, նրան բաց թողեցին:

Իրավիճակը նույն արագությամբ հանդարտվեց, ոստիկանները բացեցին ճանապարհը, երթը շարունակվեց մայթով:

Հիշեցնենք, այսօր վաղ առավոտից, քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031