«Եկեք ոստիկաններից պահանջենք իրենց հիմնական գործառույթը, իսկ հիմնական գործառույթը հումանիզմը չէ: Նման գործառույթ ունեցող շատ մասնագետներ ունենք՝ բժիշկներ, մանկավարժներ, քաղաքական գործիչներ եւ այլն: Ոստիկանների հիմնական գործառույթը սանկցիա կիրառելն է, այդ թվում, եթե անհրաժեշտություն կա` նաեւ բռնություն գործադրել: Իրենք միակ մարմինն են, որ իրավունք ունեն բռնություն կիրառել, ֆիզիկական ուժ, լավ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Պատգամավորի խոսքով, մենք անընդհատ խոսում ենք բարեփոխումների ձեւից՝ նոր մեքենաներ, նոր համազգեստ, տեխնիկական հագեցում, դասընթացներ, բայց արդյունքների մասին պետք է խոսենք.
«Մենք ունեցել ենք 40.227 հանցագործություն, որից բացահայտվել է 8881-ը: Մենք ե՞րբ ակնկալենք, որ մենք առաջընթաց կունենանք նաեւ այս թվերի առումով»,- հարցրեց պատգամավորը՝ մեջբերելով հանցագործությունների բացահայտման վերաբերյալ իր ուսումնասիրությունը ՌԴ-ում, Գերմանիայում եւ այլ երկրներում: Պատգամավորը նկատեց, որ իր ուսումնասիրած գրեթե բոլոր երկրներում հանցագործությունների բացահայտման թիվը առնվազն 50 տոկոս է կազմում:
Կարդացեք նաև
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ի պատասխան Թորոսյանի` ասաց, որ նա իր տվյալները մեջբերում էր գլխավոր դատախազի տարեկան հաղորդումից, բայց դրան պետք է ամբողջական անդրադառնանք. «Դատախազն ունի մեջբերում, որ անցած տարվա համեմատ բացահայտումների աճի տոկոս ունենք: Իսկ որ միջազգային փորձի օրինակներ ենք վկայակոչում, պետք է հասկանանք, թե որ երկրում բացահայտում ասելով՝ ինչ նկատի ունենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ