Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե Դուք գիտե՞ք՝ ովքեր էին, որ բանուկ թաղամասում ոստիկանության աչքի առաջ նվաստացրել, ծեծի են ենթարկել երիտասարդին»․ Թագուհի Թովմասյանը՝ Քննչական կոմիտեի նախագահին

Ապրիլ 22,2025 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Որևէ տեսակի հարուցված քրեական գործ՝ առավել ևս գերքաղաքական քրեական գործերը, չեն կարող որոշել, որ որևէ պատգամավորի տեղաշարժը սահմանափակվի»,- Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։

Պատգամավորը փաստեց՝ Դուք արգելում եք՝ օրինակ՝ պատգամավոր Տարոն Մարգարյանի տեղաշարժը։ Ինչո՞ւ է արգելվում, նա պատգամավոր է, իր մանդատը պետք է իրացնի։

Արթուր Պողոսյան

Արթուր Պողոսյանը պատասխանեց․ «Ես չէի ուզենա, որ որոշակի գործերով անհատական քննարկում ունենանք։ Քանի որ անհատական գործերի մասին է խոսքը, նշեմ՝ Դուք եթե խափանման միջոցի տեսակներին ծանոթ եք, դրանք ընտրվում են համապատասխան խստության։ Մենք ԱԺ պատգամավորի նկատմամբ ընտրել ենք ամենանվազ խափանման միջոցը։ Ինչո՞ւ եք մեզ չակերտավոր մեղադրում, որ մենք ընտրել ենք ամենանվազ խափանման միջո՞ցը։ Այս իմաստով ես այլ բացատրություն չեմ կարող տալ»։

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ միջամտեց․ «Ամեն ինչ կախված է մեղսագրվող արարքից, անձի կարգավիճակից և իրավական մարմնի դիրքորոշումից։ Պետք չէ որակումներ տալ»։

Թագուհի Թովմասյանը նաև հետաքրքրվեց՝ քանի՞ քննիչ է դուրս եկել աշխատանքից այս ընթացքում և քննիչների աշխատանքի նկատմամբ գրավչությունը բարձրացնելու համար ի՞նչ եք անում, Արթուր Պողոսյանը պատասխանեց․ «2024-ին ընթացքում ծառայության է նշանակվել 118 թեկնածու և զբաղեցրած պաշտոնից ազատվել է 84 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որից 4-ը պաշտոնից ազատվել են կարգապահական տույժի պատճառով, 4-ն էլ տարիքը լրանալու պատճառով։ Մենք, այնուամենայնիվ, ունենք ավելի շատ ընդունված, ծառայության նշանակված քննիչներ, քան դուրս են եկել։ Չեմ հերքում, որ քննիչները աշխատում են ծանրաբեռնված։ Որոշ քննիչներ չեն դիմանում աշխատանքի ծանրաբեռնվածությանը, դիմում են գրում և հեռանում։ Մնում են նվիրյալները»։

Թագուհի Թովմայսնաը նաև հարցրեց Սամվել Վարդանյանի գործի մասին, Արթուր Պողոսյանը պատասխանեց․ «Քննիչն ինքն է ուղղություն տալիս քննությանը։ Նույնիսկ ես այս փուլում իրավունք չունեմ քննիչի դատավարական իրավունքները խախտելու։ Ընդամենը նախաքննություն է կատարվում, և գործի հետ կապված այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»։ Թագուհի Թովմասյանը միջամտեց՝ գոնե Դուք գիտե՞ք՝ ովքեր էին, որ բանուկ թաղամասում ոստիկանության աչքի առաջ նվաստացրել, ծեծի են ենթարկել երիտասարդին։ Հարցն այդպես էլ պատասխան չստացավ։

Թագուհի Թովմասյանը փաստեց՝ 2023-ին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցվել է 33 դեպք. հինգը հիվանդությունից են մահացել, 2024-ին՝ 7 անձ է մահացել հիվանդությունից։ Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ հիվանդության հիմքով երիտասարդ տղաներ, որ գնում են բանակ, հետո մահանում, ի՞նչ է պատահում այդ երիտասարդ տղաներին, Արթուր Պողոսյանը պատասխանեց․ «Չեմ կարող հաստատված համարել այն փաստը, թե ինչու է հիվանդ մարդը զորակոչվում բանակ։ Արձանագրում ենք հիվանդության հետ կապված, եթե պարզվում է, որ հիվանդության հետ կապված ախտորոշումը հնարավոր էր հայտնաբերել ավելի վաղ փուլում, մեր դատավարական գործողությունները պլանավորում ենք, և որոշակի անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում»։

Հարցին՝ իշխանական գործիչներից, պաշտոնյաներից, պատգամավորներից ովքե՞ր կան ներգրավված կոռուպցիոն վարույթներում, գործերում, քանի որ եթե կա կոռուպցիա, ուրեմն իշխանությունը որևէ կերպ ներգրավվածություն ունի, Քննչական կոմիտեի նախագահը պատասխանեց․ «Մենք չենք տարանջատում՝ իշխանական, թե ոչ իշխանական։ Նման տարանջատումն անթույլատրելի է և նման վիճակագրություն երբևէ չենք վարում։ Միայն կարող եմ նշել, որ առկա են եղել վարույթներ, որոնք վերաբերել են նաև գործող պաշտոնյաներին։ Մեծամասամբ վերաբերել են նախկինում պաշտոնավարած անձանց»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930