Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ Կստացվի, որ քրեական գործով անցնող սուբյեկտներն իրենց իրավունքները պաշտպանելու ավելի լայն շրջանակ ունեն, քան օպերատիվով հետապնդման ենթարկվող անձինք․ «Հրապարակ»

Ապրիլ 19,2025 12:05

Շուրջ 4 տարի անց Նիկոլ Փաշինյանի ՍԴ-ն ավարտեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունն ու նախօրեին հրապարակեց որոշման եզրափակիչ մասը: Ամբողջական տեքստը դեռ հասանելի չէ, բայց եզրափակիչ մասում արված մեկնաբանությունները մասնագետներին որոշակի եզրահանգումների հիմքեր արդեն իսկ տալիս են:

Դրանից բխում է, որ բռնագանձման ենթակա է բացառապես այն գույքը, որը ձեռք է բերվել օրենքով անցնող պաշտոնյայի՝  պաշտոնը ստանձնելուց հետո եւ կապված է ենթադրյալ հանցանքի հետ: Այսինքն, պետք է պատճառահետեւանքային կապ լինի՝ կատարված արարքի ու ավելացված ակտիվի միջեւ: «Օրենքի 5-րդ հոդվածը նախատեսում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, եթե պայմանական, երկու մասի բաժանենք ՍԴ որոշման եզրափակիչ մասում տրված մեկնաբանությունը, առաջինը  վերաբերում է քրեական վարույթի հիմքով սկսված ուսումնասիրությանը, երկրորդը՝ օպերատիվ հետախուզական տվյալների հիմքով սկսված ուսումնասիրությանը: Քրեականով սկսված ուսումնասիրության մասով ՍԴ-ն ենթադրյալ հանցագործության եւ ակտիվի ավելացման միջեւ կապ է նախատեսում, մի բան, որը մշտապես ասել ու պնդել ենք եւ մեր փաստարկները կառուցել ենք դրա շուրջ, որ քրեական վարույթի հիմքով սկսված ուսումնասիրության դեպքում պետք է պատճառահետեւանքային կապ լինի ենթադրյալ հանցագործության արդյունքում քո ակտիվի ավելացման եւ դրա հաշվին ապօրինի գույք ձեռք բերելու միջեւ: ՍԴ որոշման եզրափակիչ մասը դա ուղղակիորեն ամրագրել է, եւ կարծում եմ, որ այդ կանոնը որոշման մեջ նույնիսկ շատ ճկուն կերպով չեն կարողանալու շրջանցել»,- «Հրապարակ»-ին ասում է փաստաբան Հարություն Հարությունյանը, որը մասնակցում է ապօրինի գույքի բռնագանձման որոշ վարույթների:

Ինչ վերաբերում է օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ուսումնասիրություններին, ՍԴ-ն, դատելով եզրափակիչ մասի տեքստից, ասում է. «Կարող ես ուսումնասիրություն անել, փորձել գույքերը դարձնել որպես բռնագանձման ենթակա ապօրինի գույք անձի՝ պաշտոնը զբաղեցնելու պահից հետո, այսինքն, արդեն իսկ եզրափակիչ մասի ձեւակերպումը թույլ է տալիս հետեւություն անել, որ օպերատիվով հարուցման սուբյեկտ կարող է հանդիսանալ միայն այն անձը, որը պաշտոն է զբաղեցրել, մինչդեռ այսօրվա իրականության պայմաններում մենք ունենք շատ դեպքեր, երբ այդ օրենքով հետապնդման են ենթարկվում անձինք, որոնք երբեւէ որեւէ պաշտոն չեն զբաղեցրել եւ անգամ ՍՊԸ տնօրեն կամ աշխատակից չեն հանդիսացել»:

ՍԴ որոշման եզրափակիչ մասում չկա անդրադարձ ենթադրյալ ապօրինի գույքի ձեռքբերման ժամկետի խնդրին՝ լայն իմաստով, բայց փաստաբանը կարծում է՝ ամբողջական տեքստում պետք է նախատեսված լինեն որոշակի ժամկետով հետ գնալու սահմանափակումներ, հակառակ դեպքում կրկին ունենալու ենք իրավիճակ, երբ իրավապահները 30 տարի հետ են գնալու ու փորփրելու են երբեւէ նախկինում պաշտոն զբաղեցրած անձանց գույքը, մի բան, որն ինքնին խնդրահարույց է, թեկուզ հենց այն պատճառով, որ պատշաճ փաստաթղթավորում այդ տարիներին, ըստ էության, չի եղել: Եթե չլինի այդ սահմանափակումը, կստացվի, որ օրենքի թիրախ կարող են դառնալ 1990-92 թվականներից պաշտոն զբաղեցրած բոլոր անձինք, ինչը հակասում է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին:

«Հույս ունեմ, որ որոշման մեջ որեւէ նշում կարվի, օրինակ, ոչ ավել, քան այսքան տարի, հակառակ դեպքում մենք նույն խնդիրն ենք ունենալու»,- շեշտում է մեր զրուցակիցը: Հարությունյանի խոսքով, որպես իրավաբան, առնվազն եզրափակիչ մասը դիտարկելով կարող է ասել, որ ՍԴ-ն բավականին համարձակ որոշում է կայացրել: Իհարկե, վերջնական կարծիք կարելի է հայտնել ամբողջական տեքստի ուսումնասիրությունից հետո միայն, բայց այս պահին առկա տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ, առնվազն որոշակի խաղի կանոն սահմանվել է, եւ քրեական վարույթի հիմքով իրականացվող ուսումնասիրությունների դեպքում պատճառահետեւանքային կապը նախատեսելու անհրաժեշտության տեսանկյունից որոշումը, նրա խոսքով, վատը չէ, ինչը չի կարելի ասել օպերատիվ հետախուզական տվյալների հիմքով սկսված ուսումնասիրությունների մասով: Այս դեպքում դատախազությունն իրավունքի չարաշահումների լայն հնարավորություն ունի: Մյուս կողմից, կստացվի, որ քրեական գործով անցնող սուբյեկտներն իրենց իրավունքները պաշտպանելու ավելի լայն շրջանակ ունեն, քան օպերատիվով հետապնդման ենթարկվող անձինք:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930