Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախկին ու ներկայիս նախագահները փորձի փոխանակում են անում. «Հրապարակ»

Ապրիլ 16,2025 10:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ԿԸՀ-ն իր կազմավորման 30-ամյակի կապակցությամբ զարգացման նոր պլան է մշակել` 2025-2028 թվականների համար։ Այն հաստատվել է ապրիլի 10-ին, որից հետո հանդիսավոր ընդունելություն է եղել, որին հրավիրված են եղել ԿԸՀ նախկին անդամներ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հետաքրքիր կազմ է հավաքել իր հարկի տակ` Տիգրան Մուկուչյան, Խաչատուր Բեզիրջյան, ներկայիս անդամներ Սեյրան Շահսուվարյան, Սիլվա Մարկոսյան, որոնք ընտրական գործընթացների մասնակցության հարուստ ու ոչ միանշանակ փորձ ունեն։ Սեյրան Շահսուվարյանը, օրինակ, ժամանակին «Զինուժում» էր` նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակն էր: Սիլվա Մարկոսյանը հին ՀՀԿ-ական է, իսկ ԿԸՀ ներկայիս նախագահը միջոցառման մասնակիցների առնվազն կեսի հետ անցյալում բուռն ու երկարատեւ պայքարի մեջ է եղել, նրանց օրոք տեղի ունեցած ընտրություններից հետո բռնությունների է ենթարկվել, ընտանիքով հալածվել։ Միջոցառման մասին հարցուփորձ արեցինք ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանին, որն այս մարմնի ղեկին էր 2011-2022 թվականներին: «Առանձնահատուկ բան չի եղել: Բոլոր տարիների ԿԸՀ նախագահներին հրավիրել էին, նաեւ ԿԸՀ կազմն էր: Սկզբունքորեն բոլորն էլ ներկա էին, ովքեր Հայաստանում են: Կարճ, փոքր շփում եղավ։ Այդքանը»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանի կադրը, որը ՀՀԿ-ի ժամանակ կայացած ընտրական գործընթացներն էր համակարգում` ընդհուպ մինչեւ 2022 թվականը: Տիգրան Մուկուչյանի հետ զրույցից տպավորությունն այնպիսին էր, թե նա հիմա էլ է շարունակում մնալ ԿԸՀ նախագահ:

– Ինչո՞ւ են նույն կեղ­ծիք­ները կրկնվում: Այս անգամ մենք տեսանք, որ Գյումրիում հին տեխնոլոգիաներ կիրառվեցին՝ լույսեր էին անջատում, ինչպես հին ժամանակներում, վարչական ռեսուրս եւ այլն:

– Ես միշտ ասել եմ ու կրկնում եմ նույնը՝ յուրաքանչյուր հանգամանք պետք է ուսումնասիրվի փաստերի համադրությամբ. ցանկացած դեպք, որ տեղի է ունենում ընտրությունների օրը, որը տարակերպ ընկալումների տեղիք է տալիս, պետք է մանրակրկիտ ու փաստական հանգամանքների ուսումնասիրմամբ գնահատվի, որովհետեւ այդ ամենը կարող է լինել զուտ տեխնիկական խնդրից մինչեւ ամենատարբեր այլ պատճառներ:

Հ.Գ․ Փորձեցինք ԿԸՀ ներկայիս նախագահ, մեր նախկին կոլեգա Վահագն Հովակիմյանի հետ կապ հաստատել, սակայն նա չարձագանքեց, չցանկացավ հարցերի պատասխանել: Դիմեցինք նրա նախկին կուսակցին՝ ՀԱԿ իրավախորհրդատու Արմեն Խաչատրյանին, որը եւս ընտրակեղծիքների բովով անցած գործիչներից է: Վահագնը եւ այն մարդիկ, որոնց օրոք ԿԸՀ ներկայիս նախագահին, նրա հորը դատում էին` հերթական ընտրությունից հետո, այսօր միասին ԿԸՀ 30-ամյակն են տոնում, ինչպե՞ս եք սա գնահատում: «Նորմալ է` փորձի փոխանակում են անում Գյումրիից հետո ու 26 թվականի ընտրություններից առաջ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930