Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան չի կարող լուռ մնալ Ադրբեջանում հայ պատանդների նկատմամբ իրականացվող դատական սկանդալի հանդեպ. Ֆրանսիացի փաստաբաններ

Ապրիլ 17,2025 19:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիական FIGARO պարբերականը հրապարակել է ֆրանսիացի հայտնի  փաստաբանների,  փաստաբանական պալատների նախագահների, իրավապաշտպանների բավականին կոշտ հայտարարությունը, որում կոչ է արվում անպատիժ չթողնել Ադրբեջանին՝ մարդու  հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների  համար: Այն նախաձեռնել է Մոնպելիեի փաստաբանների պալատը:  Ստորև  թարգմանաբար ներկայացվում է կոչ-նամակի բովանդակությունը որոշ կրճատումներով.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի  ստորագրումից 75 տարի անց, Եվրոպան առերեսվում է անընդունելի խախտումների հետ, որոնք չեն կարող անպատասխան մնալ: Ադրբեջանում հայ պատանդների  դատավարությունը պետական անարդարության ամենաբացահայտ դրսևորումներից մեկն է:

Այս դատավարությունը, որը միջազգային լրատվամիջոցներն ու  Եվրախորհրդարանը՝  2025 թ. մարտի 13-ի բանաձևով  որակել է որպես ձևական, ոտնահարում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և ցույց է տալիս  ադրբեջանական ռեժիմի կողմից հայերի նկատմամբ կիրառվող համակարգված ճնշումը: Ադրբեջանը, որը 2002 թվականից Կոնվենցիայի  կողմ է, բացահայտորեն ծաղրում է իր պարտավորությունները, պարբերաբար մերժում է Եվրոպական դատարանի որոշումները՝ հրաժարվելով կատարել որոշումներ, որոնք դատապարտում են հայերի նկատմամբ խտրականության և խոշտանգումների գործողությունները: Այս ինստիտուցիոնալացված բռնապետությունը հասնում է իր գագաթնակետին 23 հայ պատանդների անարդար դատավարությամբ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ և կամայականորեն ձերբակալված քաղաքացիական անձինք:

Այս մարդիկ, որոնք գերեվարվել են էթնիկ զտման համատեքստում, ենթարկվում են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի: Բազմաթիվ  փաստեր կան, որոնք վկայում են այն տառապանքների մասին, որ նրանք կրում են, հատկապես Ռուբեն Վարդանյանը, որի լուսանկարներում ակնհայտ բռնության հետքեր են նկատվում: Նրան շուրջ 45 կեղծ մեղադրանք է առաջադրված: Նա կարողացել էր ընտանիքի միջոցով ուղերձ փոխանցել՝  նշելով, որ  «ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին: Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է»:

Այս խոսքերը հնչում են որպես տագնապի ազդանշան դատական համակարգի դեմ, որը վերածվել է հայերի ճնշման և համակարգված նվաստացման գործիքի: Այս դատավարությունը բացահայտորեն խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը երաշխավորում է արդար և հրապարակային դատաքննության իրավունքը՝ անկախ և անաչառ դատարանի առջև:

Այս խախտումների դեմ կոշտ արձագանքի բացակայությունը սպառնում է մարդու իրավունքների Եվրոպայի հիմքերին:  Սրանով վտանգավոր նախադեպ է ստեղծվում: Չի կարելի հանդուրժել, որ Խորհրդի անդամ պետությունը գործի ապօրինի, առանց պատժի կամ հետևանքի:

Ֆրանսիական և եվրոպական փաստաբանական պալատները պետք է պահանջեն դիտորդների ներկայություն այս պատանդների դատավարության ժամանակ: Եթե եվրոպական փաստաբանները խիզախություն  ունեն ներկա գտնվելու լրագրողների և  այլախոհների դատավարություններին Թուրքիայում, Թունիսում կամ այլուր, ինչո՞ւ Ադրբեջանը պետք է խուսափի դրանից: Արդյո՞ք այն  այնպիսի գերագույն բռնապետություն է, որի առջև մարդու  իրավունքների պաշտպանները նահանջում են: Եվրոպան չի կարող լուռ մնալ այս դատական սկանդալի նկատմամբ: Եվրոպական  կառույցները, անդամ պետությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը պետք է մոբիլիզացվեն՝ այս արդարադատության ծաղրին վերջ տալու համար: Եվրոպայի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի վստահելիությունը այսօր փորձության է ենթարկվում:

Ժամանակն է գործել, որպեսզի անպատժելիությունը երբեք չդառնա նորմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930