Պռոշյան համայնքի բնակիչներն այսօր կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել: Նրանք դժգոհում էին տրանսպորտի հարցով մարզպետի չիրականացրած խոստումից:
Հիշեցնենք, որ Պռոշյանի բնակիչները պայքարում են 25 համարի ավտոբուսի երթուղու կրճատման եւ նոր՝ ավելի թանկ երթուղի մտցնելու դեմ։
Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը՝ 250 եւ 200 դրամ արժեքով, եւ այս պարագայում տրանսպորտը հասնելու է մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ: Բացի դրանից, վերջին տրանսպորտը քաղաքից շարժվելու է 19:30-ին։ Ցուցարարները նշում են, որ բացի թանկացումը, մեծ դժվարությամբ աշխատանքի հասնելուն զուգահեռ՝ եւս մեկ խնդիր է լինելու երեկոյան ժամերին տուն հասնելը:
«Սա հենց քաղաքական հարց է: Քաղաքական ղեկավարները չե՞ն այս հարցին լուծում տվել՝ժողովրդին կարեւոր շարժի իրավունքից զրկելով: Հա, եկեք չքաղաքականացնենք, ո՞ւմ ենք վատություն կամ լավություն անում, մեզ ենք վատություն անում: Այսօր ժողովրդի ձայնով են նստած այդ աթոռներին, իսկ ժողովուրդը կանգնած է մի քաոս իրավիճակի առաջ: Բոլորն իրենց տաքուկ պաշտոններն են վայելում, ոչ մեկին չի հետաքրքրում այս ժողովրդի ցավը »,- Aravot.am-ին ասաց Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը:
Կարդացեք նաև
Պռոշյանի մեկ այլ բնակիչ էլ մեզ հետ զրույցում տրանսպորտի հարցի այսպիսի լուծումը նոր հարկահավաքության ձեւ համարեց. «Ինչո՞ւ պետք է 25 համարի ավտոբուսը աշխատի մեկ տարուց ավելի, ու մեկ էլ հանկարծ մի օլիգարխ մտնի ու նալոգ հավաքի ժողովրդից: Սա նալոգ է, եթե Երեւանին կպած է Պռոշյանը, ընդամենը 4 կմ է հեռու, ինչո՞ւ պետք է 400-500 դրամ տամ Ծառուկյանին, որ հասնեմ գործի: Թե՛ գումարի, թե՛ ժամանակի առումով ես տուժում եմ: Նալոգ տա՞մ Մուլտիգրուպին, որ աշխատեմ, մեր աշխատավարձերը գիտե՞ն՝ ինչքան է, շատ ցածր է»:
Պռոշյանի բնակիչը նաեւ հիշեց, որ 2018-ին մեծ խանդավառությամբ է ընտրել Փաշինյանին՝ հույսով, որ ի վերջո կազատվեն օլիգարխներից, կոռուպցիայից, թալանից. «Բայց ի՞նչն է փոխվել, այսօր մի օլիգարխ մտնում է ժողովրդի գրպանը: Չեմ քաղաքականացնում, ընտրել եմ պարոն Փաշինյանին, բայց հիմա ո՞ւմ ընտրեմ: Ասում են՝ մի քաղաքականացրեք: Ինչո՞ւ պետք է Ծառուկյանը մտնի ժողովրդի գրպանը, դե ուրեմն մեզ պետք չէ նման ղեկավար, թող Գագիկ Ծառուկյանն էլ նստի ղեկավար, մենք էլ դառնանք ստրուկ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ