Այսպես էր սկսվում. պատմական հիշողություններ Ղարաբաղի ընտրությունների նախօրեին
19… չեմ հիշում՝ որ թվական։ Լեռնային Ղարաբաղ առանձնատարածքի խաղաղ բնակիչները, որոնք աշխարհին հայտնի են իրենց համառությամբ, կողքի երկրների 20 տոկոսը կամ նախագահի պաշտոնը գրավելու բացառիկ ընդունակությամբ, ուխտադրուժ կերպով խախտեցին 1989 թվականի դեկտեմբերին մեկին ընդունված պատմական որոշումն այն մասին, որ իրենք հարևան բարեկամական երկրի մի մասն են, ու վճռեցին սեփական Գերագույն խորհուրդն ստեղծել։
Այն ժամանակ ես, ինչպես ինձ էր թվում՝ ջահել էի, և աշխատում էի հարևան բարեկամական երկրի Գերագույն խորհրդում. արձանագրում էի այդ երկրի պատմական առաջնորդների, ինչպես իրենց էր թվում՝ պատմական որոշումները։ Այդ ժամանակ, ինչպես հիմա է պարզվում, խորհրդարանում դեռ լավ էր՝ չէին կրակում, իսկ բուֆետում էժան կոտլետ էին վաճառում, որը կարելի էր ըմբոշխնել հանրագիտարանային դեմքերի՝ Իգորի, Կտրիճի, Սամսոնի և Խաչիկի բարեկամական հարևանությամբ։
Երբ Լեռնային Ղարաբաղ առանձնատարածքի խաղաղ բնակիչները ինչ-որ պատմական բաներ են նախաձեռնում. իսկ նրանք այն ժամանակ տարին մի քանի անգամ ինչ-որ պատմական բան էին նախաձեռնում. աշխատում են այնպես անել, որ անպայման տոնդ փչացնեն։ Նոր տարի էր, սովորականի պես խմում էինք այդ նույն առանձնատարածքի խաղաղ բնակիչների, ծնողների ու երեխաների կենացը. Լևոնի կենացն այն ժամանակ արդեն ոչ ոք չէր խմում, նույնիսկ ընդհակառակը։
Կարդացեք նաև
Ու երբ հասանք այն կենացին, ըստ որի՝ ով փող չունի, նա անտեր է, ով սեր չունի, նա դժբախտ է, ես լսեցի մի անուշ զանգ։ Ու միանգամից հասկացա, որ առանձնատարածքի խաղաղ բնակիչները հերթական անգամ ինչ-որ նեվերոյատնի պատմական բան են նախաձեռնել։ Եվ ես ու իրավաբանական բաժնի Արամը (ո՞նց ես, Արա՛մ, կոմպ ունե՞ս, բա մի հատ բարևագիր ուղարկիր [email protected] հասցեով) հավաքեցինք տոնական սեղանի խունացած պասուց տոլմաներն ու աբխազական անջատողական մանդարինները և գնացինք այդ առանձնատարածքի պատմական բանը մի կողմից արձանագրելու, մյուս կողմից՝ իրավաբանորեն հիմնավորելու։
Ես էի, Արամը, Կիմը, Իգորը, Դավիթը (Կալաշնիկովի համարը մինչև այժմ հիշում եմ՝ XXI century.com)՝ ուղղաթիռով գնացինք հայ անջատողականների առաջին պատմական նստաշրջանը բացելու։
Ագրեսիվ անջատողականները մեզ շատ ջերմ ընդունեցին՝ ծխելու բան բերե՞լ եք։ Հետո միայն հասկացանք, որ անջատողականները ոչ միայն ծխելիք, այլև նույնիսկ ուտելիք չունեն և միայն լիքը խմելիք ունեն։ Ու բոլորը հրավիրում էին Ղարաբաղի հարցը առանց ուտելիքի, բայց խմելիքով լուծելու։ Ու ես, Արամը, մնացած դեմքերը գնացինք տարբեր տներ և սկսեցինք 50 առ 50 լուծել Ղարաբաղի վիճահարույց հարցը։
Անջատողականներից մեկը գայթակղիչ առաջարկ արեց՝ ղարաբաղյան խմելիքը վերցնենք, ուղղաթիռով գնանք Լիսաբոն, Կոպենհագեն, Ժնև, այնտեղի պռոշյաններից իրենց բարբեքյու չալաղաջները վերցնենք, գնանք Մինսկից մի խումբ աղջիկ վերցնենք, սովխոզի նախագահ Լուկաշենկոյին էլ հետները, Դրեզդենից էլ՝ կգբ-ական Պուտինին, Արկանզաս առանձնատարածքից՝ Բիլ Քլինթոնին, ու միասին գնանք Նախիջևան՝ Ալիևի մոտ, Ղարաբաղի հարցը ընկերավարի լուծենք։ Թերահավատ անջատողականներից մեկը կասկած հայտնեց՝ Քլինթոնը չի գա։ Բայց իմփիչմենթի մասնագետ Դավիթը, որը հետագայում իր հատուկ ծառայությունների միջոցով համարյա իմփիչմենթի հասցրեց ամերիկացի նախագահին, բայց ղարաբաղցի նախագահին չկարողացավ նույնն անել, ասաց՝ «Քլինթոնը կգա. հենց որ լսի աղջիկների Մինսկի խմբի մասին, կգա»։
* * *
Արդեն լուսանում էր, իսկ Շուշիի կողմից դեռ ոչ մի «Ալազան» կամ «Գրադ» չէր եկել։ Ես ու Արամը ողջ գիշեր առանձնատարածքի հարցն էինք լուծում Սաշայենց տանը։ Այդ գիշեր այնքան խոսեցինք, որ Սաշան հետագայում դարձավ անջատողականների նախագահի խոսնակ։ Ճիշտ է, նրա բախտն այնքան էլ չբերեց՝ կարճ ժամանակ անց նախագահն արտագաղթեց հարևան բարեկամական երկիր, հիմնավորվեց Բաղրամյանի ճերմակ առանձնատանը և բարեկամական երկրի բոլոր բնակիչներին հռչակեց իր կուսակցության անդամներ։ Հետագայում կուսակցությունը սկսեց համաշխարհային բնույթ ստանալ, քանզի կուսակցության՝ տանջվածի կարգավիճակ ունեցող անդամները անընդհատ մեկնում էին աշխարհի տարբեր մայրցամաքներ՝ քարոզչություն անելու, և այլևս չէին վերադառնում։ Եվ Ինտերպոլն այնքան ծանրաբեռնվեց ներկա նախագահի հարազատ կուսակցության տասնյակ հազարավոր անդամներին փնտրելով, որ մինչև այժմ չի կարողանում գտնել նախորդ նախագահի կուսակցության անորսալի առաջնորդին։
Բայց վերադառնանք Ստեփանակերտ (հակասահմանադրական ենթատեքստ մի՛ փնտրեք այս հորդորի մեջ, քանզի այն ամենևին էլ հասցեագրված չէ այն մարդկանց, որոնց դուք նկատի ունեք)։ Եվ ուրեմն, ինչպես արդարացիորեն նշված է նախորդ պարբերությունում, արդեն լուսանում էր, ու ղարաբաղյան հարցի հանգամանալից լուծումից հետո ոչ ոք չէր ուզում արթնանալ։
Պարտաճանաչ անջատողական Սաշան անընդհատ փորձում էր արթնացնել հարևան բարեկամական երկրից եկած արձանագրողներիս և իրավաբաններիս՝ հիշեցնելով «բա, Կիմը չի՞ ասել, որ ուղիղ 9-անց կեսին լինեք մեր պատմական նստաշրջանի բացմանը։ Բայց մենք նրա հայրենասիրական կոչին տրամաբանորեն պատասխանում էինք ոչ պակաս հայրենասիրական խռմփոցով։ Այդ ժամանակ Սաշան վերցրեց իր հին անջատողական ակորդեոնը և սկսեց նվագել Բեռլիոզի բոլոր գրված ու չգրված ստեղծագործությունները երկու անջատողական ձեռքի և երկու անջատված հայաստանցիների համար։
Մենք՝ հայերս, իհարկե, ի վերջո արթնացանք, բայց ինչպես միշտ է եղել մեր բազմադարյա պատմության ընթացքում, մինչև հայերն արթնանում են, արդեն ուշ է լինում։ Սաշան անողոքաբար փաստեց՝ չէ՞որ Կիմը ձեզ ասել էր, որ 9-անց կեսին լինեիք, իսկ հիմա արդեն 10-անց կես է։ Արամը, որի մոտ էր պատմական նստաշրջանի անցկացման ողջ սցենարը, անմռունչ արձագանքեց՝ «Սաշա՛ ջան, ինչու՞ ես անհանգստանում, Կիմն ասել է 9-անց կեսին, 9-անց կեսին էլ կլինենք»։ Անջատողական Սաշան պապանձվեց. համաձայնե՛ք, նման իրավական փաստարկին դժվար է որևէ բան հակադրել նույնիսկ այն դեպքում, եթե ունես տարածաշրջանի ամենահզոր բանակն ու տարածաշրջանի ամենաանջատող օղին։
Բայց ի վերջո որևէ ահավոր բան չպատահեց։ Պարզվեց, որ պատմական նստաշրջանի մնացած մասնակիցներն էլ էին ողջ գիշեր առանց ուտելիքի քննարկել ղարաբաղյան հարցը։ Եվ միայն բարոնուհի Քերոլայն Քոքսն էր անգլիական ճշտապահությամբ եկել 9-անց կեսին՝ իր հավերժական բարոն, այսինքն, պարոն Ջորրիի ուղեկցությամբ։
Է՛հ, Սաշա՛, չլիներ քո անջատողական ակորդեոնը, չէին արթնանա հայերը, անջատողականները պատմական նստաշրջան չէին անցկացնի, Ղարաբաղն էլ կմնար Հայաստանի կազմում։ Ու Հայաստանն էլ, ներողություն իրողությանս համար, ձեր կազմում չէր լինի։
Է՛հ, Սաշա ակորդեոնիստ, Սաշա սեպարատիստ։
Բամբարգիա Գերղունդու (Արմեն Դուլյան)
Ծանոթագրություններ
* Հոդվածն, ամենայն հավանականությամբ, գրվել է կա՛մ Արցախի խորհրդարանի 2000 թվականի հունիսյան ընտրություններին, կա՛մ Արցախի նախագահի 2002 թվականի օգոստոսյան ընտրություններին նախորդող շրջանում։
*Գրվել է տպագիր «Առավոտ» թերթում հրապարակելու համար։ Այդ տարիներին «Ազատություն» ռադիոյի Պրագայի գրասենյակում աշխատող Արմեն Դուլյանն այն ստորագրել է Բամբարգիա Գերղունդու անունով (այդ ստորագրությամբ քաղաքական երգիծական հոդվածների շարք է հրապարակել «Առավոտում»)։
*Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1991 թվականի հունվարի 28-ին, և Գերագույն խորհրդի առաջին նիստը պետք է գումարված լինի 1992-ի հունվարի սկզբին։
*Արմենն Դուլյանն այդ ժամանակ աշխատում էր Հայաստանի Գերագույն խորհրդի արձանագրությունների բաժնում, որտեղից իրավաբանական վարչության անդամ Արամի հետ իրոք գործուղվել էին Ստեփանակերտ՝ իրավաբանորեն կազմակերպելու և արձանագրելու պատմական այդ նիստը։
* Սաշա ակորդեոնիստը կամ Սաշա սեպարատիստն Ալեքսանդր (Սաշա) Գրիգորյանն է, որը դարձավ ԼՂ նախագահի խոսնակ, և որն իրոք այդ օրը քնած երևանցիներին արթնացնելու համար նրանց ականջի տակ ակորդեոն է նվագել ու ստացել Արամի հենց նույն պատասխանը։
* Իգոր, Կտրիճ, Սամսոն և Խաչիկ՝ Իգոր Մուրադյան, Կտրիճ Սարդարյան, Սամսոն Ղազարյան և Խաչիկ Ստամբոլցյան։
*Լևոն՝ Լևոն Տեր-Պետրոսյան։
*Առանձնատարածք և անջատողակններ բառերը այդ տարիներին միջազգային «առաջադեմ» հանրության որակումներն էին Արցախին ու արցախցիներին։
*Կիմ՝ Կիմ Բալայան։
*Դավիթ՝ երևի Դավիթ Շահնազարյան։
*Ադրբեջանի նախագահն այն ժամանակ Հեյդար Ալիևն էր, որի ծագումնավայրը և քաղաքական հենավայրը համարվում է Նախիջևանը։
*Բիլ Քլինթոնն այդ շրջանում ներքաշված էր սեռական սկանդալի մեջ, նրա դեմ իմփիչմենթի գործընթաց էր սկսվել։ Քաղաքական հիմնավորումներով իմթիչմենթի փորձ կար նաև Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ (սա առավել հավանական է դարձնում հոդվածի՝ 2002 թվականին գրված լինելը)։
*Հայկական ուժերն այդ ժամանակ՝ 1992-ի հունվարին, դեռ չէին ազատագրել Շուշին։
* ԼՂՀ նախկին, ապա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգախոսներից էր՝ իմ կուսակցությունը ժողովուրդն է։
*Ինտերպոլը փնտրում էր Վանո Սիրադեղյանին։