Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին լրագրողները հարցրեցին՝ թե ԽՍՀՄ տարիներին կոմունիստները կուլակաթափ էին անում մեծահարուստներին, կո՞ղմ է արդյոք այդ քայլին։
Նա կարծիք հայտնեց, որ պետությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պիտի ունենա իր սեփականությունը։
«Ես կողմնակից եմ չինական մոդելին, Աստված կամենա, գանք, էնտեղ հասնենք, այ էդ ժամանակ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները, էն մեծ գումարները, որ գալիս է որևիցե մի բիզնեսից, չենք թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինեն, որպես ի՞նչ։ Անպայման դրանք պետք է լինեն պետական սեփականություն»,-ասաց Ղուկասյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ՝ բա դուք ո՞նց եք հարստացել, Գյումրու նորընտիր քաղաքապետը պատասխանեց․ «Ուշադիր լսիր, ես նախ հոգեպես եմ հարուստ, երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ, 12 տարեկանից աշխատել եմ, ամբողջ քաղաքը գիտի, մինչև էսօր իմ գործարանների մնացորդները մնացել են․ գուլպա-նասկեղենի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոներ, ներկրում, արտահանում, ֆերմերություն ։
Կարդացեք նաև
82 թվականին ես 21 տարեկան եմ եղել, պատկերացրու, եղել եմ խանութի վարիչ, 200 գլուխ էլ մայր անասուն եմ ունեցել Լենգեսում, հասկանալի՞ է և էդպես շարունակ։
Մինչև էսօր ես ունեմ հսկայական ֆերմա․ էն թվերից՝ Լենինականի ժամանակներից, Շիրակի մարզի առաջին ֆերմերն եմ եղել։ Կաթի գործարան ունեմ, կաթի վերամշակման էդ ամեն ինչը ես ունեցել եմ էն թվականներից»։
Հարցին՝ իսկ քաղաքապետ եղած տարիներին ինչ-որ բան հետ գցե՞լ եք, ձեր ունեցվածքն ավելացե՞լ է, թե՞ պակասել, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Պակասել է, ուրեմն քո ուշքումիտքը 17 տեղանոց հյուրանոցի մասին է (նկատի ունի իրեն պատկանող Ալեքսանդրապոլ հյուրանոցը. Ն. Ա.), գնա հատ-հատ հաշվի, 17 սենյակ է։ Հլը մի հատ գնա Երևան նայի, 170 սենյականոց հյուրանոցները թողել եք, զրոյից սարքածի հետևից ես ընկել, ընդ որում՝ դրա բացատրությունը հստակ կա, էնպես որ վախենալու տեղ չունենք, եթե վախենայինք, մեր վրա չէր գրանցվի»։
Հարցին էլ, թե իր ունեցվածքից որևէ բան պատրա՞ստ է պետությանը վերադարձնել, Վարդան Ղուկասյանն ասաց․ «Իմ ունեցվածքից որպես ի՞նչ տամ էս պետությանը։ Ասենք ինչո՞ւ համար տամ, որ դրանից հետո իրենց օլիգարխները սեփականաշնորհեն, ինչպես «Գոլդեն փալասը», որը հիմա առան մեկից, իրենց վրա սեփականաշնորհեցին։ Ես պատրաստ եմ ինչ ունեմ-չունեմ ժողովրդին տամ, ոչ թե մեկից վերցնեն, տամ մյուսին։ Սա ինձ հետ չէ, այ՝ նա ինձ հետ է, հիմա նրանից վերցրեք, տվեք նրան, որովհետև նա իմ օլիգարխն է։
Գիտեք, երկրի ամբողջ ընդերքը, հանքարդյունաբերությունը գրանցված է օֆշորներում։ Դրա համար ձայն տվեցինք, ասում էր՝ պտի գամ, հետ բերեմ, բա ո՞ւր են էդ ոսկու հանքերը, մոլիբդենները, պղնձի ու ալյումինի հանքերը, ո՞ւ են էդ պետական սեփականությունը ջրերն ու մնացածները»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. Վարդան Ղուկասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ծառայողական ավտոմեքենաներից օգտվելո՞ւ է։ Նա պատասխանեց, որ նախկինում էլ իր մեքենաներն է օգտագործել. «Հավանաբար, ես կլինեմ զրահապատ մեքենայով, էնքան ժամանակ, մինչև 2007թ-ի սպանության փորձն ու սպանությունները չբացահայտվեն»։