Ապրիլի 18-ին նշվում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր, եւ այդպիսով հասարակության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրվում է հուշարձանների պահպանության խնդիրներին:
«Յուրաքանչյուր տարի ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ հատկապես շեշտադրելով պատանիների, դպրոցականների ներգրավվածությունը, դպրոցների հետ մարզերում կազմակերպվում են հուշարձանների մաքրման աշխատանքներ, քայլարշավներ, կրթական բնույթի տարբեր ծրագրեր: 50-ից ավելի միջոցառումներ կան նախատեսված, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է ԿԳՄՍ նախարարության կայքում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում թեմայի վերաբերյալ կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հիմնական միջոցառումը կայանալու է Գլաձոր պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ նվիրված Չեսար Օրբելյանին եւ ընդհանրապես Օրբելյանների դերակատարությանը:
Նշենք, որ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում։ Արգելոց-թանգարանի ցուցադրությունը, որն ընդգրկում է ավելի քան 250 ցուցանմուշ, կազմակերպված է Վերնաշենի Սուրբ Հակոբ եկեղեցում, եւ ամբողջանում է Թանահատի վանական համալիրի ընդգրկմամբ, ներկայացնում է համալսարանի հիմնադրման պատմությունը, գործունեությունը, միջնադարյան Հայաստանի հոգեւոր, գիտական, հասարակական կյանքում նրա ունեցած դերն ու նշանակությունը:
Կարդացեք նաև
Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին՝ Գլաձորի համալսարանի 700-ամյակի առթիվ ու գործունեության հիմնական նպատակն է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրությունը եւ հանրահռչակումը:
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը նշեց, որ իրենց կենտրոնի միջոցառումները մեկնարկել են այսօրվանից. «Երեւան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է քննարկում՝ հուշարձանների խնդիրներին առնչվող, զուգահեռաբար բացվում է մեկշաբաթյա ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են վերջին տարիներին Երեւան քաղաքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները եւ հատկանշական իրերը: Վաղը Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կունենանք Լոռի բերդին նվիրված շատ կարեւոր ցուցադրություն, այցելուներին հնարավորություն կտրվի ծանոթանալու միջնադարի մեր այս հայտնի բերդաքաղաք-ամրոցի տարածքում վերջին տարիներին գտնված մշակութային կարեւոր գտածոներին»: Նա հավելեց, որ հանրակրթական դպրոցների հետ իրականացվել են նաեւ դասընթաց-ծրագրեր՝ նվիրված օրվա խորհրդին:
Հարություն Վանյանը, ի թիվս այլնի տեղեկացրեց. «Ընդհանուր առմամբ 20 հուշարձանների վերականգնման աշխատանքներ կան: Նախորդ տարի իրականացվել է 15-ը, որոնցից 3-ն ավարտվել է: Հատուկ ուշադրություն ենք դարձնում որմնանկարների վերականգնմանը, նախորդ տարի ավարտվել են Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների վերականգնման աշխատանքները, այս տարի հայտարարված է Շատիվանքի որմնանկարի վերականգնումը: Նաեւ ազգային փոքրամասնությունների հուշարձանների վերականգնումը մեր ծրագրի կարեւոր մասն է կազմում: Նախորդ տարի շարունակվել է Լոռու մարզի Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցու վերականգնումը, շուտով կսկսվի Սյունիքի մարզի Կավարտի հունական եկեղեցու վերականգնման նախագիծը: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսված է ավելի քան 10 նախագիծ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ