Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ուղերձը իր մեջ ամբողջացրել է իրատեսական հայ քաղաքական գործչի վարքն ու բարքը, որը սերտորեն շաղկապված է քրիստոնեական գաղափարախոսության հետ

Ապրիլ 17,2025 12:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի ապրիլի 14-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստը, որտեղ կուսակցության խորհուրդը հանդես եկավ շատ ուշագրավ ուղերձով։ Ուղերձի յուրաքանչյուր հատվածը արժանի է ուշադրության, այն կարելի է բնութագրել որպես Հայաստանի հանրապետական կուսակցության «Լեռան քարոզը»։ Բավականին խորիմաստ ու բովանդակալից ուղերձ է, որը կարծում եմ, կարող է որպես ուղեցույց ծառայել ոչ միայն հանրապետականների, այլ ընդհանրապես ամբողջ ընդդիմադիր դաշտի և մասնավորապես երիտասարդ քաղաքական-հասարակական կազմակերպությունների համար։

Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս վտանգված իրավիճակը, ըստ իս, այդ ուղերձը հավակնում է նաև պատմական համարվել։ Ուղերձով հիմք է դրվում հայ ազգային քաղաքական մշակույթի ձևավորմանը, որը ներկա պահին Հայաստանում իսպառ բացակայում է։ ՀՀԿ խորհրդի հոբելյանական 35-րդ նիստի ուղերձը Սուրբգրային «Լեռան քարոզի» հետ համեմատելը բացարձակապես չափազանցված չէ և հիմնական նմանությունն այն է, որ «Լեռան քարոզը» իր մեջ ամբողջացրել է ճշմարիտ քրիստոնյայի վարքն ու բարքը, իսկ ՀՀԿ ուղերձը իր մեջ ամբողջացրել է իրատեսական հայ քաղաքական գործչի վարքն ու բարքը, որը սերտորեն շաղկապված է քրիստոնեական գաղափարախոսության հետ։

Գենադի Մնացականյան

Մասնավորապես ուզում եմ առանձնացնել ուղերձում իր պատվավոր տեղը զբաղեցրած հետևյալ երեք սկզբունքները․

1․Ազգայինը համամարդկային է։

2․Պահպանողականությունը արդիական է։

3․Արարչականը իրական է։

Այս կետերից յուրաքանչյուրի մասին կարելի է շատ երկար խոսել, սակայն ամեն ոք կարող է յուրովի ընկալել։ Իհարկե, կարող ենք ասել, որ ասելը հեշտ է, անելն է դժվար, կարող ենք նորից սկսել հերթով շարադրել ՀՀԿ սխալներն ու մեղքերը, սակայն պետք է հաշվի առնել նաև, որ նորանկախ Հայաստանում առաջինը գրանցված ազգային կուսակցությունը կառուցողական քննադատություններին հնարավորինս ըմբռնումով է մոտեցել, իսկ ինքնաքննադատությունից երբեք չի խուսափել և միակ կուսակցությունն է, որ յուրահատուկ ապաշխարության ու ինքնամաքրման շրջան է անցել, և իր հոբելյանական նիստի ուղերձի վերջում խնդրանքով կոչ է անում հայ հասարակությանը, որը ուզում եմ մեջբերել բառացի․ «Խնդրում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում և սփյուռքում մերժել պառակտվածությունը, փոխադարձ անհանդուրժողականությունը և ատելությունը, որոնցով վարակվել է մեր հասարակությունը, և միավորվել ընդհանուր ազգային նպատակների շուրջ»։

Կարծում եմ, ավելորդ չի լինի նաև հիշել, որ Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության տարիներին, այսինքն` մինչև Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունը, պետության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև գոյություն ունեին պատշաճ համագործակցային հարաբերություններ։ Ժամանակները փոխվել են։ Հայաստանի հանրապետականները ի տարբերություն ամերիկյան հանրապետականների՝ հայտնվել են քաղաքական ընդդիմադիր դաշտում և գործնականում Հայ Առաքելական Եկեղեցու հետ ընդհանուր գործառույթներ իրականացնելու որևէ հնարավորություն չունեն։ Միակ բանը, որ ՀՀԿ-ն ու ՀԱԵ-ն կարող են միասին անել, դա իշխանափոխություն իրականացնելու նպատակով համագործակցելն է, ինչը սակայն անհնար է մի քանի պարզ պատճառներով, որոնցից ամենագլխավորն այն է, որ Եկեղեցին, իր տեսակետները ազատ արտահայտելու իրավունք ունենալով հանդերձ՝ քաղաքական ընդդիմություն լինել չի կարող։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930