2025 թվականի ապրիլի 1-ի ՍԴՈ-1775 որոշման վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանն ապրիլի 10-ին հայտնել էր Հատուկ կարծիք՝ որոշման եզրափակիչ մասի եւ դրա հիմքում դրված պատճառաբանությունների վերաբերյալ, որի մասին վերջապես երեկ տեղեկացանք ՍԴ -ից: Այն մոտ 17 էլեկտրոնային էջ է:
Որոշումը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործին, որը, հիշեցնեմ, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց:
Ըստ Հատուկ կարծիք հայտնած դատավորի` «Դիմողի կողմից չի հիմնավորվում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության խախտումը, այդ թվում՝ սեռով պայմանավորված խտրականության առկայությունը, դիմողն իր տեսակետը հիմնավորելիս չի ներկայացրել որեւէ հիմնավոր փաստարկ օրենսդրի կողմից իրավահարաբերությունների սուբյեկտների միջեւ հավասարակշռության անհամաչափ պահպանման առնչությամբ, բավարարվել է միայն պնդումներով առ այն, որ վիճարկվող դրույթները խախտում են կանանց սահմանադրական իրավունքները՝ դրանց անհամաչափ միջամտությամբ, դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում կատարված օրենսդրական փոփոխություններին՝ առավելապես մատնանշելով դրանց ոչ պատճառաբանված լինելը, որպիսի հանգամանքն ինքնին դեռեւս չի հիմնավորում վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը»:
Անդրադառնալով ՄԻԵԴ նախադեպային իրավունքին եւ ՍԴՈ-775 որոշմանը, որին հղում էր կատարել ՄԻՊ-ը, ՍԴ դատավորը նշում է. «Սակայն երկու գործերին կատարված հղումները, կտրված գործի փաստական եւ իրավական հանգամանքների ընդհանուր համատեքստից, չեն կարող ամփոփել ՄԻԵԴ-ի ողջ պրակտիկան եւ ուղեցույց դառնալ սույն գործով ելքային լուծման համար……մասնավորապես՝ 8-րդ հոդվածի համաձայն ծնողին չի կարող տրամադրվել այնպիսի միջոցներ ձեռնարկելու իրավունք, որոնք վնաս են հասցնում երեխայի առողջությանը եւ զարգացմանը»:
Կարդացեք նաև
Այս գործով ՄԻՊ-ը հղում էր կատարել նաեւ 2025 թվականի հունվարի 14-ի ՍԴՈ-1766 որոշմանը, համաձայն որի, Սահմանադրական դատարանը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է «Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող եւ անվավեր այն մասով, որ որդեգրելու նախապատվության իրավունք չունեցող անձի եւ որդեգրվողի միջեւ տարիքային առավելագույն տարբերությամբ պայմանավորված որդեգրման արգելք սահմանելով, այդ արգելքից որեւէ բացառություն չի նախատեսում՝ իրավակիրառին զրկելով յուրաքանչյուր կոնկրետ գործի բոլոր հանգամանքները` երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու հնարավորությունից»:
Դատավոր Վաղարշյանն անթույլատրելի է համարել վերարտադրության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով երեխա ունենալու եւ որդեգրման միջեւ զուգահեռների անցկացումը, քանզի դրանք որպես հասարակական հարաբերություններ իրենց բնույթով իրարից էականորեն տարբերվում են: Որդեգրումը կանխատեսելի եւ վերահսկելի է, կարող է նաեւ ճանաչվել անվավեր՝ երեխայի լավագույն շահերից ելնելով, մինչդեռ օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու տարիքային սահմանափակման հիմքում ընկած են տարիքով պայմանավորված բժշկաֆիզիոլոգիական, բնական օրինաչափություններ, որոնք չունեն լրիվ վերահսկելիություն, հավաստիություն, իսկ շատ դեպքերում անդառնալի ու անուղղելի են:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.04.2025