Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարյալ սխալ է ադրբեջանական կրակոցներն արդարացնելը քաղաքական նկատառումներով՝ նշելով, թե իբր դրանք թիրախային չեն. Թաթոյան

Ապրիլ 21,2025 11:50

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ենթակա կոնկրետ դիմումներ:

 

Ինչպես նախկինում, այս անգամ ևս հաստատվել է, որ Տեղ, Խնածախ, Խոզնավար, Արավուս, Ներքին Հանդ, Ճակատեն և այլ գյուղերի բնակիչները զրկված են արոտավայրերից, վարելահողերից, խոտհարքներից, բերքատու այգիներից, քանի որ դրանց մեծ մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։ Գրեթե վերացել կամ խիստ նվազել է անասնապահությունը և խոզաբուծությունը, իսկ նախկինում եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող այգիները դարձել են թե՛ անհասանելի, թե՛ մարդկանց կյանքի համար վտանգավոր (օրինակ` Տեղ, Արավուս, Ներքին Հանդ և այլն)։

Հայտնի է դարձել նաև, որ վերջին շրջանում` ամեն գիշեր, որպես կանոն, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 6:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ: Մի շարք վայրերում բնակիչները տեղեկացրեցին, որ կրակոցները լսում և զգում են անգամ իրենց գլխավերևով դրանց սուլոցների ձայներով: Այցից անմիջապես առաջ կրակոցներից մեկի ժամանակ Խնածախում վնասվել են բնակիչներից մեկի տան տանիքին տեղադրված ջրատաքացման համար նախատեսված արևային վահանակները:

Ահագնացող է Ներքին Հանդում ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրի և հարակից տարածքների ականապատման խնդիրը: Բանն այն է, որ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական զինված ուժերի տեղակայումներով: Փաստացի ադրբեջանական դիրքերի մեծ մասը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ տեղադրված և տեղադրվող ականները չափազանց մոտ են Ներքին Հանդի քաղաքացիական տներին. հեռավորությունը նույնիսկ քիչ է մի քանի հարյուր մետրից:

Այսինքն` կատարյալ սխալ է ադրբեջանական կրակոցներն արդարացնելը քաղաքական նկատառումներով` նշելով, թե իբր դրանք թիրախային չեն:

Ադրբեջանական զինված ուժերը ականապատել են իրենց դիրքերի հարակից տարածքները՝ վտանգելով բնակիչների կյանքը և անվտանգությունը, նրանց գյուղացիական տնտեսությունները:

Բնակիչների այգիները, որոնք շատ դեպքերում եկամտի միակ աղբյուրն էին, գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ դրանց մեծ մասը ականապատված է։ Տեղադրված են ինչպես TM-57 հակատանկային, այնպես էլ և O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ Օրինակ` ադրբեջանական մեկ դիրքի օրինակով պարզել էինք, որ ականները տեղադրված են նրանց դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակայինները՝ 10- 30 մ վրա:

Փաստահավաք թիմը տեղեկացավ, որ, օրինակ, այցից մի քանի օր առաջ ականի պայթյունից սատկել են բնակիչների գյուղատնտեսական կենդանիները:

Այս անգամ արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը ոչնչացրել են Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցում տեղակայված հուշարձանը` նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին: Հուշարձանից մնացել է միայն պատվանդանը, իսկ բուն հուշարձանը մոտ մեկ ամիս է` ոչնչացված է: Շարունակում են զավթված մնալ ջրի աղբյուրները, գյուղի գերեզմանողը և հայկական եկեղեցին: Ադրբեջանական զինված ծառայողները ապօրինաբար հատել են հազարավոր ծառեր` ոչնչացնելով հատուկ պահպանության տակ գտնվող «Շիկահող» պետական արգելոցի կենդանական և բուսական աշխարհը: Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ, այդ թվում` Ներքին Հանդի քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ ապօրինաբար կառուցվել են և շարունակում են կառուցվել ռազմական ճանապարհներ:

Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սյունիքի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին 2020թ. ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց և 2021թ. ներխուժումներից սկսած` խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, լրջագույն սպառնալիքի ներքո է բնակիչների անվտանգությունը: Խախտված են մարդկանց մի շարք կենսական, այդ թվում` սեփականության, ազատ տեղաշարժի, ընտանիքի ապրուստը վաստակելու իրավունքները։

Չի կարելի թույլ տալ, որ այս փաստերը անտեսվեն, առանց այս իրավունքների խախտումները վերացնելով է հնարավոր վերականգնել մարդկանց անվտանգ ու բնականոն կյանքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930