Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը կրկնել է Հիտլերի, Գեբելսի գործողությունները»․ Էդուարդ Շարմազանով

Ապրիլ 19,2025 13:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«1941-45-ի պատերազմը հայ ժողովրդի համար եղել է հայրենական։ 600 հազար հայորդիներ մեկնել են ռազմաճակատ, 300 հազարն իր նահատակությունն է կնքել ռազմաճակատում։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում մեծ է եղել սփյուռքի հայության, Հայ առաքելական եկեղեցու դերը»,-ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող Հայ ժողովրդի ավանդը Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա անդրադարձավ նաև այն փաստին, թե ինչու է հայ ժողովուրդը նման ոգևորությամբ  պաշտպանել ֆաշիզմի դեմ պայքարը․ «Պատասխանը պարզ է՝ 1915-ին ցեղասպանությունից մազապուրծ հայությունը 1939-ից սկսած, երբ սկսվեց Երկրորդ Աշխարհամարտը, կանգնած էր նոր ցեղասպանության սպառնալիքի եզրին։ ԽՍՀՄ պարտության դեպքում Թուրքիան շարունակելու էր Հայոց ցեղասպանությունը նաև Արևելյան Հայաստանում։ Դա եղել է գիտակցված նահատակություն հայ ժողովրդի համար։ ԽՍՀՄ կարմիր բանակի ամեն հինգերորդ գեներալ եղել է ազգությամբ հայ, հայ ժողովուրդը տվել է 5 մարշալներ։ Առանց բացառության նրանցից բոլորն ունեցել են մեծ արցախյան ծագում։ Բաբաջանյանն ու Բաղրամյանը՝ Չարդախլու, Խամփերյանցը՝ Մեծ Թաղեր, Իսակովը Գանձակից է, Օգանովն էլ է ունեցել արցախյան ծագում, թեև Աստրախանում է  ծնվել»։

Էդուարդ Շարմազանովը փաստեց՝ իրենց հաջորդ կարևոր նպատակը քննադատելն ու դատապարտելն էր նեոնացիզմի և նոեֆաշիզմի ցանկացած դրսևորում։ Զուգահեռ անցկացնելով Արցախում կատարվածին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Ընդամենը երկու տարի էլ չի անցել, ինչ մենք ականատես ենք եղել Արցախում Ադրբեջանի նեոնացիստական ղեկավարության կողմից էթնիկ զտմանը, որտեղ մի ամբողջ ժողովուրդ հիտլերյան Գերմանիայի դժբախտ օրենքների համաձայն՝ բռնագաղթեց իր սեփական բնօրրանից։ Ալիևը կրկնել է Հիտլերի, Գեբելսի և այլոց գործողությունները։ Ֆաշիստները Խորհրդային Միության ժողովուրդներին ուղարկում էին կոնցլագեր, խաղաղ բնակչությանը բռնագաղթի ենթարկում, Ադրբեջանի ռեժիմն էլ արցախահայությանը բռնի տեղահանեց իր բնօրրանից։ Ինչպես գերմանական ֆաշիզմն ուներ իր կոլաբորացիոնիստները, այնպես էլ թուրքական նեոֆաշիզմը, դժբախտաբար, Երևանում ունի իր կոլաբորացիոնիստ աջակիցները՝ ի դեմս նիկոլական ռեժիմի, որը մատը մատին չտվեց, երբ Արցախը հայաթափվեց, այն Արցախը, որն անգնահատելի ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում»։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Մատաթիա քահանա Գասպարյանն ասաց․ «Այս հաղթանակի էջերում ոսկե տառերով գրված է հայ և Խորհրդային Միության ժողովուրդների եղբայրության պատմությունը։ Այդ եղբայրությունը ծնունդ առավ կրակների մեջ և ամրացավ հավատարմությամբ, փոխադարձ օգնությամբ և մարդկային իսկական արժեքներով»։

Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց՝ քննարկման ավարտին կազմկոմիտեն, գլխավոր զեկուցողների հետ խորհրդակցելով, նախաձեռնել է համաժողովի հայտարարություն, որը փոխանցելու են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներին, որ նրանք ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ-ում հիմք ընդունելով այսօրվա համաժողովի հայտարարությունը՝  խորհրդարանում հայտարարություն ընդունեն 80-ամյա հաղթանակի գործում հայ ժողովրդի ավանդի մասին։ Քննարկվում է նաև խորհրդարանում տարվա ընթացքում այս թեմայով լսումների կազմակերպման հարցը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930