Լրահոս
Օրվա լրահոսը

«Լռեցված ոճիրը. Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների բռնի տեղափոխումը»

Ապրիլ 16,2025 23:35

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ընթերցողների լայն շրջանակին է ներկայացնում The Silenced Crime: Forcible Child Transfer During the Armenian Genocide (խմբագիր՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյան) հատորը: Գիրքը ներկայացնում է ՀՑԹԻ–ի գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Նարինե Մարգարյանի, Շուշան Խաչատրյանի, Ռոբերտ Թաթոյանի, Հարություն Մարությանի, ինչպես նաև ֆրանսահայ պատմաբան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Գևորգյանի ուսումնասիրությունները: Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցաբար տպագրված այս գիրքը Brill հրատարակչության նոր՝ Armenian History and Culture (Հայոց պատմություն և մշակույթ), շարքի մեկնարկային հատորն է: Շարքի խմբագիրներն են պ.գ.դ. Աշոտ Հայրունին և պ.գ.թ. Ռոբերտ Սուքիասյանը:

Հեղինակների հետազոտությունները նվիրված են Հայոց ցեղասպանության ժամանակ հայ երեխաների բռնի տեղափոխման և ձուլման երևույթի տարբեր կողմերին՝ որպես հայ ինքնության դեմ ուղղված երիտթուրքական վարչակարգի համակարգված գործողություն։

Հայ երեխաները դարձան ցեղասպանական ավելի լայն ռազմավարության թիրախ՝ բռնի կերպով կտրվելով իրենց արմատներից, տեղափոխվելով իսլամադավան ընտանիքներ կամ պետական որբանոցներ։ Կառավարական հրամանագրերի և շարքային քաղաքացիների նախաձեռնությունների համակարգված գործադրմամբ՝ երեխաների ազգային ինքնությունը համակարգված կերպով ջնջվում էր՝ կրոնափոխության և անձնական տվյալների փոփոխության, երեխաների իրական ծագումը սքողելու միջոցով։

Պատմական, իրավական, կրոնական, մարդաբանական, վիճակագրական և սոցիոլոգիական տեսանկյուններից գիրքը ներկայացնում է երեխաների բռնի տեղափոխումը որպես Հայոց ցեղասպանության հիմնական բաղադրատարր, նաև անդրադառնում այդ երեխաների ազատագրման, իրենց հայկական ինքնությանը վերադարձնելու ջանքերին։

Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել հետևյալ հղմամբ:

Գրքի ֆիզիկական օրինակները հասանելի կլինեն մայիսի 12-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930