«Այդ հարցի պատասխանը 2026-ին կստանանք բոլորս»,-հարցին՝ մինչև 2026-ը չի՞ հաջողվի ժողովրդին Ձեզ հեռացնելու օրակարգի շուրջ համախմբվել՝ հաշվի առնելով այն լուրջ դժգոհությունը, որ կա ՀՀ իշխանություններից, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ նրա՝ մեր ընդդիմությունը և առաջին հերթին նախկին՝ «այսպես կոչված նախագահների կողմից ղեկավարվող» ընդդիմությունն ամեն ինչ արել է և շարունակում է անել ՀՀ ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության դեմ։
Լրագրողները հիշեցրին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն համեմատությունը, թե ժողովուրդը նախիրի միջից էշի ճակատն է պաչել, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Գայթակղությունը մեծ է էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, բայց չեմ իջնի այդ դաշտ։ Սերժ Սարգսյանին կպատասխանեմ՝ իր իսկ խոսքերը մեջբերելով․ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Հետո տալիս է հրաժարական, հետո ՀՀԿ խմբակցության անդամները, Դաշնակցության խմբակցության անդամները քվեարկել են Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետ։ Եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ինքը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը։ Իրականությունը հետևյալն է՝ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ իրենց կողքի տարատեսակ դեմքեր չհասկացան, որ ժողովուրդն է իշխանության տերը։ Իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացրել՝ ամեն անգամ ընտրություններ կեղծելով»։
Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե այդ տխրահռչակ իրադարձություններից յոթ տարի անց փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում և հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «2026-ին կլինեն հերթական ԱԺ ընտրությունները, ինքն ու իրենց խմբակիցներն իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք՝ մերը։ Ժողովուրդը կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել, ով էր էշը, ով էր ավանակը»։
Կարդացեք նաև
«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ամբողջ քաղաքական հետագիծը սկսած՝ 1998-ից նվիրված է հետևյալ բանաձևին՝ դրոշակ սարքել ԼՂ-ն, դա օգտագործել ՀՀ-ում իշխանազավթման համար։ Իշխանազավթումը կիրառելի է միայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար, քանի որ այդ մարդիկ մեկ անգամ ընտրություն հաղթած չկան»,-հիշեցմանը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ «խաղաղության համաձայնագիր» բառակապակցության երկու մասերն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող և իրականությունից հեռու, արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա, հիշեցնելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ասաց․ «2023-ի սեպտեմբերի սկզբին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի ուղիղ հովանավորության տակ գտնվող ուժերը ԼՂ-ում իրականացրին իշխանափոխություն։ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց։ Այդ նույն օրերին Ազատության հրապարակում անցկացնում էին հանրահավաք, որտեղ լրագրողները մոտեցան Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ու հարցրին՝ ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունները Ստեփանակերտում, նրանք պատասխանեցին՝ շատ լավ, հույս ունենք՝ նույնը տեղի կունենա ՀՀ-ում։ Դրանից օրեր ու շաբաթներ անց ԼՂ-ն հայաթափվեց»։
Լրագրողների հակադարձմանը՝ ասում եք ընտրություններում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հաղթած չկան, բայց պարտված էլ չկան, ո՞ր իշխանության ժամանակ ենք ավելի շատ կորուստներ ունեցել՝ Սերժ Սարգսյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ ձեր իշխանության ժամանակ, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն իմ նկարագրած հետագծի բերումով մեծագույն դերակատարություն և մեղք ունեն ԼՂ հայաթափման հարցում և դրա վերջին արարն այն էր, ինչ ես նկարագրեցի, երբ իրենք ԼՂ-ում իրականացրին իշխանափոխություն, և դրանից օրեր և շաբաթներ անց ԼՂ-ն հայաթափվեց»։
Հարցին՝ եթե իշխանափոխություն չլիներ Արցախում, ձեզ կհաջողվե՞ր Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգ ապրելու հարցը ԼՂ-ում միջազգային մեխանիզմներով ապահովել, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Մենք ամեն ինչ անում էինք դրա համար։ Մեղադրում եմ իրենց դա տապալելու մեջ։ Մենք անում էինք ամեն ինչ, որ ԼՂ ժողովուրդը կարողանար անվտանգ ապրել ԼՂ-ում, բայց հետո եղավ այն, ինչ եղավ»։
Լրագրողների փաստմանը՝ դուք չէիք բացահայտում՝ ի՞նչ միջազգային մեխանիզմներով է դա ձեզ հաջողվել ձևավորել, Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան ասաց․ «Բազմիցս խոսել ենք, որ մեր քաղաքականությունը միտված էր նրան, որ ԼՂ ներկայացուցիչներն ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ, ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների շուրջ։ Կային նախաձեռնություններ հանդիպումների՝ այդ թվում երրորդ երկրների»։
Լրագրողները հիշեցրին՝ Ադրբեջանն ինտեգրացիայի օրակարգն էր պարտադրում՝ ասելով լուծարեք ամեն ինչ և եկեք ինտեգրացիայի, դա՞ էիք բանակցում, ՀՀ ԱԺ փոխնախագահն արձագանքեց․ «Իսկ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից ԼՂ-ում իշխանափոխության իրականացումից հետո այդ լուծարումը տեղի ունեցա՞վ , թե՞ ոչ։ ԼՂ-ի լուծարման փաստաթուղթը մե՞նք ենք ստորագրել, թե՞ իրենց պրոտեժեները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ