«Տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ այդ դեպքում իրականացվել է քրեական վարույթ։ Ավելին, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը հակակոռուպցիոն կոմիտեում անցնում է բարեվարքություն, և Հակակոռուպցիոն կոմիտեում չկա որևէ պաշտոնյա, որը բարեվարքության բացասական եզրակացություն է ունեցել։ Վստահ եմ՝ ձեր նշած պաշտոնյայի մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հաշվի առնելով նրա վերաբերյալ քննարկվող վարույթները, տվել է բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն»,-լրագրողների փաստմանը՝ տեղյա՞կ եք՝ Ձեր տեղակալ՝ Արտակ Պողոսյանը ժամանակին սկանդալների մեջ է եղել և հայտնի է լրագրող ապտակելու գործով, որը ՄԻԵԴ-ում է գտնվում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը։
Լրագրողները, զուգահեռ տանելով Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ կատարվածին՝ ձերբակալություններին և նույնաբովանդակ գործողություններ կատարած ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի միջև, հարցրին՝ չեք կարծո՞ւմ, որ այս երկու դեպքերով հակադրության մեջ են մտնում ձեր ղեկավարած կառույցի գործողությունները: Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Դուք չեք կարող փաստել, որ այդ երկու դեպքերը նույնանման են։ Բնականաբար, տարբեր դեպքեր են, իրավապահ մարմինների գնահատականները շատ դեպքերով կարող է նույնը չլինել։ Քանի որ Ձեր նշած դեպքն այս պահին նախաքննության փուլում է, և հաշվի առնելով տվյալների հրապարակային անթույլատրելիությունը՝ ձեռնպահ կմնամ այդ հարցին խորությամբ պատասխանելուց»։
Հակակոռուպցիոն կոմիտեում կադրային ջարդի, գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանի, հոկտեմբերի 27-ի գործով դատավորի գործերը քննած քննիչ էդգար Պողոսյանի հրաժարականների հետ կապված հարցերի առնչությամբ էլ ասաց․ «Էդգար Պողոսյանը գտնվում է արձակուրդում։ Ապագայում չեմ կարող ասել՝ կվերադառնա՞, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է աշխատակազմի քարտուղարին և նաև պարոն Բաբայանին՝ նրանք իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից»։
Լրագրողները փաստեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կոնկրետ քրեական գործերի վերաբերյալ արտահայտվել է՝ արդյունքներ պահանջել, ասել՝ ուշացնում են քրեական գործերը և հարցին՝ Դուք ի՞նչ կանեք, եթե վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող գործերի առնչությամբ փորձի միջամտել, Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Ես կարող եմ միայն նշել, որ Հակակոռուպցիոն կոմիտեում կան վարույթներ, որոնք քննվել են մի քանի տարի, և իմ նշանակմամբ առաջնահերթ խնդիր եմ համարել տարիներ քննվող վարույթներով վերջնական դատավարական ակտեր կայացնելը։ Ես միջամտելու որևէ դեպք չեմ նկատել իմ պաշտոնավարության ընթացքում»։
Կարդացեք նաև
Լրագրողները նաև հիշեցրին՝ Դուք մի կառույցի ղեկավար եք նշանակվել, որի նախկին ղեկավարին sms-ով են աշխատանքից ազատել, մտավախություն չունե՞ք, որ նույնը կարող է Ձեզ հետ պատահել, Արթուր Նահապետյանը ծիծաղով արձագանքեց․ «Որևէ մտավախություն չունեմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ