ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի եւ ճանաչված պարագետ 97-ամյա Արտաշես Կարապետյանի աշխատասեղանին դրված է իր ինքնակենսագրական գիրքը՝ «Կյանք՝ նվիրված պարին» վերնագրմամբ, իսկ թիկունքում հարուստ գրադարանն է՝ նվիրված պարարվեստին։ Անվանի պարագետին գոհացնում է ունեցած գրքերի ցանկը։ «Այն մարդիկ, ովքեր կարդացել են պարարվեստի մասին գրքեր, մեծ առավելություն ունեն։ Դրանց շնորհիվ տեսարանը բեմադրում ես քո պատկերացմամբ, զարգանում է երեւակայությունդ»,- վստահ ասում է նա։ Սակայն վարպետն այսօր որոշ մտահոգություններ ունի, որոնց շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը։ Խոսեցինք նաեւ ոլորտում առկա խնդիրների, վարպետի անցած ստեղծագործական ուղու եւ ձեռք բերած հաջողությունների մասին։
– Պարոն Կարապետյան, Ձեր ավանդը պարարվեստի ոլորտում անգին է, իսկ Ձեր գործունեությունը՝ անգնահատելի։ Ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց Ձեր մասնագիտական ուղին։
– Մանկության տարիներին հաճախ էի ներկա լինում Վահրամ Արիստակեսյանի ղեկավարած ազգային պարերի անսամբլի փորձերին, որտեղ պարողների շարքում որոնում-գտնում էի հորս՝ Հակոբ Կարապետյանին։ Նրա առնական, հպարտ շարժումները ներշնչում եւ ուժ էին տալիս ինձ։ Իմ առաջին պարային քայլերն արել եմ Երեւանի պիոներների քաղաքային պալատում։ Տասնհինգս դեռ չբոլորած՝ արդեն ընդգրկված էի Թաթուլ Ալթունյանի երգի-պարի անսամբլում որպես պարող։ Իսկ տարիներ անց, 1960 թվականից, Թաթուլ Ալթունյանն ինձ վստահեց անսամբլի պարային բաժնի ղեկավարությունը։
Կարդացեք նաև
– Կա՞ մի պար, որը Ձեզ հատկապես հարազատ է։
– Այդ տարիներին ինձ վստահված մենապարերն էին՝ «Բերդը», «Շալախոն» եւ «Ծափը»։ Վարդգես Ռաշիդյանի հետ մեր կատարած «Կոխ» պարը մինչ օրս մեծ խանդավառությամբ եմ հիշում, իսկ «Սեւանի ձկնորսները» դարձավ իմ այցեքարտը։
– Հանրապետության տարբեր վայրեր շրջելով՝ հավաքագրել եք ավելի քան 200 պար։ Ինչպե՞ս առաջացավ ազգային պարերի հավաքման ու պահպանման գաղափարը։
– Երբ բեմի վրա ես, թվում է, թե ամեն ինչ գիտես պարի մասին։ Բայց հենց ազգագրական նյութերի ուսումնասիրության ընթացքում է, որ սկսում ես հասկանալ այդ արվեստի խորությունը։ Մի պար սովորելու համար հաճախ ճանապարհ եմ բռնել դեպի Հայաստանի ամենահեռու գյուղերը։ Օրինակ՝ Ալաշկերտի «Շխկրտան աղջիկ» պարը գրանցեցի Մարտունու Թազա գյուղում։ Բանահավաքչական աշխատանքը հեշտ չէր։ Կային պարի կրողներ, ովքեր հրաժարվում էին ցույց տալ պարը՝ ասելով, թե ոչ մասնագետների փոխանցմամբ այն կորցնում է իր իսկական տեսքը։ Բայց կային նաեւ մարդիկ, ովքեր մեծ սիրով ու շռայլությամբ փոխանցում էին այն ամենը, ինչ ժառանգել էին իրենց նախնիներից։
– Այնուամենայնիվ, արդյո՞ք հայկական ժողովրդական պարերը որոշ փոփոխությունների ենթարկվում են նախքան հանդիսատեսին ներկայացվելը։
– Յուրաքանչյուր գրանցած պարը մշակելիս միշտ չափազանց զգուշություն եմ ցուցաբերել։ Բեմական փոփոխությունները պետք է արվեն այնպես, որ պահպանվի պարի կոլորիտն ու ոճը, եւ բեմում ներկայացնելիս չխաթարվի դրա բնական համաչափությունը։ Ցավոք, ինքնագործ խմբերի կատարումներում հաճախ տեսնում ենք, թե ինչպես է այդ բալանսը խախտվում՝ փոխելով պարի իսկական ոգին։
– Ձեր կյանքի մի նոր ու կարեւոր փուլ սկսվեց 1988 թվականին, երբ սկսեցիք Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնում դասավանդել Հայ ժողովրդական պար եւ Բալետմաստերի վարպետություն առարկաները։ Ինչպե՞ս ձեւավորվեց այս շրջանի սկիզբը Ձեր կյանքում։
– Տարիների ընթացքում կուտակած փորձը եւ գիտելիքները ցանկություն առաջացրին զբաղվել մանկավարժությամբ։ Միշտ կարեւորել եմ փորձի փոխանցումը նոր սերնդին՝ նրանց տալով ոչ միայն պարագիտական գիտելիքներ, այլ նաեւ բեմական էթիկայի սկզբունքներ։ Համոզված եմ՝ միայն այս կերպ կարող ենք պահպանել եւ զարգացնել հայկական պարի ոգին՝ տարածելով այն նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Այսօր հպարտությամբ կարող եմ ասել՝ իմ ուսանողները բազում հաջողություններ են գրանցել եւ գործունեություն են ծավալում տարբեր հարթակներում։
– Ձեր ձեռքբերումները շատ են, բայց հատկապես ի՞նչը կառանձնացնեք։
– «Մարաթուկ» անսամբլում աշխատած տարիներս համարում եմ գործունեությանս փայլուն էջերից մեկը։ 1984-ից անսամբլում ստանձնեցի անսամբլի պարուսույցի պատասխանատվությունը եւ բանահավաքչության ընթացքում գրառած պարերը ներառելով խաղացանկում՝ պարախմբով հանդես եկանք շատ երկրներում՝ ԱՄՆ, Սիրիա, Լիբանան, Բուլղարիա։
– Պարոն Կարապետյան, ի՞նչ հիմնական խնդիրներ կան այսօր հայկական պարարվեստի ոլորտում, եւ ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում դրանք հաղթահարելու նպատակով։
– Հայկական պարարվեստի դաշտը չափից դուրս թափթփված է։ Ով ասես եւ ինչպես ասես դարձել է պարուսույց։ Մի քանի շարժում են էստեղից-էնտեղից վերցնում եւ իրենց համարում են պարի մասնագետ եւ սերունդ կրթում։ Բավական չէ միայն պարելը, պետք է համապատասխան կրթություն ստանալ, սովորել պարի պատմություն, մարդու անատոմիա, հոգեբանություն։ Պարարվեստը վերածում են բիզնես կենտրոնի։ Մեծ գումարներ են հավաքում ծնողներից՝ փառատոների ու հագուստների համար, բայց բեմում ներկայացնում են չինական պարեր՝ հայկական երաժշտության ներքո։ Սա իհարկե բոլորին չի վերաբերում. մենք ունենք նաեւ բարձրակարգ ու գիտելիքով հարուստ պարագետներ, բայց նրանց թիվը շատ քիչ է։ Նախկինում, եթե խումբը չէր համապատասխանում կանոններին, նրան չէր թույլատրվում բեմ բարձրանալ։ Այսօր պարարվեստի ոլորտում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան օրենքներ եւ սահմանել հստակ վերահսկողություն։
– Կան արվեստագետներ, որոնց արվեստի իսկական շարունակողներն իրենց հետեւից չեն ունենում, սակայն Ձեր դեպքում Ձեր արվեստի իրական ժառանգորդներն այսօր փայլում են բեմում եւ ազգային պարարվեստը՝ որպես հոգեւոր ժառանգություն, փոխանցում են հաջորդ սերունդներին։ Կարելի՞ է ասել, որ սա Ձեր կարիերայի գագաթնակետն է։
– Երբ տեսնում եմ իմ որդիներին, հարսներին, թոռներին եւ արդեն ծոռներին բեմում, երբ վայելում եմ նրանց սերն ու հարգանքը իմ եւ իմ կատարած աշխատանքի հանդեպ, հասկանում եմ, որ ճիշտ ճանապարհ եմ անցել։ Տարիների ընթացքում կատարած աշխատանքս վերադարձել է ամենագեղեցիկ ձեւով։
– Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ պարուսույցներին, որոնք փորձում են իրենց քայլերն անել այս բնագավառում։
– Ժամանակակից պարուսույցներից քչերն են ուշադրություն դարձնում մասնագիտական գրականությանը, հաճախ պատճառաբանելով, թե «պարի մասին գրականություն չկա», «կարդալու բան չկա», կամ «լավ թարգմանություն չկա»։ Իմ խորհուրդն է՝ թողնել այս բոլոր պատրվակները ու սկսել պրպտել։ Պարարվեստի վերաբերյալ շատ արժեքավոր տեղեկություններ կան մեր գրադարաններում, ու դրանք պետք է օգտագործել՝ գիտակից ու գրագետ սերունդ կրթելու համար։
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.04.2025