Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ուղիներ կան սրանցից ազատվելու: Բանն այն է, որ այդ ուղիները շատ չեն. ՀՀԿ փոխնախագահ

Ապրիլ 15,2025 20:30

«Այսօր, երբ պետականությունը վտանգված է, մենք վերահաստատում ենք մեր ներկայիս հիմնական խնդիրը՝ ապահովել Հայաստանում իշխանափոխություն եւ ազգային առաջնահերթություններով առաջնորդվող քաղաքական իշխանության ձեւավորում»,- ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում ասաց ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը:

Նա պատմեց, որ մարզային այցելությունների ժամանակ մի հիմնական հարց են բնակիչներն իրենց ուղղում՝ երբ ենք սրանցից ազատվելու. «Ինչ ուղիներ կան սրանցից ազատվելու: Բանն այն է, որ այդ ուղիները շատ չեն. հերթական ընտրություններն են, արտահերթ ընտրությունները, վարչապետին անվստահություն հայտնելն է՝ լրջախոհ քաղաքական գործիչ վարչապետ ընտրելով: Բոլորդ էլ բացառում եք չորրորդ տարբերակը, որ այս վարչապետը հրաժարական կտա»:

Հերթական ընտրությունները, ըստ Հարությունյանի, ունեն իրենց մարտահրավերները: Նրա խոսքով, այս իշխանություններն արդեն ապացուցել են, որ ոչ միայն լայնածավալ վարչական ռեսուրս են կիրառում, այլեւ միջազգային հանրության լռելյայն հայացքի ներքո օգտագործում են ժամանակակից դիկտատուրայի բոլոր միջոցները՝ սկսած գրպանային դարձրած պետական լրատվամիջոցներից մինչեւ փողոցային խուժան:

Հարությունյանի խոսքով, սա չի նշանակում, որ ընտրությունների վրա պետք է խաչ քաշել, բայց դրանց պետք է մոտենալ իրատեսորեն:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններով իշխանափոխությանը՝ ՀՀԿ փոխնախագահը նկատեց որ այդ տարբերակը էլ ավելի անբարենպաստ սցենար է: Ըստ նրա՝ իշխանությունը կգնա դրան միայն իրեն հարմար պահին, իսկ ընդդիմության համար դա վատագույն տարբերակն է՝ հաշվի առնելով նաեւ, որ քարոզչության համար նախատեսված ժամանակահատվածը շատ կարճ է:

Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելուն, պարոն Հարությունյանն ասաց՝ անհրաժեշտ է 54 ձայն, ու դեռ ՔՊ-ից էլ առնվազն 19 պատգամավորի ձայն ապահովելու անհրաժեշտություն կա. «Դա հնարավոր է, բայց հնարավոր է միայն այն դեպքում երբ կա հզոր հանրային ճնշում: Իսկ արդյո՞ք արդեն պատրաստ ենք այդ հզոր հանրային ճնշումն ապահովելուն, կարծում եմ՝ ոչ: Իսկ հերթական ընտրությունների օրն անընդհատ մոտենում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930