Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոն՝ որպես արվեստ, հանրության հետ խոսելու բացառիկ հնարավորություն է ընձեռում, իսկ հանրության հետ խոսելը՝ մեծագույն շնորհ է». Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 16,2025 13:04

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է: Ի նշանավորումն օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիպել են կինոաշխարհի ներկայացուցիչներին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին տոնի կապակցությամբ, կարևորել է նրանց դերը հայ կինոյի զարգացման ու հանրահռչակման, նոր ժամանակներին համահունչ կայացման գործում:

«Կինոն՝ որպես արվեստ, այն գործունեությունն է, որը հանրության հետ խոսելու բացառիկ հնարավորություն է ընձեռում, իսկ հանրության հետ խոսելը՝ մեծագույն շնորհ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն առանձին ծրագիր է իրականացնում մշակույթի ոլորտի հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին գնահատելու և խրախուսելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը նաև ասել է, որ Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է  ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը, որով մինչև 35 տոկոս վերադարձ է նախատեսվում կինոյի ոլորտում կատարվող ներդրումների համար։

Կինոյի մասնակի ներդրումների վերադարձը, ըստ Ժաննա Անդրեասյանի, կինոոլորտում զարգացման նոր խթան կհանդիսանա՝ բացելով գործունեության լայն դաշտ։  Նախարարը վստահեցրել է, որ պետությունը կանգնած է լավ գաղափարների կողքին, նաև կոչ է արել ուսանողներին չսահմանափակել երազանքները և ակտիվորեն մասնակցել տարբեր ծրագրերի:

«Ուրախ եմ, որ հայկական կինոն, հատկապես վերջին տարիներին, բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում տարբեր միջազգային հարթակներում ներկայանալու, փառատոներում հաջողություններ գրանցելու հարցում: Պետության քաղաքականությունը միտված է կինոարտադրությունը որպես ինդուստրիա կայացնելուն»,- ասել է նախարարը՝ մասնավորապես անդրադառնալով աշխարհի ամենահեղինակավոր Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում ընդգրկված «Օձի ապուր» դեբյուտային անիմացիոն  ֆիլմին: Այն նկարահանվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որի ռեժիսորը Զաքար Դեմիրճյանն է, իսկ պրոդյուսերը՝ Րաֆֆի Մովսիսյանը:

Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև «Օձի ապուր» դեբյուտային անիմացիոն  ֆիլմի դիտումը, որին հաջորդել է ֆիլմի քննարկումը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930