Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքերդ հեռու այդ սուրբ մարդուց, տիկին Ց. Բ.»

Նոյեմբեր 11,2021 13:30

Գոհար Գասպարյանը՝ Թաթուլ Ալթունյանին թիրախավորած երաժշտագետին

2021թ. հոկտեմբերի 15-ին լրացավ անվանի խմբավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թաթուլ Ալթունյանի ծննդյան 100-ամյակը։

Արվեստագետի թողած ժառանգությունն այնքան մեծ է, որ հնարավոր չէ առանձնացնել ժողովրդական, Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, հայկական, ռուսական, արեւմտաեվրոպական խմբերգային ստեղծագործությունների, երգերի եւ պարեղանակների նրա բազմաթիվ մշակումներից որեւէ մեկը։ Դրանցից մինչեւ այսօր էլ օգտվում են Հայաստանի եւ Սփյուռքի անհատ կատարողները, կոլեկտիվները, այդ թվում՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչները։ Այնուամենայնիվ, մեկ-երկուսն առանձնացնենք։ Ո՞ւմ ծանոթ չեն «Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Խանբաջի», «Քա, դե եսիմ», «Յաման յար» եւ այլ ժողովրդական երգերի ալթունյանական մշակումները։ Թաթուլ Ալթունյանը 32 տարի (1938-70թթ.) ղեկավարել է 1974-ից իր անունը կրող Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը։ Խմբավարը տարբեր տարիների ղեկավարել է նաեւ Երեւանի կոնսերվատորիայի, Հայաստանի երգչախմբային ընկերության եւ Հայաստանի պետական երգչախմբերը։ Բայց արի ու տես, որ նման արվեստագետի կյանքն էլ, մեղմ ասած՝ հանգիստ չի անցել։

«Երեկոյան Երեւան» օրաթերթում ժամանակին տպագրվել է ռադիոյի երաժշտական խմբագրության աշխատակից, արվեստագիտության թեկնածու Ցիցիլիա Բրուտյանի «մատերիալ» հիշեցնող մի հոդված, որտեղ հեղինակը անհիմն մեղադրանքների ճոխ ցանկ էր շարադրել հանրաճանաչ խմբավարի հասցեին, ընդհուպ պահանջելով լուծարել անսամբլը եւ պարտականություններից ազատել նրա «սպառված» ղեկավարին։ Այս մասին «Առավոտին» հայտնեց արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը։

Մեր զրուցակցին խնդրեցինք ավելի մանրամասնել։ «Այդ վայրագությանն առաջինն ընդդիմացավ ժողովրդական արտիստուհի Արաքսյա Գյուլզադյանը եւ Արվեստի աշխատողների տանը հրավիրեց անվանի մտավորականների խորհրդակցություն։ Առաջինը խոսք խնդրեց Գոհար Գասպարյանը։ Նա ասաց՝ դարձյալ այդ վայ-երաժշտագետը, ով կարծես հատուկ նշանակված է անվանի մտավորականներին վարկաբեկելու նպատակով։ Բավական չեղա՞վ, որքա՜ն կարելի է հանդուրժել։ Մի՞թե նրան խրատ չեղավ մեր հրաշալի երգիչ, ժողովրդական արտիստ, Ռադիոյի ժողգործիքների անսամբլի հիմնադիր, մենակատար Արմենակ Տեր-Աբրահամյանի դեմ սկսած վայրագությունները, որի պատճառով երգիչը հեռացավ անսամբլից, տնօրինությանը թողնելով հետեւյալ բացատրությունը՝ նկատի ունենալով, որ հանձին Ցիցիլիա Բրուտյանի՝ ես չեմ կարող աշխատել հոգեկան հիվանդի հետ, խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից։ Եվ նույնիսկ պատասխանին չսպասելով, մեկնեց Մոսկվա, դարձավ ոստիկան եւ Կրեմլին հարող փողոցներից մեկում կարգուկանոն էր պահպանում։ Հատուկ առաջադրանքով Մոսկվա մեկնեց Արամ Մերանգուլյանն ու իր հետ Երեւան բերեց տաղանդավոր երգչին։

Հավատարիմ իր դավանանքին, հանգիստ չէր Ցիցիլիա Բրուտյանը եւ փնտրում էր իր հերթական զոհին։ Նա հաճույք էր ստանում՝ թիրախավորելով իր համար ոչ հաճելի արվեստագետներին։ Հերթական սլաքն այս անգամ ուղղել էր Թաթուլ Ալթունյանին։ Պատկերացնո՞ւմ եք, այդ կնոջ հանդուգն քայլը նույնիսկ հունից հանեց հանդարտության դասական խորհրդանիշ Գոհար Գասպարյանին»։

Քանի որ պարոն Առաքելյանը Գոհար Գասպարյանի կենսագիրն է, խնդրեցինք ամբողջությամբ ներկայացնել անվանի երգչուհու խոսքը վերոնշյալ խորհրդակցությանը։ «Գոհարը բարկացած շարունակեց խոսքը. ձեռքերդ հեռու այդ սուրբ մարդուց, տիկին Ց. Բ.։ Թաթուլ Ալթունյանը մեր օրերի Կոմիտասն է, ում առջեւ՝ իբրեւ սրբապատկերի, դուք ձեր մեղքերը պիտի քավեք։ Ինչ վերաբերում է նրա ղեկավարած երգի-պարի աշխարհաճանաչ անսամբլին, որքան էլ այն ձեզ հասանելի չէ իր գործունեությամբ եւ նշանակությամբ, բայց գիտցեք, որ այն հայ բազմադարյա մշակույթի հզոր տաճար է՝ ինչպես մեր Գառնին ու Զվարթնոցը։ Նրա անդավաճան երկրպագուներից եմ, մշտական ունկնդիրը եւ միայն այնտեղ կարող եմ լսել Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, ժողովրդական ու գուսանական եւ հենց իր՝ Թաթուլ Ալթունյանի գրած ու մշակած երգերն ու պարեղանակները։ Հաճույքով եմ լինում այդ հրաշալի անսամբլի համերգներին ու վայելում մեր ժողովրդական մարգարիտները։ Ուրեմն փառք ու պատիվ մեր մշակույթի, մեր խմբերգային արվեստի ռահվիրա Թաթուլ Ալթունյանին»,- երգչուհու խոսքը փոխանցեց պարոն Առաքելյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930